«Մեր քաղաքը» դաշինքի անունից ոչ մի քաղաքական ուժ և ղեկավար չի կարող հանդես գալ՝ առանց ինձ հետ համաձայնեցնելու. Մարտուն Գրիգորյան
16:47 - 08 ապրիլի, 2025

«Մեր քաղաքը» դաշինքի անունից ոչ մի քաղաքական ուժ և ղեկավար չի կարող հանդես գալ՝ առանց ինձ հետ համաձայնեցնելու. Մարտուն Գրիգորյան

«Մեր քաղաքը» դաշինքի անդամ, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը օրեր առաջ Հանրային հ/ը-ի «Մեծ բանավեճ»-ի ընթացքում առաջարկել է, որ Գյումրիի ավագանու՝ մարտի 16-ին կայանալիք նիստում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «ընդունելով իր պարտությունը, քաղաքապետի թեկնածու չառաջադրի»․ «Այս դեպքում Մարտուն Գրիգորյանը ևս կներկայանա որպես քաղաքապետի թեկնածու, և ամբողջ ավագանին կընտրի քաղաքապետ»։ 

Ի պատասխան վարողի հարցի, թե ակնակալում է, որ ՔՊ-ն կընտրի՞ Մարտուն Գրիգորյանին, եթե ՔՊ-ն չառաջադրի թեկնածու, իսկ առաջադրված թեկնածուները լինեն Վարդան Ղուկասյանն և Մարտուն Գրիգորյանը, Թարվերդյանը պատասխանել էր՝ «Միգուցե»։

Երվանդ Թարվերդյանի հայտարարությանը արձագանքել է Մարտուն Գրիգորյանը, ինչպես նաև «Հայրենիք» կուսակցությունը։ Մարտուն Գրիգորյանը շեշտել է՝ բացի իրենից, «Մեր քաղաքը» դաշինքի անունից ոչ մի քաղաքական ուժ և ղեկավար չի կարող հանդես գալ՝ առանց իր հետ համաձայնեցնելու։  «Մնացած ելույթները, հայտարարությունները, կարծիքներն ու հարցազրույցները կապ չունեն ինձ ու ‹‹Մեր քաղաքը›› դաշինքի հետ։ Ուստի, ձեր բոլոր վերլուծություններն արեք առանց «Մեր քաղաքը» դաշինքի ու իմ անունը հղում տալով։

Հիմնավոր ու ստույգ տեղեկատվություն ‹‹Մեր քաղաքը» դաշինքի հայտարարությունների մասին կարող եք կարդալ բացառապես իմ պաշտոնական էջում։ Այս ընթացքում կուտակված բոլոր հարցերի պատասխանները կտրվեն իմ կողմից, այդ թվում՝ բոլորին։ Առայժմ՝ այսքանը»,- գրել է նա:

«Հայրենիք» կուսակցությունը իր հերթին նշել է՝ կուսակցության տեսակետը արտահայտված է և համահունչ է Մարտուն Գրիգորյանի հրապարակային հայտարարությանը՝ Վարդան Ղուկասյանին համայնքի ղեկավար ընտրվելու նպատակով քվեներ ապահովելու, ՔՊ վերարտադրությունը Գյումրիում թույլ չտալու մասին։ Կուսակցությունը հայտարարում է՝ ՔՊ-ի հետ որևէ ձևաչափով համագործակցությունը բացառվում է։

««Մեր քաղաքը» դաշինքը ձևավորվել է «Հայրենիք» և «Միացյալ Հայաստան» կուսակցությունների միջև՝ Գյումրի համայնքի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով։ Դաշինքի ավագանու թեկնածուների ցուցակը գլխավորել է Մարտուն Գրիգորյանը։ Քարոզարշավի ողջ ընթացքում դաշինքի մաս կազմող կուսակցությունները լիովին աջակցել են Մարտուն Գրիգորյանի գլխավորությամբ կազմված ավագանու ցուցակին՝ ներդնելով հնարավոր բոլոր ջանքերը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայրենիք» կուսակցությունը:

Ինչ վերաբերում է դաշինքի մաս կազմող մյուս կուսակցության ղեկավարի հայտարարությանը, ապա այն հնչել է որպես մասնավոր կարծիք և չի արտահայտում դաշինքի պաշտոնական տեսակետը։

Մենք այն համոզմանն ենք, որ օրվա իշխանություններին օր առաջ Գյումրիում և ողջ Հանրապետությունում իշխանազրկելը բխում է հայ ժողովրդի անվտանգության, համախմբվածություն և համերաշխության ապահովման գերակա շահերից»,- նշված է հայտարարության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել