2020 թ․-ին ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով տեղակալ, փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի գործով երեկ դատարանում հարցաքննվեց աշխարհազորային Գարուն Ասրյանը։ Վերջինիս ցուցմունը, սակայն, հակասում էր թե՛ այլ վկաների, թե՛ նախկինում իր իսկ տված ցուցմունքին։
Վերանյանի գործը, հիշեցնենք, վերաբերում է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին Իշխանաձոր գյուղի խաչմերուկում Ինժեներասակրավորական վաշտի զոհվելու հանգամանքներին։ Ըստ մեղադրանքի՝ նա պատսպարված զորքին երթը շարունակելու հրաման է տվել, ինչից րոպեներ անց ԱԹՍ-ն հարվածել է վաշտի Ուրալին։ 18 զինծառայող զոհվել է, 3 անձ՝ վիրավորվել։
Վկա Ասրյանը պատմեց, որ պատերազմի ժամանակ հրահանգավորում, որպես այդպիսին, չի եղել, բայց իրենք գիտեին, որ ԱԹՍ տեսնելիս պետք է շատ շարժ չանել, նաեւ կրակել։
Վկան պատմեց, որ իրենք Իշխանաձոր են եկել Ջրականից, երբ իրենց փոխարինելու է եկել այլ զորք։ Այդ ընթացքում նա ԱԹՍ-ի ձայն չի լսել, խաչմերուկ հասնելու եւ Ուրալը տեսնելու ժամանակ է, որ ԱԹՍ-ն սկսել է եւ լսվել, եւ երեւալ։ Ասրյանը նշեց՝ նույնիսկ 3 անգամ փորձել է կրակել, սակայն չի հաջողել։ Մեղադրող դատախազ Հայկ Մարգարյանի հարցին, թե ինչ հեռավորության վրա էր ԱԹՍ-ն, վկան պատասխանեց՝ մոտ 5-6 կմ։ Այս պատասխանը տարակուսանք առաջացրեց դատավարության մասնակիցների մոտ։ Նրանք ընդգծեցին՝ վկայի նշած СВД տեսակի զենքի խոցման առավելագույն հեռավորությունը 2․7 կմ է։
Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը
- 6 կմ ԱԹՍ-ն Դուք օդում տեսնո՞ւմ էիք։
- Հա, աչքաչափով, կարող է 5 էլ լինի։
- Կարող է 1 էլ լինի՞։
- Չէ դե, մոտավորապես եմ ասում։
- Բա ես շենքի վերջը ես չեմ տեսնում, Դուք 5 կմ ո՞նց էիք տեսնում։
- Ինքը սպիտակ գույն էր, դրա համար տեսա։
- Բա ամպերը ի՞նչ գույն էր։
- Ամպեր չկային, օպտիկայով մոտեցրել եմ։
Գարուն Ասրյանի խոսքով, երբ տեսել են սարը բարձրացող Ուրալին, հավաքված մարդկանցից հետաքրքրվել են՝ ի՞նչ Ուրալ է, ո՞ւր է գնում։ Ի պատասխան՝ ասվել է՝ բարձրանում են դիրքեր։
- Բա ինչի՞ հարցրիք։
- Դե, ԱԹՍ-ն պտտվում էր, անցներ, նոր․․․
- Այսինքն՝ տրամաբանությունը հուշում է, որ չպիտի՞ շարժվեին։
- Դե, հա, կամ էլ չէին նկատել։
- Իսկ եթե նկատել են ու գնացե՞լ։
- Դե, արդյունքը տեսանք։
Նախորդ նիստում հարցաքննված վկա Շալիկո Եղիազարյանը պատմել էր, որ խաչմերուկից աջ ընկած հատվածում՝ ծառերի տակ, զինամթերքի արկղեր է տեսել, ենթադրել, որ դրանք գուցե դատարկ են, քանի որ պատերազմի ժամանակ Ջրականում մի քանի անգամ այդպես խաբել են թշնամուն․ դատարկ արկղեր դրել, եւ ԱԹՍ-ները եկել, դրանք են խոցել։ Դրանից հետո, ըստ նրա, հակառակորդը խոցելիս ավելի շատ զգուշավորություն է ցուցաբերել։ Բայց այս դեպքում անձամբ է մոտեցել, բացել, համոզվել, որ արկղերը լիքն են։ Հենց այս դրվագի վերաբերյալ էր գլխավոր հակասությունը, ինչով պայմանավորված էլ դատարանը բավարարեց կողմերի միջնորդությունն ու հրապարակեց Ասրյանի նախաքննական ցուցմունքը։
Նախաքննության ժամանակ Գարուն Ասրյանն ասել էր, որ խաչմերուկում մեծ քանակությամբ հրթիռների արկղեր կային, որոնք այնքան շատ էին, որ հաշվել չէին կարող։ Ասել էր՝ եթե պայթեին, ոչ միայն Իշխանաձորը, այլեւ կողքի գյուղերը կքանդվեին։ Նաեւ շեշտել էր՝ Շալիկո Եղիազարյանը գոռգոռացել է, թե ինչու են այդ արկղերը բերել այդտեղ։ Երեկ, սակայն, դատարանում հարցաքննվելիս Ասրյանը պնդեց՝ անձամբ է բացել եւ տեսել, որ արկղերը դատարկ են։
Ձախից՝ Անդրանիկ Վերանյանը, Նարեկ Գրիգորյանը
- Ո՞նց հասկանանք այս հակասությունը,- հարցրեց մեղադրյալի պաշտպան Նարեկ Գրիգորյանը։
- Ես տեսել եմ, որ դատարկ էին։
- Բա նախաքննության ժամանակ ինչո՞ւ եք հակառակն ասել։
- Չեմ հիշում։
- Քննիչը Ձեր ասա՞ծն է գրի առել,- հետաքրքրվեց հանրային մեղադրողը։
- Երեւի էլի։
- Բա եթե երեւի, դատարկ արկղի պայթելուց գյուղերը ո՞նց պիտի քանդվեին։
- Չգիտեմ, ոչ մի բան էլ չեմ հիշում։
- Ի՞նչ է նշանակում ոչ մի բան էլ չեմ հիշում։
- Մենակ էդ դեպքն եմ հիշում։
- Խնդիր կա՞, որ չեք ուզում ասել։
- Չէ։
- Քննիչը ձեզ վախեցրել է, սպառնացել է
- Չէ-չէ,- պատասխանեց վկան՝ այդպես էլ չկարողանալով պարզաբանել հակասությունը։
Մյուս հակասությունը վերաբերում էր Գարուն Ասրյանի եւ Շալիկո Եղիազարյանի՝ Իշխանաձորի խաչմերուկ հասնելու ժամանակին։ Եղիազարյանը նշել էր, որ երբ հասել են խաչմերուկ, Ուրալը դեռ այնտեղ էր, ԱԹՍ-ն էլ՝ օդում, նույնիսկ մի սպա զեկուցել է դրա առկայության մասին։ Մինչդեռ ըստ Ասրյանի՝ երբ հասել են, Ուրալը արդեն բարձրանալիս է եղել՝ սարի դիքի վրա։
- Ո՞նց է ստացվում, որ Շալիկոն ասում է՝ երբ հասանք, Ուրալը այնտեղ էր, Դուք ասում եք՝ որ հասանք, արդեն գնում էր։ Հնարավո՞ր է՝ միասին չեք եղել։
- Չէ, միասին ենք եղել։
- Բա ո՞ւմ հավատաք, մեկնումեկդ ճիշտ չի ասում, կամ երկուսդ էլ ճիշտ չեք ասում։
- Ես ինչ հիշում եմ, էդ եմ ասում։
Գարուն Ասրյանի խոսքով՝ երբ դեպքից հետո շտապել են պայթյունի վայր, տեսել են, որ մեքենաները այրվում են, զինծառայողներն էլ մեջն են․ «Այդտեղ էր գտնվում մի մարդ, որ շատ ուժեղ ողում էր։ Նրան գրկեցի, որ մի կողմ տանեմ, հանգստացնեմ, սակայն նա չէր ենթարկվում, զոռով էինք պահում․ էրեխեն մեջն էր, ուզում էր՝ մոտիկանալ․․․ Հիշելիս նույնիսկ մտքերս խառնվում են․․․ Ուրալի մեջ փամփուշտներ էլ կային, որոնք տրաքում էին․․․ Պաժառնին եկավ, հանգցրեց, բայց արդեն ուշ էր»։
Ասրյանի կարծիքով՝ հակառակորդի ԱԹՍ-ն խոցել է զինծառայողների Ուրալը, քանի որ այդպես էլ չի կարողացել գտնել հայկական ՀՕՊ-ը․ «4-5 րոպե ԱԹՍ-ն ման էր գալիս մեր ՀՕՊ-ը, քանի որ այն հարվածել ու խոցել էր նրանց, հետո մերոնք թաքցել էին, դրա համար էլ ման էր գալիս, ու որ չգտավ, խոցեց ուրալին»,- նշեց վկան։
Վկաների հարցաքննությունը կշարունակվի հաջորդ դատական նիստին։
Գլխավոր լուսանկարում՝ Գարուն Ասրյանը
Միլենա Խաչիկյան
comment.count (0)