armenpress.am: Ամենաթողություն կամ վենդետա հիշեցնող որևէ գործողություն անդառնալի վնաս կհասցնի երկրի միջազգային հեղինակությանը, տնտեսությանը և ներդրումային միջավայրին։ Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ի՞նչու ենք այսքան զգույշ, ի՞նչ եղավ հեղափոխական իշխանությանը, արդյոք մենք կորցրել ենք մեր «դուխը», թալանչիների իրավունքների համա՞ր ենք հոգ տանում, թե՞ վախենում ենք նրանցից։ Ոչ, ամենևին, մենք հոգ ենք տանում մեր պետության ու մեր ժողովրդի մասին»,-հայտարարեց վարչապետը։
Փաշինյանն ընդգծեց, որ այսպիսի քայլերը հնարավոր չէ չեզոքացնել նույնիսկ միլիարդավոր դոլարների ներդրումներով, եթե դրանք խարխլեն պետության իրավական ու ինստիտուցիոնալ հիմքերը։
«Ամենաթողություն, վենդետա հիշեցնող որևէ գործողություն այնպիսի վնաս կհասցնի մեր պետության միջազգային կերպարին ու հեղինակությանը, տնտեսությանն ու ներդրումային միջավայրին, որ նույնիսկ տասնյակ, միլիարդավոր դոլարներով հնարավոր չի լինի այդ վնասը վերականգնել։ Այնքան կմեծացնի նման գործողությունը և տրամաբանությունն արտաքին անվտանգության մեր առանց այն էլ խոցելիությունը, որ նման ճանապարհով գնալը կնշանակեր գործել ընդդեմ պետական շահի։
Մենք չենք գնում այդ ճանապարհով և իրականացնում ենք հեղափոխության ժամանակ մեր տված վենդետա չիրականացնելու, օրենքի և իրավունքի գերակայություն հաստատելու, Հայաստանը օրենքի և օրինականության երկիր դարձնելու և թալանվածը վերադարձնելու մեր խոստումները»,-եզրափակեց վարչապետը։
comment.count (0)