Գիտական կազմակերպությունների ու բուհերի միավորման դրույթը կմնա անփոփոխ․ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը վերջնական լրամշակման փուլում է
14:46 - 16 ապրիլի, 2025

Գիտական կազմակերպությունների ու բուհերի միավորման դրույթը կմնա անփոփոխ․ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը վերջնական լրամշակման փուլում է

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում վերջին լրամշակումներն են կատարվում, և այն շուտով կուղարկվի կառավարություն։ Օրենքի ընդունմամբ բարձրագույն կրթության և գիտության ոլորտում մի շարք առանցքային փոփոխություններ են սպասվում, այդ թվում՝ բուհերի խոշորացումը, գիտական կազմակերպությունների ու բուհերի միավորումը։

Օրերս Ազգային ժողովում (ԱԺ) օրենքի վերաբերյալ աշխատանքային քննարկում էր, որին մասնակցում էին գործադիրի և օրենսդիրի, ակադեմիական համայնքի ներկայացուցիչներն ու շահագրգիռ այլ կողմեր։ Օրենքի նախագիծը, հիշեցնենք, տևական լրամշակման փուլից հետո շրջանառության մեջ դրվեց անցած տարվա սեպտեմբերին։ Այս ընթացքում տարբեր կողմերից նախագծի վերաբերյալ առաջարկներ են հնչել։ ԱԺ-ում քննարկման ընթացքում պարզ դարձավ, որ առաջարկների հիման վրա նախագծում որոշ փոփոխություններ են կատարվել,  սակայն անփոփոխ է մնացել բուհերի խոշորացման և գիտական կազմակերպությունների ու բուհերի միավորման դրույթը, որն, ըստ գործադիրի ներկայացուցիչների, սկզբունքային է։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Ժաննա Անդրեասյանի կարծիքով Հայաստանում գոյություն ունեցող համակարգի փորձառությունից է հենց բխում միավորման առաջարկը։ 

«Մեզ անընդհատ թվացել է, որ գլոբալ որակական արդյունքի կարող ենք հասնել կոսմետիկ փոփոխություններով կամ կիսատ լուծումներով։ Դրանք կարող են կարճ ժամանակով բարելավել իրավիճակը, որոշ ցուցանիշներ գուցե կարող են 1-2 կետով ավելի լավը դառնալ, բայց դա որակական, համակարգային փոփոխության ճանապարհ չԷ»,- հայտարարեց ԿԳՄՍ նախարարն ԱԺ-ում: 


Ժաննա Անդրեասյանը

Ժաննա Անդրեասյանը չհիմնավորված համարեց այն պնդումը, թե սպասվող փոփոխություններով գիտությունը դիտարկվելու է որպես բարձրագույն կրթությանը սպասարկող ոլորտ (օրենքի նախագծի  կարգավորումներով նախատեսվում է, որ գիտական կազմակերպությունները գործելու են որպես համալսարանների մաս կազմող և ինքնուրույնության որոշակի մակարդակ ունեցող միավորներ)։

ԿԳՄՍ նախարարը հիշեցրեց գիտության ոլորտի ֆինանսավորման ավելացումն ու կառավարության իրականացրած ծրագրերը՝ շեշտելով, որ դա ցույց է տալիս իրենց վերաբումունքը ոլորտի հանդեպ։ 

ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի (ԲԿԳԿ) նախագահ Սարգիս Հայոցյանն էլ ասաց՝ իրենք որոշումներ կայացնելիս առանորդվում են եղած տվյալներով ու թիրախավորում ոլորտի խնդիրները։ Նա, մասնավորապես, շեշտեց, որ Հայաստանի գիտաշխատողների 70%-ը Գիտությունների ազգային ակադեմիայից (ԳԱԱ) է, գիտության բազային ֆինանսավորման 75%-ը տրվում է ԳԱԱ ինստիտուտներին, մինչդեռ ԳԱԱ-ն ապահովում է միջազգային տպագրությունների 25-30%-ը։ Սարգիս Հայոցյանն անդրադարձավ նաև այն հարցին, որ ԳԱԱ ինստիտուտներում, ըստ կառավարության տվյալների, ամեն մոտ երկու գիտնականի բաժին է  ընկնում մեկ վարչական աշխատող։

«Սա խոսում է նրա մասին, որ համակարգում այսօրվա կազմակերպման ձևով, այսինքն` գիտությունը գիտական կազմակերպություններում իրականացնելու պայմաններում մենք ունենք ծախսի հանդեպ վերադարձի էական խնդիրներ։ Սրան զուգահեռ մենք ունենք գիտական կազմակերպություններ, որտեղ աշխատում են 50-ից ոչ ավելի գիտաշխատողներ։ Այս ամեն ինչը բերում է գիտության գետտոյացման, ու խնդիր է  առաջանում նաև մրցունակության վերաբերյալ ընդհանուր խոսույթի ձևավորման հարցում․ շատ բարդ է լինում գաղափարը հասցնել կատարողներին»,- ասաց ԲԿԳԿ նախագահը։

Սարգիս Հայոցյանն անդրադարձավ նաև գիտության սերնդափոխության ու միջազգային տպագրությունների հարցերին։ Նա նշեց՝ վերջին տարիներին և՛ գիտնականների թվի աճ կա, և՛ միջազգային տպագրությունների, սակայն երկու դեպքում էլ աճի տեմպերից դեռևս գոհ չեն։

Գիտության սերնդափոխության խնդրին և կառավարության կողմից սպասվող փոփոխությունների համատեքստում առաջարկվող լուծումներին մանրամասն կարող եք ծանոթանալ «Ինֆոքոմի» հոդվածում։


Սարգիս Հայոցյանը

ԲԿԳԿ նախագահը նշեց, որ օրենքի՝ ԳԱԱ-ին վերաբերող սկզբունքային կետերի շուրջ աշխատել են ԳԱԱ-ի հետ։ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանն էլ նշեց, որ կառուցողական քննարկում է տեղի ունեցել։ ԳԱԱ նախագահը հիշեցրեց, որ իրենք գործընթացի վերաբերյալ ի սկզբանե այլ դիրքորոշում ունեին և առաջարկում էին կատարել ինստիտուտների ու բուհերի մասնակի միավորում՝ ԳԱԱ համակարգում պահելով որոշ ինստիտուտներ և իրականացնելով բարեփոխումներ։ 

«Բայց քանի որ կառավարության դիրքորոշումը այլ է, օրենքը շրջանառության մեջ դնելուց հետո մենք երկու անգամ հանդիպել ենք պարոն Հայոցյանի հետ, քննարկել ենք Ակադեմիայի մասով գործառույթները, որը արդեն բավականին պատասխանատու, կարևոր դերակատարություն կունենա ապագայում գիտության, կրթության, ընդհանրապես մեր պետության գիտական մտքի զարգացման համար։ Փորձագիտական և գիտամեթոդական գործունեությունը վերադառնում է ԳԱԱ-ին»,- ասաց Աշոտ Սաղյանը։

Օրենքի՝ այս պահին հանրային քննարկման դրված նախագծում որպես ԳԱԱ գործառույթներ են նշվում քննարկումների և համաժողովների կազմակերպումը, գիտության հանրայնացումը, ոլորտային քաղաքականությունների խորհրդատվության տրամադրումը և այլն։ Թե ինչպիսին կլինի նոր ձևակերպումը, պարզ կդառնա նախագծի լրամշակված տարբերակի հրապարակումից հետո։ Սակայն ԱԺ-ում հստակեցվեց, որ ԳԱԱ-ն իր կազմում ինստիտուտներ չի ունենալու։

Դիմելով գործադիրի ներկայացուցիչներին՝ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար Արթուր Իշխանյանը նշեց՝ աշխարհում կան հրաշալի աշխատող տարբեր համակարգեր, և կառավարությունը պիտի հիմնավորի, թե ինչպես է սպասվող փոփոխություններով համակարգը որակապես ավելի լավը դառնալու։ Նրա խոսքով այդ հիմնավորումը բացակայում է։ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարը նաև հարց բարձրացրեց, թե ինչու գիտական գործունեության տեսակների դիվերսիֆիկացում չի ապահովվում սպասվող փոփոխությունների համատեքստում։ 

Նշենք, որ Բարձարգույն կրթության և գիտության օրենքի՝ այս պահին շրջանառության մեջ դրված նախագծից պարզ է դառնում, որ օրենքի ընդունումից հետո ԳԱԱ համակարգում գործող գիտական բոլոր կազմակերպություններն անցնելու են ԿԳՄՍՆ գերատեսչական պատկանելիության, իսկ բուհերի խոշորացումից հետո ներառվելու են խոշոր համալսարանների կազմում։ Համալսարանների մաս են դառնալու նաև գիտական անկախ կազմակերպությունները՝ եզակի բացառություններով։

Բացի համալսարանական գիտությունից՝ օրենքի նախագիծը հնարավորություն է տալիս ունենալու նաև գերատեսչական գիտական կառույցներ, որոնք կզբաղվեն գերատեսչությունների խնդիրներով, ինչպես նաև թանգարանների, առողջապահական հաստատությունների, արտադրական կազմակերպությունների կազմում գործող հետազոտական հիմնարկներ։

Իսկ որևէ համալսարաննի կառուցվածքում չգործող հանրային գիտական կազմակերպություն հիմնադրվել կարող է միան այն դեպքերում, եթե այն իրականացնելու է կիրառական բնույթի թիրախային հետազոտություններ կամ փորձարարական մշակումներ գերազանցապես պետական որևէ գերատեսչության խնդիրների շրջանակում: 

«Ընդ որում՝ դրա հիմնադրման որոշման կայացման հիմքում պետք է դրվեն տվյալ բնույթի հետազոտությունները համալսարանների գիտական կազմակերպություններում իրականացնելու անհնարինության հիմնավորումները, տվյալ գերատեսչության կողմից պատշաճ մակարդակի և պատշաճ ծանրաբեռնվածությամբ հետազոտական խնդիրներ առաջադրելու կարողունակության վերլուծությունը և լիազոր մարմնի կողմից ստեղծված մասնագիտական փորձագիտական խորհրդի դրական եզրակացությունը»,- ասվում է նախագծում:

ԱԺ քննարկման ընթացքում գործադիրի ներկայացուցիչներից հնչած մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ այս դրույթները լրամշակված տարբերակում նույնն են մնալու։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, մասնավորապես, նշեց՝ աշխատել, իհարկե, կարող են տարբեր մոդելներ, ապա հարցրեց՝ ո՞ր մոդելը կարող ենք մեզ թույլ տալ։

«Ամեն ինչը գին ունի․ արդյո՞ք մենք պատրաստ ենք առանձին ռեսուրս ունենալ որակյալ ակադեմիական կրթության և ակադեմիական գիտության համար, մի հատ էլ միջազգայնորեն մրցունակ լրիվ առանձին գիտության համար։ Որտե՞ղ դա իմաստ ունի անել և որտե՞ղ իմաստ չունի։ Որտեղ դրանք համադրվում են, պիտի լինեն միասին, որտեղ չեն համադրվում, պետք է ձևակերպենք ու պահենք առանձին՝ բայց հասկանալով մեր ակնկալիքը ու արդյունքը։ Եվ սա բացառող համակարգ չէ, սա հենց դիվերսիֆիկացիա է, որովհետև դիվերսիֆիկացիան գնում է ըստ նպատակի։ ․․․․ Մենք վստահ ենք, որ Ակադեմիայի ներգրավվածությունը մեր գիտական կյանքում շատ ավելի մեծ է լինելու այն համակարգում, որը մենք նկարագրում ենք, որովհետև այդտեղ մարդիկ զբաղվելու են իրենց էքսպերտային կարծիքի մշակմամբ, ներկայացմամբ և նաև գնահատմամբ»,- ասաց նախարարը։

ԲԿԳԿ նախագահ Սարգիս Հայոցյանը հիշեցրեց, որ գիտնականների ատեստավորման նոր կարգում կան պատվավոր գիտաշխատողների տարակարգեր․ ինչ-որ առաջադեմ տարիքից հետո ձեռքբերումների արդյունքում մարդիկ կարող են ստանալ այդ աստիճանը,  և «այդ ամբողջ մարդկային ներուժը կդառնա  Ակադեմիայի հենքը»։ 

Արթուր Իշխանյանը նշեց, որ խոսքը կենսաթոշակային տարիքի մարդկանց մասին է, և դա նշանակում է ԳԱԱ-ն դարձնել «ծերակույտ»։ Սարգիս Հայոցյանն էլ պատասխանեց․ «Ամենայն հարգանքով, այսօր ԳԱԱ ակադեմիկոսների ամենափոքր անդամը 62 տարեկան է»։

Նշենք, սակայն, որ ԳԱԱ ղեկավարությունն ինքն է արդեն մի քանի տարի խոսում ԳԱԱ անդամ դառնալու նոր չափանիշներ սահմանելու և անդամների ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին։ Մանրամասները կարող եք կարդալ այստեղ։ 

«Գիտուժ» նախաձեռնության անդամ Տիգրան Շահվերդյանը նշեց՝ իրենց նախաձեռնության՝ օրենքի նախագծի հետ անհամաձայնությունները պայմանավորված չեն այն հանգամանքով, որ իրենք դեմ են միավորմանը։ Նախաձեռնությանը հետաքրքիր է այն հարցի պատասխանը, թե ինչպես է հիմնավորվում, որ այս փոփոխությունների իրականացմամբ հնարավորություն կստեղծվի պետության կարիքներից բխող հետազոտությունների իրականացման համար։ Տիգրան Շահվերդյանը նաև հստակեցրեց՝ իրենց մտահոգությունը ոչ թե այն է, որ գիտությունը ստորադասվելու է բարձագույն կրթությանը, այլ որ սպասվող փոփոխություններով շեշտն առաջնային կերպով դրվում է ակադեմիական գիտության բնագավառում մրցունակության բարձրացման վրա։


Տիգրան Շահվերդյանը

«Գիտուժ» նախաձեռնության անդամը շեշտեց՝ հարկավոր է ձևավորել պետական կարիքներից բխող գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (ԳՀՓՄ) ծրագրերի պատվերի ամբողջական համակարգը, որից պարզ կլինի, թե ինչպիսի պետական կամ մասնավոր ԳՀՓՄ կատարողներ են Հայաստանին հարկավոր։ Նա առանձնացրեց ԳՀՓՄ երեք ուղղություններ՝

  • ակադեմիական հետազոտություններ, որտեղ շեշտը դրվում է մտավոր ներուժի, գիտական սարքավորումների, կարողությունների և բարձրորակ հրապարակումների քանակի վրա,
  • արդյունաբերական նորարարություն, որտեղ շեշտը դրվում է մասնավոր հատվածում ԳՀՓՄ-ի ֆինանսավորման կամ խթանման, ավելացված արժեքը բարձրացնելու, ՀՆԱ-ն մեծացնելու և, ի վերջո, պետական բյուջեն ավելացնելու վրա,
  • անվտանգային հարցեր, որտեղ վճռորոշ չափանիշ է հասանելիությունը արտադրանքին, տեխնոլոգիաներին և կարողություններին։

«Հայաստանը ժառանգել է ԳՀՓՄ կատարողների համակարգ, սակայն չի ժառանգել պատվերի մեխանիզմները, որի պատճառով էլ կորցրել է կատարողների մեծ մասին։ Որպես անկախ, ինքնիշխան պետություն ԳՀՓՄ պատվերի ինստիտուցիոնալ մեխանիզմների ձևավորման հարցում մենք շատ դանդաղ ենք շարժվում։ Մինչև այսօր էլ համակարգը դեռ մասնակի է ձևավորված՝ չնայած այն բոլոր անվտանգային մարտահրավերներին, որոնց մենք առերեսվում ենք։ Որպեսզի ԳՀՓՄ-ն իրապես օգտագործվեն որպես մրցունակության գործիք,  անհրաժեշտ է, որ վերոնշյալ 3 գործունեության տեսակները իրականացվեն ներդաշնակ կերպով, սակայն այս օրենքի նախագծի օրինակով էլ մենք տեսնում ենք, որ սայլերը դնում ենք ձիերց առաջ․ փոխանակ ջանքերն ուղղենք նպատակները հստակեցնելու, կարիքներից բխող ԳՀՓՄ պատվերի մեխանիզմները ամբողջական ձևավորելու մեջ, դրանց հիման վրա հայաստանյան ակադեմիական գիտության ռազմավարության հստակեցման մեջ, մասնավորապես, թե ակադեմիական գիտության մեջ ինչ բնագավառների պետք է առաջնահերթություն տրվի, մենք ահռելի ռեսուրսներ ենք դնում ակադեմիական գիտության համակարգի կտրուկ փոփոխությունների մեջ՝ չունենալով հստակություն, թե ինչպես է դա ծառայելու մեզ»,- ասաց Տիգրան Շահվերդյանը։ 

Ժաննա Անդրեասյանը դեռ իր խոսքի սկզբում էր նշել, որ պատվերի մեխանիզմների ձևավորման հարցը դուրս է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի քննարկման շրջանակից, ապա հիշեցրել՝ վարչապետին կից ձևավորվել է գիտատեխնոլոգիական խորհուրդ, որտեղ կառավարությունից ու մասնավոր հատվածից ներկայացուիչներ կան, և աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում առաջարկվել է Նորարարությունների հայկական հիմնադրամ ստեղծել։

Սարգիս Հայոցյան էլ հիշեցրեց, որ գիտության ֆինանսավորման կարգում փոփոխություններ են տեղի ունեցել․ փոփոխվել է, մասնավորապես, նպատակային ֆինանսավորման ծրագրերի տրամաբանությունը։ Այս ծրագրերը միտված են պետության կարիքներից բխող հետազոտական ծրագրերի ֆինանսավորմանը, սակայն մինչև այս պահը հետազոտություններն իրականացվում էին հենց գիտնականների նախաձեռնությամբ։ Այժմ արդեն մեխանիզմներ են դրվել, որոնցով կբացահայտվեն պետության կարիքները, ապա գիտնականների հետ քննարկումից հետո կսհտակեցվի հետազոտական ծրագրերի ցանկը։ ԲԿԳԿ նախագահը նշեց՝ ֆինանսավորման ծրագրերում այս և նմանատիպ ծրագրերի ծավալն ավելի փոքր է, սակայն համադրելի է կարողունակության հետ։

«Երբեք որևէ միջոցառման որակը չենք զիջում՝ քանակ ապահովելով»,- շեշտեց նա։

Սարգիս Հայոցյանի խոսքով, չնայած կառավարությանը մեղադրում են միջազգային հրապարակումների վրա կենտրոնանալու համար, բայց իրենց պատկերացմամբ հրապարակումները գիտնականի աշխատանքի առաջնային ցուցիչներն են։

«Եթե գիտնականն իր հիմնական գործը չի կարող անել, հիմք չկա կարծելու, որ մնացած աշխատանքներն ավելի լավ է անելու։ ․․․․ Ըստ էության, մեզ պետք է ապահովել համակարգի կարողունակությունը, հետո անցնել այդ համակարգից այլ կողմնակի արդյունքներ քաղելուն»,- ասաց նա։

Սարգիս Հայոցյանը շեշտեց՝ համալսարանների կազմում գիտական կազմակերպություններն անկախ են լինելու իրանց գործունեության ոլորտները որոշելու հարցում ու նաև կարողնալու են «ազատորեն որոշակի պատվերներ իրականացնել»։ 

«Մի շարք արևմտյան երկրներում համալսարանական հետազոտական ինստիտուտները կարևորագույն հետազոտություններ են անում, այդ թվում՝ նաև պաշտպանական ոլորտում, ինդուստրիայի հետ համագործակցության հարցում»,- ասաց ԲԿԳԿ նախագահը։

Տիգրան Շահվերդյանը նշեց՝ «Գիտուժ» նախաձեռնությանն այս օրենքի քննարկման համատեքստում հետաքրքրում է, թե արդյո՞ք հնարավոր է համակարգի բարեփոխումն իրականացնել այնպես, որ մի կողմից ապահովվի Հայաստանի կարիքներից բխող հետազոտական կարողությունների զարգացում, մյուս կողմից «իրավիճակն էլ ավելի չբարդանա»։

«Այս հարցում ժամանակը մեր դեմ է աշխատում ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանի արտաքին մարտահրավերներն աճում են, այլ նաև այն պատճառով, որ ԳՀՓՄ մեջ ներդրվում են հարկատուների գումարները, և պետք է օր առաջ պատասխանել, թե ինչքանով են այդ ներդրումները իրական խնդիրներ լուծում կամ խնդիրների լուծման համար կարողություններ ձևավորում»,- ասաց նախաձեռնության անդամը։

Նա հիշեցրեց իր թված ԳՀՓՄ երեք ուղղությունների մասին՝ ակադեմիական, նորարարական և անվտանգային՝ շեշտելով, որ եթե ակադեմիականին զուգահեռ նորարարական հետազոտությունների մասով այս պահին քայլեր արվում են, ապա անվտանգային ԳՀՓՄ-ի պատվերի մեխանիզմը կայացած չէ։ «Գիտուժ» նախաձեռնության անդամը շեշտեց՝ գիտնականի աշխատանքի արդյունավետության միակ չափանիշն ակադեմիական արդյունքը չէ, պետության խնդիրների լուծումն է, որն իրենց տեսակետից ավելի կարևոր է։ 

«Ակադեմիական արդյունքը ոչ ոք չի ստորադասում, բայց կարևոր է, որ ակադեմիական արդյունքը լինի այն ուղղություններում, որոնք առաջնային են մեզ համար, և դա մենք, ցավոք սրտի․ դեռ չենք տեսնում։ Մենք շատ լավ գիտենք, որ դուք իրականացնում եք կարիքներից բխող որոշ ծրագրերի ֆինանսավորում, բայց դա շատ փոքր տոկոս է կազմում»,- նկատեց նա։

Տիգրան Շահվերդյանը նշեց՝ եթե անգամ պետական պատվերի մեխանիզմների ձևավորումը ԿԳՄՍՆ տիրույթում չէ, կառավարության տիրույթում է, և փոփոխությունները պետք է համակարգված, ներդաշնակ իրականացվեն։ 

«Եթե մեր ամբողջ նպատակն է միայն ակադեմիական արդյունքը, ապա խնդիր չկա ձեր նախատեսած կտրուկ միավորումների հետ, բայց քանի որ մենք գործ ունենք պետական միջոցների ներդրման հետ, ամբողջ աշխարհում արդեն հասկացել են, որ կատարողների երկու տեսակ կա։ [Կան] համալսարաններ, բայց նաև կան համալսարաններից դուրս գիտական ինստիտուտներ, որոնք տարբեր ձևաչափի են լինում, գերատեսչական են լինում, լինում են հատուկ խմբավորումների մեջ, նաև՝ Ակադեմիայի մեջ, լինում են ուղիղ կառավարության [ենթակայութամբ]։ Դրանց նպատակն է պետության կարիքներից ելնող ԳՀՓՄ աշխատանքներ իրականացնել ու նաև ավելի արդյունավետ լինելու պատճառով ակադեմիական գիտությամբ զբաղվել, բայց կարող ենք և չզբաղվել։ Հիմա մենք խոսում ենք այս ձևաչափի մասին, որն օրենքի նախագծում սահմանափակվում է միայն գերատեսչական ֆորմատով, և անհասկանալի է` ինչու։ Եկեք զարգացնենք մեր բարձրագույն կրթությունը` համատեղելով գիտության հետ, բայց շատ կարևոր է նաև զարգացնել կարողություններ մեր խնդիրը լուծելու»,- ասաց «Գիտուժ» նախաձեռնության անդամը։

Տիգրան Շահվերդյանը հիշեցրեց, որ իրենք առաջարկել են ընտրել ինստիտուտների առաջին խմբերը, միավորել դրանք ու նախ համոզվել, որ այդ ֆորմատով հնարավոր է պետության կարիքներից բխող հետազոտություններ իրականացնել։ 

Ժաննա Անդրեասյանը կրկին պնդեց, որ կառավարության ներկայացված համակարգը բացառող չէ՝ նշելով՝ եթե կա ինչ-որ առաջարկ, որը կոնկրետ ցույց է տալիս, թե այդ համակարգի տրամաբանությունից ինչ տեսակի հետազոտություններն են դուրս մնում, ապա այդ առաջարկը կարող է ներկայացվել կառավարությանը։ 

«Գիտուժ» նախաձեռնության անդամ, իրավաբան, ճարտարագետ Խաչատուր Փափանյանը նկատեց՝ բարեփոխումները սովորաբար տեղի են ունենում աստիճանաբար, մինչդեռ ինքը նկատել է, որ Հայաստանում դրանք արվում են կտրուկ։

«Եթե դուք ուզենայիք աստիճանաբար անել բարեփոխումները, ի՞նչ փուլեր կներառեիք այդ բարեփոխումների մեջ»,- հարցրեց նա ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։ 

Ժաննա Անդրեասյանը նշեց՝ քննարկման ենթակա ամենակարևոր հարցերից և բարեփոխումների հաջողման/չհաջողման ամենաառանցքային նախապայմաններից մեկն իրականացման ճանապարհային քարտեզն է։ Նա շեշտեց, որ նախարարությունը դեռ 2023 թվականի ամռանն է հայտարարել խոշորացման ու միավորման մասին՝ բուհերին ու գիտական կազմակերպություններին հրավիրելով առաջարկներ ներկայացնել։  

«Ութ ամիս տրվել է առաջարկների համար։ Նախորդ տարի մարտից բոլոր ինստիտուտների, բուհերի և հետաքրքրված կողմերի ներկայացուցիչներից աշխատանքային խմբեր են ձևավորել, որոնց կցվել են համապատասխան միջազգային գործընկերները, և այդ խմբերն աշխատում են արդեն մի տարուց ավելի։ Մենք նպատակ ունենք այս տարվա վերջին ամփոփել հայեցակարգային փուլը և դրանից հետո գնալ իրականացման պլանի ուղղությամբ։ Մեզ ավելի շատ մեղադրանքներ են ուղղվում դանդաղության համար, քան արագության, բայց մենք բոլոր արձագանքներում ասում ենք, որ պատրաստ չենք շտապել որակի հաշվին»,- ասաց նախարարը։

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Գայանե Շագոյանը նկատեց, որ նախարարի նշած աշխատանքային խմբերում ներառականության խնդիր կա։

«Բացեք և նայեք՝ ովքեր են ներառված այդ աշխատանքային խմբերում։ Որոշ ինստիտուտների աշխատակիցներ իմանում են, թե իրենց ինստիտուտից ովքեր են ներառված, Ձեզ հետ հանդիպման ժամանակ։ Սա նշանակում է, որ այն մարդիկ, որոնք ներկայացնում են ինստիտուտները, ներառված չեն ներինստիտուտային քննարկումների մեջ»,- ասաց Գայանե Շագոյանը։ 

Գիտնականը կարևորեց նաև, որ երկրի համար ռազմավարական կարևորություն ունեցող այս նախագիծն ունենա քաղաքական և քաղաքացիական կոնսենսուս․ «2015 թվականից քննարկում ենք [այս հարցերը] և անընդհատ ունենք այս խնդիրը, որովհետև չունենք մեծ հայեցակարգային մոտեցումը, թե մենք մեր երկրում ինչ տիպի գիտություն ենք զարգացնում, որովհետև չգիտենք, թե ինչ տիպի պետություն ենք զարգացնում»։

Ժաննա Անդրեասյանը աշխատանքային խմբերի ներգրավվածության հարցը ԿԳՄՍՆ տիրույթից դուրս համարեց և խորհուրդ տվեց խնդիրը բարձրաձայնել ինտիտուտների ներսում։  

«Եթե մենք խոսում ենք ժողովրդավարության, մշակութային փոփոխության մասին ու սպասում ենք, որ վերևից պետք է մեկը գա և ձևավորի աշխատանքային պատշաճ մթնոլորտ, նշանակում է` մշակութային փոփոխության մասին չենք խոսում։ Այդ փոփոխությունը տեղի է ունենում, երբ ներսում աշխատանքային թիմերը այդ պահանջներն իրենց ղեկավարների առաջ դնում են, մենք էլ խրախուսում ու աջակցում ենք։ Այդ տնօրեններն ընտրվում են, և այդ բոլոր գործընթացները կարող են կառավարվել ու ի սկզբանե ճիշտ պլանավորվել։ Ես վստահ եմ, որ մեր նախագծած համակարգում այդ տրամաբանությամբ աշխատող ինստիտուտներ չենք ունենալու, որոնք անձի շուրջ ձևավորված կառույցներ են, և որտեղ մարդիկ մասնակից չեն պրոցեսներին»,- ասաց նախարարը։

Ժաննա Անդրեասյանը նկատեց՝ շատ մտահոգություններ բխում են նրանից, որ ստեղծվելիք համակարգը անծանոթ է, և ռիսկայնություն կա։

«Մեր կառավարման հիմնական գործիքը պետք է լինի անցումային ժամանակահատվածի և ճանապարհային քարտեզի ճիշտ պլանավորումը։ ․․․․ Եթե մենք նույնիսկ լավագույն գաղափարները միասին համաձայնեցված ձևակերպենք, սակայն սխալ պլանավորենք դրա իրականացումը, ոչ մի արդյունք չենք ստանալու»,- ասաց նախարարը։

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, հիշեցնենք, վերջնական լրամշակման փուլում է և շուտով կուղարկվի կառավարություն, ապա՝ ԱԺ։

Մինչ այդ կարող եք դիտել «Ինֆոքոմի» ֆիլմը, որը պատմում է, թե ինչպես օրակարգ բերվեցին բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխումները, «Ակադեմիական քաղաք» ծրագիրը, ինչ դիրքորոշումներ ու մտահոգություններ են տարբեր կողմերից հնչել այս համատեքստում, և որոնք են կառավարության հիմնավորումները։ 

 

Լուսանկարները՝ ԱԺ-ի

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել