factor.am: Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է տարբեր երկրների իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ արված հայտարարություններին՝ հերթական անգամ ժխտելով ցեղասպանության փաստն ու խեղաթյուրելով պատմությունը։
«Մենք կտրականապես մերժում ենք 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ հայտարարությունները, որոնք արվել են պատմական փաստերի և միջազգային իրավունքի խախտմամբ։ Նման փորձերը, որոնք հստակորեն նպատակ ունեն շահագործել անցյալի ցավերը քաղաքական դրդապատճառներով, բացարձակապես անիմաստ են»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, թե Թուրքիան, իբր, միշտ «պաշտպանել է խաղաղության, երկխոսության, փոխըմբռնման և ընդհանուր բարգավաճման խթանումը համաշխարհային մակարդակում և տարածաշրջանում»։
«Թուրքիան բացել է իր արխիվները և առաջարկել է ստեղծել համատեղ պատմական հանձնաժողով՝ 1915 թվականի իրադարձությունների արդար և գիտական ուսումնասիրության համար։ Մենք ընդգծում ենք, որ արմատական շրջանակների կողմից պատմությունից թշնամանք սերմանելու ջանքերը չպետք է խրախուսվեն և վերահաստատում ենք մեր կոչը՝ աջակցելու Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին»,- նշվում է հայտարարությունում։
comment.count (0)