Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար գլխավոր դատախազը դիմել է ԲԴԽ
22:02 - 29 ապրիլի, 2025

Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար գլխավոր դատախազը դիմել է ԲԴԽ

Գլխավոր դատախազը դիմել է Բարձրագույն դատական խորհրդին՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու եւ նրան ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով։

Գաբրիելյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը տեղեկացնում է, որ այսօր՝ 21։00-ին նշանակված նիստը հետաձգվել է նյութերին ծանոթանալու նպատակով։ Այն կշարունակվի առավոտյան՝ 09:30-ին։

Նշենք, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ դատավորն օժտված է անձեռնմխելիությամբ։ Սա նշանակում է, որ նա չի կարող պատասխանատվության ենթարկվել արդարադատություն եւ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ, ինչպես նաեւ դատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրականացնելիս հայտնած կարծիքի կամ կայացրած դատական ակտի համար, բացառությամբ երբ առկա են հանցագործության կամ կարգապահական խախտման հատկանիշներ։

Իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Բարձրագույն դատական խորհրդի համաձայնությամբ։ Տվյալ դեպքում նախաձեռնված վարույթը վերաբերում է կաշառք ստանալուն։ Այլ մանրամասներ առայժմ չի հաղորդվում։

Հիշեցնենք, Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այսօր ընթանում էր դատական նիստ, երբ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները ժամանեցին դատարան՝ քննչական գործողություններ իրականացնելու։ Նիստը հետաձգվեց անորոշ ժամանակով։ Ավելի ուշ պարզեցինք, որ այդ գործողություններն առնչվում են հենց դատավոր Արտուշ Գաբրիելյանին։

Արտուշ Գաբրիելյանը պաշտոնավարում է 2003 թ․-ից։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել