Հյուսիսային Կորեայի իշխանությունները հաստատել են իրենց զինվորների մասնակցությունը ռուս-ուկրաինական պատերազմին
 |azatutyun.am|
12:54 - 28 ապրիլի, 2025

Հյուսիսային Կորեայի իշխանությունները հաստատել են իրենց զինվորների մասնակցությունը ռուս-ուկրաինական պատերազմին |azatutyun.am|

azatutyun.am: Հյուսիսային Կորեայի իշխանություններն առաջին անգամ պաշտոնապես հաստատել են, որ իրենց զինվորներին ուղարկել են Ռուսաստան՝ Ուկրաինայի հետ պատերազմին մասնակցելու համար, հաղորդում է Yonhap-ը՝ հղում անելով Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությանը (KCNA):

«Կուրսկի մարզի ազատագրման գործողությունները՝ Ուկրաինայի իշխանությունների արկածախնդիր ներխուժումը Ռուսաստանի Դաշնություն հետ մղելու համար, հաղթականորեն ավարտվել են»,- ասվում է հայտարարության մեջ։

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը այս հրամանը տվել է Ռուսաստանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի համաձայն, պարզաբանել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը:

Լրատվամիջոցները նաև մեջբերել են Կիմ Չեն Ընի խոսքերը, որը այս գործողությունները բնութագրել է որպես Ռուսաստանի հետ բարեկամությունն ու համերաշխությունը «ավելի ամրապնդելու սրբազան առաքելություն»։

Ռուսաստանն առաջին անգամ հյուսիսկորեացի զինվորների մասնակցությունը Ուկրաինայի դեմ պատերազմին հաստատել է ապրիլի 26-ին։ ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցելով Կուրսկում տիրող իրավիճակի մասին, նշել է, որ «հյուսիսկորեացի զինծառայողները զգալի օգնություն են ցուցաբերել տարածաշրջանի ազատագրման գործում»։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան էլ հայտարարել է, որ «Ռուսաստանը երբեք չի մոռանա իր ընկերներին ԿԺԴՀ-ից»։

ԱՄՆ պետքարտուղարությունը, իր հերթին, հայտարարել է, որ «մտահոգված է» Հյուսիսային Կորեայի պատերազմին անմիջական մասնակցությամբ և կոչ է արել Փհենյանին դադարեցնել Ռուսաստանին ռազմական օգնություն ցուցաբերելը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակին։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը թեմայի վերաբերյալ հարցին ի պատասխան նշել է, որ այն պետք է ուղղել Պաշտպանության նախարարությանը. «Դա երևի թե ուղղեք ՊՆ-ին, այն կապված է ռազմական գործողությունների ռեժիմի հետ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել