Հայտնաբերվել է ՀՀ ներկրված շուրջ 85 կգ «հաշիշ» տեսակի թմրամիջոց
11:31 - 15 ապրիլի, 2025

Հայտնաբերվել է ՀՀ ներկրված շուրջ 85 կգ «հաշիշ» տեսակի թմրամիջոց

Հայտնաբերվել է ՀՀ ներկրված շուրջ 85 կգ «հաշիշ» տեսակի թմրամիջոց։ Այս մասին հայտնում է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն։

«Քաղաքացիներին թմրանյութերի օգտագործումից ու դրանց վնասակար ազդեցությունից զերծ պահելու նպատակով  Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է սկզբունքային պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի՝ Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:

Օրերս «Ագարակ» մաքսային անցման կետում, Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցը ռենտգեն սարքավորման միջոցով մաքսային զննման է ենթարկել ԻԻՀ-ից ժամանած քաղաքացի Վ․Հ․-ի կողմից շահագործվող բեռնատար ավտոմեքենան և կցորդը: Արդյունքում կցորդի հատվածում նկատվել են կասկածելի զանգվածներ։

Այս տեղեկությունը փոխանցվել է Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն և համատեղ  շարունակվել է բեռնատար մեքենայի և կցորդի մաքսային զննությունը՝ օգտագործելով հատուկ տեխնիկական միջոցներ և ծառայողական շներ:

Կցորդի հատակի հատվածում հայտնաբերվել է գաղտնարան, ուր տեղադրված է եղել ավելի քան 85 կգ  կշռող 112 փաթեթ` լցված «հաշիշ» տեսակի թմրամիջոցի զանգվածով։ Դրանք փաթեթված են եղել  թափանցիկ պոլիէթիլենային թաղանթով և փայլաթիթեղով: 

Թմրամիջոցի մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել է ԻԻՀ քաղաքացի Վ․Հ․-ն, ով ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունքի մարզային քննչական վարչություն։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական վարույթի շրջանակում ԻԻՀ քաղաքացի Վ․Հ․-ն ձերբակալվել է: Քրեական վարույթի նախաքննությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։

Ներկայում  ՊԵԿ,  ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության և Քննչական կոմիտեի  աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկվում են լայնածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` թմրամիջոցները ՀՀ տարածքում ստացող, դրա հետագա իրացումը կազմակերպող անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով», - նշված է հայտարարությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել