Դատարանը տեսակապով հարցաքննեց 73-հոգանոց վաշտի զոհվելու գործով տուժողների իրավահաջորդներին
23:26 - 29 ապրիլի, 2025

Դատարանը տեսակապով հարցաքննեց 73-հոգանոց վաշտի զոհվելու գործով տուժողների իրավահաջորդներին

Հադրութի նախկին բնակիչ Վեներա Ղարայանն այսօր տեսակապով հարցաքննվեց իր կրտսեր որդու՝ Դավիթ Ղարայանի վերաբերյալ քրեական գործով։ 

Դավիթը մեկն է «Մարտունի 3» զորամասի 73-հոգանոց այն վաշտից, որը 2020 թ․ հոկտեմբերի 11-ին «9-րդ կմ» կոչվող տեղանք հասնելու փոխարեն խորացել է մինչեւ Հադրութ քաղաք եւ ընկել շրջափակման մեջ։ Վաշտի ողջ անձնակազմը զոհվել է։

Վեներա Ղարայանը պատերազմում կորցրել է նաեւ ավագ որդուն եւ ամուսնուն։ Առողջական խնդիրների պատճառով նա դատարան ներկայանալ չի կարողացել։ 

Պատասխանելով հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանի հարցերին՝ որդեկորույս այրին պատմեց, որ Դավիթը Մարտունու զորամասում ծառայել է որպես սերժանտ։ Վերջին անգամ որդու հետ հոկտեմբերի 10-ին է խոսել․  «Իրենց տեղափոխվել են Հադրութ, բայց ես դրա մասին տեղյակ չէի, ծառայության ժամանակ նա ոչ մի բան չէր ասում, հետո եմ իմացել․․․ Ուզում էինք Դավիթին գտնել, բայց հոկտեմբերի 14-ին ամուսինս զոհվեց մեծ տղուս հետ, ասացին՝ Դավիթենց ուղարկել են ապահով տարածք, ինչ-որ պահեստներ, ես ասում էի՝ ի՞նչ պահեստներ, ասացին՝ ոչ մեկը դրա մասին չի խոսում, քանի որ դավաճանները շատ են․․․ Չկարողացա մեկնել Ղարաբաղ, որովհետեւ պիտի ամուսնուս հուղարկավորեինք․․․»։

Մեղադրողի հարցին՝ տեղյա՞կ է, թե ով է զորքին ուղարկել այնտեղ, Վեներա Ղարայանը պատասխանեց՝ Գոռ Իշխանյանը։

Իշխանյանը եղել է հիշյալ զորամասի հրամանատարը։ Նա է այժմ մեղադրվում ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու համար։ Մեղադրյալի աթոռին է նաեւ ՊԲ օպերատիվ բաժնի պետ Նվեր Մարտիրոսյանը։  Նրանք առաջադրված մեղադրանքը չեն ընդունում։

Տուժողի իրավահաջորդին հարցեց հղեց նաեւ Գոռ Իշխանյանի պաշտպան Դավիթ Կարապետյանը։ Հետաքրքրվեց՝ տեղյա՞կ է, թե «9-րդ կմ» կոչվող տարածքից մինչեւ Հադրութ որքա՞ն է։ Ի պատասխան՝ տիկին Վեներան ասաց․ «Ես հադրութում եմ մեծացել, 5 մատիս պես ծանոթ եմ 9 կմ-ին։ 9 կմ է։ Ես լսել եմ, որ իրենց ուղարկել են 9 կմ, բայց ռազմական գործողությունների ժամանակ տենց բան չկա, որ բաց տարածքում հանես, էդքան զորքին պահես»։

- Իսկ տեղյա՞կ եք, որ Ջալալ Հարությունյանի հրամանով՝ «9-րդ կմ» կոչվող խաչմերուկում զորքին պետք է կդիմավորեր Կարեն Առստամյանը,- հարցրեց Դավիթ Կարապետյանը։
- Որ ասեցիք, հիշեցի, հա։
- Իսկ տեղյա՞կ եք՝ ինչու չի դիմավորել։
- Չէ, չգիտեմ։
- Ո՞ւմ մեղավորությունն եք տեսնում կատարվածի մեջ։
- Գոռ Իշխանյանից մինչեւ Ջալալ մեղադրում եմ, սաղ էլ անփույթ վերաբերմունք են ցուցաբերել,- պատասխանեց Վեներա Ղարայանը։

Նշենք, որ հիշյալ Կարեն Առստամյանը, որ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարն էր, այս գործով ունեցել է մեղադրյալի կարգավիճակ, սակայն հետագայում նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Այժմ նա հետախուզման մեջ է մեկ այլ գործի շրջանակում։

Նվեր Մարտիրոսյանին Վեներա Ղարայանը չէր ճանաչում։

Դատարանն այսօր տեսակապով հարցաքննեց նաեւ երկու տուժողի իրավահաջորդի, որոնք գտնվում էին ՀՀ-ից դուրս։ Նրանցից մեկը զոհված զինծառայող Առուշ Խաչատրյանի մայրն էր՝ Լուսինե Սարգսյանը։ Նա եւս նշեց, որ որդու հետ կապը կորել է հոկտեմբերի 10-ից․ «Բոլորին զանգել ենք, ում համարը ունեինք՝ ծանոթ–անծանոթ, ես էլ, եղբայրս էլ, ասել են՝ բունկերներում են, ոչ մի բան չկա, ու անընդհատ նույն բանը․․․ Ամուսինս մեկնել է Ղարաբաղ, տեսել է Գոռ Իշխանյանին, նա էլ ասել է՝ ես մեղավոր չեմ, վերեւից հրաման է եղել»։

- Ինչ–որ մեկին մեղադրո՞ւմ եք,- հարցրեց Իշխանյանի պաշտպանը։
- Մեղադրանքը էն է, որ պիտի չուղարկեին, եթե գիտեին, որ Հադրութը գրավված է։
- Ո՞վ չուղարկեր։
- Գոռը, ես իրեն գիտեմ, պիտի չուղարկեր, զուտ էդ, իրավունք չուներ ուղարկելու էնտեղ։
- Իսկ որ Ջալալ Հարությունյանի կողմից հրաման է եղել, կարո՞ղ էր չենթարկվել,- հարցրեց պաշտպանը։ Մեղադրողը, սակայն, առարկեց հարցի դեմ՝ նշելով, որ այն մասնագիտական է։

Հաջորդիվ հարցաքննվեց Ալեքս Գեւորգյանը՝ Մարտունու Ճարտար գյուղից։ Նա եւս գտնվում էր ՌԴ-ում եւ մեղադրյալներից միայն Գոռ Իշխանյանին էր ճանաչում․ «Վերջին անգամ եղբորս հետ զրուցել ենք հոկտեմբերի 10-ին, 11-ին մի քանի անգամ զանգել ենք, չի ստացվել, Գոռին եմ զանգել, ասել է՝ սաղ նորմալ է, կապ չկա, բայց չի ասել՝ որտեղ,  ասել է՝ հեսա գնում ենք՝ հանենք, հեսա գնում ենք՝ հանենք․․․»։

Գեւորգյանին հայտնի էր, որ Գոռ Իշխանյանին հրաման է տվել Ջալալ Հարությունյանը, բայց զորքին դիմավորելու ոչ ոք չի եկել, ինչի հետեւանքով էլ նրանք ընկել են շրջափակման մեջ։ Նրա տեղեկություններով՝  հոկտեմբերի 10-11-ին Հադրութի կեսը արդեն թուրքերի հսկողության ներքո էր։

Դատարանը այսօր պետք է հարցաքններ նաեւ մի քանի այլ տուժողի իրավահաջորդի, սակայն դատական նիստը անորոշ ժամանակով հետաձգվեց։ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները ժամանեցին դատարան՝ գործը քննող դատավոր Արտուշ Գաբրիելյանի վերաբերյալ կաշառքի դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակում քննչական գործողություններ իրականացնելու։

Ավելի ուշ պարզ դարձավ, որ գլխավոր դատախազը դիմել է Բարձրագույն դատական խորհրդին՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու եւ նրան ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով։ 

Հավելենք, որ  Քրեական դատավարության համաձայն՝ այն բացառիկ դեպքերում, երբ առողջական վիճակի կամ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվելու պատճառով հարցաքննության ենթակա անձի ներկայությունը դատարանում անհնար է կամ կարող է սպառնալ հարցաքննվողի անվտանգությանը կամ վտանգել ցուցմունքի արժանահավատությունը կամ երբ առկա է անչափահաu տուժողի կամ վկայի իրավաչափ շահերի պաշտպանության անհրաժեշտություն, դատարանը կողմի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ իրավասու է հարցաքննությունը կատարելու տեսահաղորդակցության տեխնիկական միջոցների օգտագործմամբ՝ տեսակապի միջոցով: Տեսակապի միջոցով հարցաքննությունը հարցաքննվողի գտնվելու վայրում ապահովում է դատարանի որոշած անձը: Թե տվյալ դեպքում ով է հանդիսացել այդ երաշխավոր անձը, դատական նիստում չքննարկվեց։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել