Դիտորդները նկատել են, որ Գյումրու 31/47 տեղամասում ՔՊ վստահված անձը նախապես տպված թղթի վրա ընտրողների մասնակցության հետ կապված ինչ-որ նշումներ է անում
17:59 - 30 մարտի, 2025

Դիտորդները նկատել են, որ Գյումրու 31/47 տեղամասում ՔՊ վստահված անձը նախապես տպված թղթի վրա ընտրողների մասնակցության հետ կապված ինչ-որ նշումներ է անում

Գյումրու 31/47 ընտրատեղամաս մեր մուտք գործելու պահին այնտեղից դուրս էին գալիս ոստիկանները։ Բանն այն է, որ այստեղ վիճաբանություն է ծագել հանձնաժողովի անդամի եւ ՔՊ կուսակցության վստահված անձի միջեւ։ Պատճառն այն է, որ վստահված անձը՝ Քրիստինե Գալոյանը, հայտարարել է, թե հանձնաժողովի անդամը, որը ընտրողին տրամադրում է քվեարկության համար անհրաժեշտ թերթիկները, ուղղորդել է քաղաքացուն։ Մինչդեռ վերջինս դրանք հանիրավի մեղադրանքներ է համարել, ինչը հաստատում են տեղում եղած դիտորդները՝ «Հայաքվե» առաքելությունից Վահագն Գրիգորյանը եւ «Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն ՀԿ-ից Աղավնի Խաչատրյանը։ Նրանք «Ինֆոքոմի» հետ զրույցում նշում են, որ հանձնաժողովի անդամը քաղաքացուն պարզապես բացատրել է ընտրության կարգը եւ ոչ ավելին, ասել է՝ ընտրում եք ձեր ուզած թերթիկը, դնում ծրարի մեջ եւ այլն։

Հանձնաժողովի նախագահ Ինեսա Մուրադյանը մեր զրուցում եւս նշեց, որ հանձնաժողովի անդամները միայն քվեարկության կարգն են բացատրում։ Նա ասաց՝ վիճաբանության մասնակիցներն ի վերջո իրար հասկացել են, դրա համար ոստիկանները հավելյալ չեն խառնվել։

Հանձնաժողովի նախագահ Ինեսա Մուրադյանը

Տեղամասի գրանցամատյանում մեր գալու դրությամբ մեկ արձանագրություն կար, համաձայն որի՝ դիտորդները նկատել են, որ ՔՊ վստահված անձը նախապես տպված թղթի վրա ընտրողների մասնակցության հետ կապված ինչ-որ նշումներ է անում։ Մենք նրա ձեռքին եւս նկատեցինք նման թուղթ, որի վրա նշված էին հերթական թվեր, որոնց վրա վստահված անձը պարբերաբար խաչեր էր անում՝ ջնջելով թվերը։ 

Մինչ մենք փորձում էինք միջադեպի մասին կարծքիները լսել, ոստիկանները դարձյալ մոտեցան քվեարկության սենյակին եւ բացատրություն խնդրեցին հանձնաժողովի նախագահից եւ վստահված անձից ու արձանագրություն կազմեցին։ Ոստիկանները չմեկնաբանեցին՝ ով եւ ինչ հաղորդում է տվել ի սկզբանե։

Մենք մի քանի փորձից ի վերջո կարողացանք մեկնաբանություն ստանալ նաեւ վստահված անձին։ Նա, թեեւ դժկամությամբ, այնուամենայնիվ, երկու նախադասություն ասաց. «Թղթի վրա նշում եմ ընտրողների թիվը, հետագայում կարող է ճշտումների կարիք լինի։ ... Ես չեմ ասել, որ հանձնաժողովի անդամը քաղաքացուն ուղղորդում է։ Շնորհակալություն»։

Մենք խնդրեցինք նկարել այդ նշումների թերթիկը, սակայն վստահված անձը մերժեց։ Նշենք, որ հանձնաժողովի անդամները, ըստ էության․ առարկություն չեն հայտնել այդ նշումները շարունակելուն, եւ Գալոյանը շարունակում է անձանց՝ քվեարկության սենյակ մտնելուն զուգահեռ նշումներ անել։

Նշենք, որ այս տեղամասում գրանցված է 1719 ընտրող, նրանցից 650-ը ժամը 17:00-ի դրությամբ մասնակցել է քվեարկությանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել