Ըստ գեներալ Արտակ Բուդաղյանի՝ Անդրանիկ Վերանյանը աներկբա պետք է կատարեր ԻՍՎ անձնակազմին Ջրական տեղափոխելու իր հրամանը
17:11 - 09 մայիսի, 2025

Ըստ գեներալ Արտակ Բուդաղյանի՝ Անդրանիկ Վերանյանը աներկբա պետք է կատարեր ԻՍՎ անձնակազմին Ջրական տեղափոխելու իր հրամանը

44-օրյա պատերազմի ժամանակ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանի խոսքով՝ փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանին տրված հրամանը՝ Մեղրու զորամասի ինժեներասակրավորական վաշտի 18-հոգանոց անձնակազմին Ջրական տեղափոխելու վերաբերյալ, ենթակա էր աներկբա կատարման։ 

Երեկ այս մասին դատարանում հայտարարեց Բուդաղյանը՝ հավելելով, որ չկատարելու դեպքում մարտական գործողությունների ավարտից հետո ինքն անձամբ Վերանյանի առնչությամբ հանցագործության մասին հաղորդում կներկայացներ՝ քրեական գործ հարուցելու համար։

Քննչական մարմինները, այնուհանդերձ, քրեական գործ հարուցել են․ Մեղրու զորամասի հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով նախկին տեղակալ Վերանյանը այժմ մեղադրվում է ռազմական դրության պայմաններում անձնական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ։ Դա, ըստ մեղադրանքի, դրսեւորվել է նրանում, որ 2020 թ․ հոկտեմբերի 9-ին Ջրական մեկնելու ճանապարհին՝ Իշխանաձորի խաչմերուկում, պատսպարված անձնակազմին տեսնելով՝ Վերանյանը մեքենաները նստելու եւ երթը շարունակելու հրաման է տվել, չնայած երկնքում տեսանելի եւ լսելի է եղել հակառակորդի անօդաչու թռչող սարքը։

Րոպեներ անց ԱԹՍ-ն հարվածել է զինծառայողներին տեղափոխող Ուրալին։ 18 զինծառայող զոհվել է, 3 անձ՝ վիրավորվել։ Պետությանը պատճառվել է ավելի քան 21 միլիոն դրամի վնաս։

Անդրանիկ Վերանյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Արտակ Բուդաղյանն այսօր մանրամասնեց՝ զորքի տեղափոխման հրամանն ինքն է Վերանյանին տվել․ «Ես խնդիր եմ տվել, որ պիտի պաշտպանության անցնենք ինչ-որ տեղամասում, սկզբում ասած եմ եղել, որ ինժեներասակրավորական վաշտը երեկոյան գա, բայց քանի որ հակառակորդի առաջխաղացում կար, առաջնագիծը ճեղքվել էր, ասել եմ՝ առավոտյան արագ հասեք, ականապատում իրականացրեք, որպեսզի առաջխաղացումը կասեցվի։ Ջաբրայիլ քաղաքը վերցնելու ժամանակ վտանգ էր սպառնում մնացած թեւերին, դրա համար լուսաբացին որ գային, լավ կլիներ»,- ասաց գեներալը՝ հավելելով, որ իր պատկերացմամբ՝ ժամը գոնե 11-ին պիտի ժամանեին։

ԻՍՎ անձնակազմը, սակայն, այդպես էլ տեղ չի հասել։ Անձնակազմի մյուս մասը հասել է միայն ժամեր անց՝ 16։00-ի մոտակայքում։

Կորպուսի նախկին հրամանատարը մեղադրյալին միայն դրական բնութագրեց

Հարցաքննության սկզբում Անդրանիկ Վերանյանի պաշտպան Նարեկ Գրիգորյանը վկային խնդրեց բնութագրել իր պաշտպանյալին նախ որպես սպա, ապա՝ որպես մարդ․

- Որպես զինվորական եղել է խստապահանջ, կարգապահ եւ ֆունկցիոնալ պարտականությունները կատարող։ Որպես մարդ՝ նույն ձեւ։

- Մինչեւ պատերազմը նույն կե՞րպ կբնութագրեիք։

- Նույն կերպ։

- Այսինքն՝ բացասական բանով աչքի չի՞ ընկել։

- Ոչ։

- Իսկ Ձեր կամ կորպուսի ղեկավարության աչքի առաջ հավելյալ աչքի ընկնելու կարիք ունե՞ր։

- Ինչո՞ւ պիտի կարիք ունենար, ծառայություն էր, կատարում էր։

- Պարո՛ն գեներալ, ըստ Ձեզ՝ Ձեր ենթակա Վերանյանը ունա՞կ էր անձնական կամ այլ շահագրգռվածության համար խաղաղ պայմաններում ի վնաս Զինված ուժերի կատարել որեւէ գործողություն կամ մի այնպիսի գործողություն կամ անգործություն, որը կվտանգեր համածառայակիցներին։ Նման դեպք հայտնի՞ է։

- Ոչ։

- Իսկ ունա՞կ էր։

- Ոչ։

- Անդրանիկ Վերանյանը ունա՞կ էր իր անձնական շահի համար վտանգի տակ առնել թեկուզ մեկ զինվորի կյանք, լինել այնքան դաժան, անմարդկային, որ իր սեփական եսը ընդգծելու համար այսքան մեծ դժբախտության պատճառ դառնար։

- Ոչ։

- Ձեզ հայտնի՞ է դեպք, երբ նա կոնֆլիկտ է ունեցել իր վերադասի կամ ենթակայի հետ։

- Չէ, չի եղել։

-  Այդ պարագայում հնարավո՞ր է, որ սպան ինքնահաստատվելու կամ կայանալու կամ իր անձը ծառայության շահերից վեր դասելու խնդիր ունենա ու կոնֆլիկտի մեջ չլինի վերադասի կամ ենթակայի հետ։

- Ես ընդհանրապես նման ենթականեր չեմ ունեցել։

Գեներալ Արտակ Բուդաղյանը հայտնեց նաեւ, որ դեպքից առաջ Անդրանիկ Վերանյանը Ջրականում ավելի բարդ խնդրի կատարման է մասնակցել։ Պաշտպանը հետաքրքրվեց՝ դրա դիմաց պաշտոնի բարձրացման, պարգեւատրման խոստում տվե՞լ է, ինչին ի պատասխան՝ գեներալն ասաց՝ ինքը միայն հրամաններ է տվել։

Գեներալի խոսքով՝ ԱԹՍ-ների դեմ պայքարի արդյունավետ միջոց չեն ունեցել

Արտակ Բուդաղյանի խոսքով՝ անօդաչու թռչող սարքերին առաջին անգամ առնչվել են 2016 թ․ Քառօրյա պատերազմի ժամանակ, երբ մեր ԶՈՒ-ն այդ միջոցից դեռ չի ունեցել։

- Մինչ 2020 թ․ սեպտեմբերի 27-ը Գլխավոր շտաբից ցուցում, նորմատիվ այլ ձեւակերմամբ փաստաթուղթ ստացե՞լ եք, թե ԱԹՍ-ի դեմ պայքարի ինչ միջոցներ կան,- հետաքրքրվեց պաշտպանը։

- ԳՇ-ն տալիս Է՝ էսինչ տեղը էսինչ գործողության մասնակցել, ԱԹՍ-ի մասին առանձին գրություն չի տալիս, դրա համար կա հակաօդային պաշտպանություն, բայց կա նաեւ ԱԹՍ, որից անգամ ՀՕՊ-ով չես կարող պաշտպանվել։

- Այսինքն՝ չկա՞ր կարգ, թե ԱԹՍ տեսնելու, լսելու դեպքում ինչ պիտի արվի։

- Գրվածքներ կան՝ զինվորների՝ մարտի դաշտում տեղաշարժի մասին, օրինակ՝ ձեռքի գնդացիրով ցածր թռչող օբյեկտի խոցում։

- Մեղրու զորամասը ԱԹՍ-ի դեմ պայքարի համապատասխան միջոցներ ունեցե՞լ է։

- Ոչ, միայն ՀՕՊ-ն է ունեցել՝ Իգլա տեսակի հրթիռ։

- Դա արդյունավե՞տ միջոց էր։

- ԱԹՍ-ի դեմ՝ չէ, այն նախատեսած է բարձր թռչող, ավելի խոշոր ինքնաթիռների համար։

- Իսկ Ձեր կորպուսը ունե՞ր։

- Չէ, չուներ։

- Իսկ Զինված ուժե՞րը։

- ՀՕՊ համակարգի մեջ էր, ՀՕՊ-ն էր ապահովում մեր շարժը դեպի մարտական գործողությունների տեղանք։

Ըստ Բուդաղյանի՝ ԱԹՍ-ի առկայությունը անվերապահորեն չի հանգեցնում խնդրի չկատարմանը

Անցնելով ավելի առարկայական հարցերի՝ պաշտպանը հետաքրքրվեց՝ հոկտեմբերի սկզբին Իշխանաձորի տարածքում ԱԹՍ-ներ կայի՞ն։ Ի պատասխան՝ վկան ասաց՝ ամեն օր էլ 50-ից ավելի ԱԹՍ կար օդում․ «Նույն ձեւ խոցվել եմ ես, բայց պատահականությամբ ողջ եմ մնացել»։

- Այսինքն՝ այդ տարածքը անվտա՞նգ չէր,- ճշգրտեց պաշտպանը։

- Չէ, բոլորն էլ վտանգված էին,- պատասխանեց վկան։

- Իսկ Ձեր պրակտիկայում եղե՞լ է դեպք, որ մարտի ժամանակ ԱԹՍ-ն օդում լինի։

- Ո՞նց կարող է չլինել։

-  Պարո՛ն գեներալ, կյանքի, առողջությանը սպառնացող վտանգի առկայությունը բացառո՞ւմ են խաղաղ պայմաններում մարտական խնդրի կատարումը։

- Ո՞նց են բացառում․ եթե խնդիր է, պետք է կատարվի։

- Նույնը վերաբերո՞ւմ է պատերազմին։

- Առավել եւս։

- Այսինքն՝ վտանգ լինի թե չէ, խնդիրը ենթակա է կատարման։

- Բա ոնց։

- Իսկ մարտի ժամանակ ԱԹՍ-ի առկայությունը անվերապահ հանգեցնո՞ւմ է խնդրի չկատարմանը։

- Ոչ, նորից եմ կրկնում՝ 50-ից ավելի ԱԹՍ գտնվում էր օդում, օպերատորն է որոշում՝ որտեղից կխփի, երբ․․․

- Որեւէ մեկը կարո՞ղ է կանխատեսել օպերատորի գործողությունները։

- Ոչ։

- Պիկապները ի՞նչ նշանակություն ունեին հակառակորդի համար։

- Առավել խոցելի էին, քանի որ, ենթադրաբար, հրամանատարական մեքենա էին։

- Այս համատեքստում կարո՞ղ էր նույն կերպ խոցվել Պիկապը, ոչ թե զինծառայողների Ուրալը։

- Կարող էր,- նշեց գեներալ Արտակ Բուդաղյանը։

Արտակ Բուդաղյանի պնդմամբ՝ ոչինչ չէր կարող հետաձգել իր հրամանի կատարումը

Պաշտպան Նարեկ Գրիգորյանը մեջբերեց Ներքին ծառայության կանոնները հաստատելու մասին ՀՀ օրենքի 13-րդ հոդվածը, ըստ որի՝ զինծառայողը պարտավոր է հավատարիմ լինել զինվորական երդմանը, անձնուրաց կերպով ծառայել իր ժողովրդին, արիաբար, հմտորեն, չխնայելով սեփական արյունը և նույնիսկ կյանքը, պաշտպանել Հայրենիքը` Հայաստանի Հանրապետությունը, կատարել զինվորական պարտքը, անսասան տանել զինվորական ծառայության դժվարությունները։ 

- Այս համատեքստում հրամանը պե՞տք է անվերապահ կատարվի թե՞ դրանից շեղում թույլատրվում է։

- Պետք է անվերապահ կատարվի։

- Անդրանիկ Վերանյանին Ձեր տված հրամանը օրինակա՞ն էր։

- Այո։

- Ենթակա՞ էր կատարման։

- Բա ոնց, հրաման է, համապատասխան հրաման էլ ես իմ վերադասից եմ ստանում։

- Իսկ սպաները ի՞նչ պիտի անեին՝ պիտի արագ հասնեի՞ն թե՞ կարող էին ոտները կախ գցել։

- Հրաման են ստացել, ո՞նց ոտները կախ գցեին։

- Որեւէ հանգամանք կարո՞ղ էր արդարացնել այդ հրամանի չկատարումը կամ դրա հետաձգումը։

- Ոչ։

Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը միջամտեց՝ նշելով՝ ակնհայտ ապօրինի հրամանը, օրինակ, ենթակա չէ կատարման։ Արձագանքելով՝ Բուդաղյանն ասաց՝ դե, դա պարզ է, բայց չհամաձայնեց, թե հրամանատարը կարող է նման հրաման տալ։

Մարգարյանը նաեւ խնդրեց մանրամասնել՝ ինչպիսին է եղել երթի կազմակերպման կարգն այդ օրվա դրությամբ․

- Ես խնդիր եմ դնում՝ շարժվել էսինչ ուղղությամբ, մնացածը իրենք պիտի որոշեն, իրենք են գտնվում մարտական գործողության շրջանում,- նշեց գեներալը։

- Բայց ժամանակ, հեռավորություն, արագություն պե՞տք է նշվի,- հարցրեց մեղադրողը։

- Այո։ Իմ մտածելով՝ ժամը 11-ի կողմերը պիտի տեղ հասնեին։

- Բայց Դուք ժամ չեք ասել։

- Սկզբում ասել եմ՝ երեկոյան՝ ժ․ 20։00, բայց քանի որ Ջրականի հատվածում էդ վիճակն է հասել, արդեն պետք էր առավոտ, ասել եմ՝ շուտ հասեք։

- Մեր դեպքը եղել է ժ․ 16-17-ի սահմաններում, այսինքն՝ Ձեր պատկերացրած ժ․ 11-ից 5-6 ժամ հետո, եւ այդ ընթացքում ոչ մի մեքենա հասած չի եղել։ Ո՞նց կպարզաբանեք։

- Չեն հասցրել, բայց հետո 2-3 մեքենա եկած է եղել, այն անձնակազմը, որ խրամատ էր զբաղեցնելու։

- Դա՝ ժ․ 16-ի սահմաններում։ Ձեր ասած ժամից՝ 5-6 ժամ ուշ, դրա հրատապը էլ ո՞րն է։

- Հրատապը կայանում է նրանում, որ ականապատեին տարածքը, հակառակորդի ուժերը կանգնեցնեին։ Ես խնդիրը ուրիշ զորամասի եմ տվել արդեն, ժ․ 2-ի կողմերը սկսել են։

- Բա կապվե՞լ եք՝ տեսնեք՝ ուր են։

- Ես վիրավորվել եմ այդ օրը։ 

- Ժա՞մը։

- Երեկոյան․․․ Բայց հա,  իրենց շտաբի պետի հետ 10 անգամ կապվել ենք՝ արագացրեք, արագացրեք․․․

- Ե՞վ։ Զորքը 5 ժամ ուշանում է, այդ թվում՝ այն զորքը, որը լիցքավորման խնդիր չուներ՝ երթի առաջին ավտոմեքենան՝ շտաբի պետի՝ Դավիթ Հարությունյանի ղեկավարմամբ։

- Որ Դավիթն է ղեկավարել, բա խի՞ եք ինձ հարցնում։

- Դուք եք խնդիրը դրել։ Էդքան ուշացել են, բա էլ ի՞նչ հրատապ։

- Ելնելով իրադրությունից՝ ուշացել են, դրա համար եւս մեկ այլ միջոցի դիմել եմ, բայց հետագայում էդ անձնակազմը եկել, պաշտպանության է նստել՝ բացառությամբ  նռնականետային դասակի եւ ԻՍՎ–ի։

- Փաստացի, էդ մարդիկ չեն շտապել,- արձանագրեց մեղադրող Մարգարյանը։

- Ես իրավիճակը չեմ իմանում,- նշեց վկա Բուդաղյանը։

Ըստ գեներալի՝ երթի ընթացքում դադար չպիտի իրականացվի

Մարտական կանոնադրությունը սահմանում է, որ օդային հարձակման ժամանակ, երթը, որպես կանոն, շարունակվում է։ Այս առնչությամբ պաշտպան Նարեկ Գրիգորյանը հետաքրքրվեց՝  օդում ԱԹՍ-ի առկայությունը ենթադրո՞ւմ է հարձակում, թե՞ այն սոսկ վտանգ է։ Ի պատասխան՝ գեներալն ասաց՝ երկուսն էլ։ 

- Որպես կանոն ասելով՝ ինչ ենք հասկանում, կարելի՞ է ենթադրել, որ կան բացառություններ, եթե այո, դրանք սահմանող իրավական ակտ կա՞։

- Երթի ժամանակ ամեն 100 կմ-ից հետո 1 ժամ դադար է տրվում հանգստանալու համար, հաջորդ երթից հետո՝ 2-3 ժամ․․․

Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը եւս անդրադարձավ այս եզրույթին, նշեց՝ որպես կանոն-ը հայերենի իմաստով նշանակում է, որ կան բացառություններ։

Մեղադրողը նաեւ հայտնեց, որ ըստ հետազոտված ապացույցների՝ նախօրյակին զորքին հանձնարարել են մեքենաները լիցքավորել․ եթե այդ խնդիրը չի կատարվել, ԶՈՒ նորմատիվների համաձայն՝ պիտի՞ զեկուցվեր»,- հարցրեց նա։ Նշենք, որ լիցքավորման խնդրի պատճառով է, որ անձնակազմը երթի ընթացքում մի պահ շեղվել է բուն ճանապարհից։ Վկան միանշանակ պնդեց՝ ծառայության պետը պիտի դա զեկուցեր։

- Իսկ եթե երթին մասնակից անձնակազմից մեկը ԱԹՍ է նկատում, երթի մյուս մասնակիցներին պիտի՞ տեղեկացնի,- հետաքրքրվեց մեղադրողը։

- Այո։

- Իսկ եթե ԱԹՍ-ով պայմանավորված դադար է իրականացնում, այդ մասին ե՞ւս։

- Երթի ընթացքում դադար չպիտի լինի, հակառակը՝ պիտի մեծացնես արագությունը կամ մեքենաների միջեւ հեռավորությունը, դրա համար մեքենաներում դիտորդներ են նշանակվում,- պնդեց վկան։

Մեղադրող Հայկ Մարգարյանը վկայակոչեց ՀՕՊ զորքերի պետ Արմեն Վարդանյանի ցուցմունքը, որի համաձայն՝ եթե երթ է, ապա ճիշտ է երթը կանգնեցնել, պատսպարվել, բայց հնարավորության դեպքում դասակը կարող է նաեւ կենտրոնացած կրակ վարել՝ ծնկի գալով կամ պառկելով։

- ՀՕՊ պետը իր ցուցմունքում ասաց՝ համար մեկ խնդիրը պատսպարվելն է, համաձայն չե՞ք։

- Ես տենց չեմ գտնում։

- Արմեն Վարդանյանը, որպես ՀՕՊ-ի պետ, ցուցմունք է տվել, որ անձամբ զորամասերի մեծամասնությունում հրահանգել է՝ օդային հարձակման դեպքում պատսպարվել, հնարավորության դեպքում ձեռքին առկա միջոցներով խոցել։

- Բայց ոչ երթի ժամանակ, այլ եթե գտնվում ես մարտական գործողությունների մեջ։

- Նույն գեներալը ասում է՝ էդ տեղանքում Ուրալով 60-80 կմ/ժ արագություն ժամ զարգացնել հնարավոր չէ։

- Նույն գեներալը էնտեղ ե՞րբ է ծառայել, որ ասի, ես չեմ ասում՝ եսիմինչ արագություն, 100 չես կարող, 60 կարող ես։

- Անձնակազմը իջել եւ պատսպարվել է ըստ գեներալ Վարդանյանի նշած հրահանգի։ Սխա՞լ է արել։

- Հրամանատարն է որոշում՝ իրադրությունից ելնելով։

- Հրամանատարը, ցավոք, հանգուցյալ Տարոն Նիկողոսյանն է, սխալվե՞լ է։

- Ես չեմ իմանում՝ ինչ իրադրություն է եղել։

- Օդում ԱԹՍ է եղել, տեսել են եւ լսել են,- ընդգծեց մեղադրողը։

- Դուք ինձ ստիպում եք, որ ես զոհվածին գնահատական տամ, ես ի՞նչ իմանամ էդ իրադրության ժամանակ․․․ Եղել է դեպք՝ գնացել եմ, մտածել եմ՝ հենց ձայնը մոտենա, կկանգնեմ, բայց չի մոտեցել, չեմ կանգնել։ Ես ոչ մի տեղ չեմ կանգնել, վարորդին ասում էի՝ քշի,- նշեց վկան՝ հավելելով, որ հրամանատարը, ամեն դեպքում, կարող էր վերադասին զեկուցել, նոր իր այդ որոշումը կայացնել։

Հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 14-ին։

 

*Վկա Արտակ Բուդաղյանն առարկել է իրեն լուսանկարելու դեմ

Գլխավոր լուսանկարում՝ ձախից պաշտպանը, Անդրանիկ Վերանյանը

Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել