Մակրոնը Իրանի նախագահին զսպվածության կոչ է արել՝ նշելով, որ Իրանի միջուկային ծրագիրը լուրջ խնդիր է
22:23 - 14 հունիսի, 2025

Մակրոնը Իրանի նախագահին զսպվածության կոչ է արել՝ նշելով, որ Իրանի միջուկային ծրագիրը լուրջ խնդիր է

Հեռախոսազրույց են ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմմանուէլ Մակրոնը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ 

Այս մասին X-ի իր էջում գրել է Մակրոնը՝ ընդգծելով, որ առաջին հերթին ինքը պահանջել է ազատ արձակել իրենց երկու հայրենակիցներին, որոնք «անընդունելի պայմաններում» գերի են պահվում «իրանական ռեժիմի կողմից» ավելի քան 3 տարի։

«Հաշվի առնելով տարածաշրջանում իրավիճակի անկայունության լուրջ ռիսկը՝ ես կոչ եմ արել, որ Իրանում և ավելի լայն տարածաշրջանում գտնվող մեր դիվանագիտական ներկայացուցչությունները չթիրախավորվեն»,- գրել է նա՝ հավելելով, որ նաև կոչ է արել ցուցաբերել առավելագույն զսպվածություն՝ սրացումից խուսափելու համար։

«Իրանի միջուկային ծրագիրը լուրջ խնդիր է և պետք է լուծվի բանակցությունների միջոցով։ Դրա համար ես հրավիրել եմ նախագահ Փեզեշքիանին շտապ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և հասնել համաձայնության, որը դեէսկալացիայի միակ կենսունակ ճանապարհն է»,- նշել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ պատրաստ են ներդրում ունենալ և մոբիլիզացնել բոլոր ջանքերը՝ այդ նպատակին հասնելու համար։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային X-ի իր էջում գրել է․ «Իսրայելը թիրախավորում է խաղաղ միջուկային կայանները, ռմբակոծում է տները սպանում է իրանցիների սառնասրտորեն, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը։ Մինչդեռ Մակրոնն ընտրում է «հիմա»-ն Իրանի միջուկային ծրագրից խոսելու համար։ Կեղծավորությունը ապշեցուցիչ է»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել