Հայհոյանքը, վիրավորանքը և բռնությունը՝ լինի դա հոգեբանական թե ֆիզիկական դրսևորմամբ, անընդունելի են․ Երևանի ավագանու ՔՊ-ի հայտարարությունը
20:55 - 30 ապրիլի, 2025

Հայհոյանքը, վիրավորանքը և բռնությունը՝ լինի դա հոգեբանական թե ֆիզիկական դրսևորմամբ, անընդունելի են․ Երևանի ավագանու ՔՊ-ի հայտարարությունը

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարություն է տարածել Նոր Նորք վարչական շրջանում երեկ և այսօր տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ՝ դատապարտելով հոգեբանական և ֆիզիկական բռնությունը։ 

««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը խստորեն դատապարտում է Նոր Նորք վարչական շրջանում այսօր և երեկ տեղի ունեցած միջադեպերը։

Հայհոյանքը, վիրավորանքը և բռնությունը՝ լինի դա հոգեբանական թե ֆիզիկական դրսևորմամբ, անընդունելի են։

Տարակուսանք է առաջացնում, որ իրավապահ մարմինների կողմից որևէ գնահատական չի տրվել և համապատասխան գործողություններ չեն ձեռնարկվել դեռևս երեկ Նոր Նորք վարչական շրջանի շենքում դրսևորված ակնհայտ խուլիգանական վարքագծին, ինչի հետևանքով հնարավոր դարձան հետագա սադրանքները և դրանց հաջորդած բռնությունը։

Ցանկացած տեսակի բռնություն, այդ թվում՝ հոգեբանական բռնությունը, որը կարող է արտահայտվել վիրավորանքի կամ անձի արժանապատվությունը նսեմացնելու միջոցով, անթույլատրելի է։ Նման դրսևորումները, կանխարգելման բացակայության պայմաններում, հաճախ հանգեցնում են ֆիզիկական բռնության։

Անհրաժեշտ ենք համարում հատուկ ընդգծել, որ միշտ պատրաստ ենք եղել և շարունակում ենք պատրաստ մնալ լսել կառուցողական և անգամ սուր քննադատություն, որը, սակայն, անհրաժեշտ է տարանջատել վիրավորական և անձի արժանապատվությունը նսեմացնող արտահայտություններից», - նշված է հայտարարությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել