«Հաստատում ենք, որ ընտրակաշառք բաժանվել է»․ «Անկախ դիտորդ» առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյան
22:10 - 30 մարտի, 2025

«Հաստատում ենք, որ ընտրակաշառք բաժանվել է»․ «Անկախ դիտորդ» առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյան

«Մենք հաստատում ենք, որ ընտրակաշառք բաժանվել է»,- լրագրողներին հայտնել է «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը ասուլիսի ժամանակ։

Ընտրակաշառքի կասկածանքով ձերբակալումների շուրջ Դանիել Իոաննիսյանը ստույգ տեղեկություն չուներ, թե արդյոք հենց այդ անձինք են ընտրակաշառք բաժանել, բայց իրենց տեղեկության համաձայն՝ նման դեպքեր Գյումրիում տեղի են ունեցել։  

Ընդհանուր առմամբ դիտորդական առաքելությունը առանձնացրել է Փարաքարի 7 և Գյումրիում 11 ընտրատեղամաս, որտեղ ամենաշատն են խախտումներ արձանագրվել։ Դիտորդական աշխատանքի իրականացմանը խոչընդոտելու 2 դեպք է արձանագրվել` մեկը Գյումրիում, մյուսը՝ Փարաքարում։

Դիտորդական առաքելությունը 9 ընտրատեղամասում անբավարար է գնահատել հանձնաժողովի աշխատանքը՝ իր իրավունքները և պարտականություններին չտիրապետելու, ընտրական օրենսգիրքին չտիրապետելու հիմքով։

Արձանագրվել են ընթացակարգային խախտման դեպքեր 12 տեղամասում, 

կուտակումներ 8 տեղամասում, բաց քվեարկության դեպք 6 տեղամասում, 5  տեղամասում գրանցվել է վիճաբանության 6 դեպք՝ երկու դեպք մեկ տեղամասում։

Ինչ վերաբերում է բաց քվեարկության դեպքերին՝ Իոաննիսյանը ներկայացրեց, որ դա մեծամասամբ ծրարների անորակ լինելու հետևանք է․ վատ են արտադրված և լրիվ չեն բացվում և ընտրողը պետք է ջանք գործադրի, որ քվեաթերթիկը կարողանա ամբողջությամբ տեղավորել և ծրարել։ Ընտրողները, ովքեր դժվարացել են այդ գործընթացում, փորձել են քվեախցիկից դուրս գալ հասկանալու ինչպես վարվել, և դա համարվել է բաց քվեարկություն։

Դանիել Իոաննիսյան նորից անդրադարձավ քվեաթերթիկի հափշտակման մասին միջադեպին, որպես աննախադեպ խախտում, երբ ընտրողը չէր ցանկացել քվեարկել, փոխարենը դատարկ ծրար նետել։ Ընտրատեղամասում մի քանի անգամ զգուշացրել են կտրոնը թողնել և դուրս գալ, սակայն ընտրողը դուրս է եկել քվեաթերթիկով։ Այս միջադեպը «Ինֆոքոմը» ևս արձանագրել էր, որի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Անդրդառնալով «Մեր քաղաքը» դաշինքի հայտարարությանը, թե Հակակոռուպցիոն կոմիտեն խոչընդոտել է քաղաքական ուժի գործողություններին, Իոաննիսյան նշել է՝ «Ընտրությունների օրը քաղաքական ուժի միակ գործառույթը ընտրատեղամասում իր քվեներին տեր կանգնելն է, ընտրական օրենսգրքի տրամաբանությունը չի ենթադրում, որ ընտրության օրը քաղաքական ուժը ընտրությունների հետ կապված որևէ այլ կազմակերպչական աշխատանք կարող է անել…։ Ոչ մի քաղաքական ուժ չի կարող հուշել, հիշեցնել ընտրողին իր ընտրության մասնակցության մասին կամ ուղեկցել ընտրատեղամաս»։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել