aliq.ge: Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով, կորոնովիրուսի հետ կապված Վրաստանի օդանավակայաններում ուղևորներին կհետազոտեն: Ուղևորների հետազոտությունը կիրականանա Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդատվությամբ:
BBC-ն գրում է, որ Չինաստանում վիրուսը հաստատվել է 1200 մարդու դեպքում: Այն տարածվել է Եվրոպայում, Ամերիկայում և Ավստրալիայում: CoV անվամբ վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է Չինաստանի Ուխան քաղաքում, 2019-ի դեկտեմբերի վերջին։ Աշխարհի որոշ երկրների օդանավակայաններում Ուխան քաղաքից ժամանած զբոսաշրջիկներին հետազոտում են, իսկ որոշ քաղաքներից Ուխանի ուղղությամբ չվերթներն արգելվել են:
Սոցիալական ցանցերում շարունակվում են տարածվել տեսանյութեր, որտեղ քաղաքացիները փողոցի կենտրոնում կորցնում են գիտակցությունը, շտապ օգնության աշխատակիցները փորձում են նրանց բուժօգնություն ցուցաբերել:
Ալիք Մեդիայի հետ զրույցում Չինաստանում բնակվող օտարերկրացիներից մեկն ասում է.
«Բոլորիս բացատրել են՝ պետք է կրել բժշկական դիմակներ, նույնիսկ նշել են, թե կոնկրետ որ արտադրողի բժշկական դիմակներն է պետք ձեռք բերել: Այստեղ խոսակցություն է շրջանառվում, որ վիրուսի հետ կապված աղմուկը հիմնականում բարձրացել է օտարերկրացիների՝ Չինաստանը լքելու նպատակով: Օտարերկրացիներն այստեղ տեղեկատվության աղբյուր են, իսկ Չինաստանի կոմունիստական կուսակցությանը ձեռնտու չէ տեղեկատվությունը երկրից դուրս բերելը»:
Չինաստանի անգլալեզու մամուլում շրջանառվում է տեղեկություն, որ վիրուսը տարածվել է չղջիկներից, հիմնականում չղջիկների ապուրով սնվելու հետևանքով:
Ըստ Չինաստանում Վրաստանի դեսպան Արչիլ Կալանդիայի, այս պահին վիրուսի էպիկենտրոնում կան Վրաստանի քաղաքացիներ, սակայն անվտանգ տարածքում են, մնացածը տեղափոխվել են Չինաստանի այլ քաղաքներ: Վարակվածների շարքում չկան Վրաստանի քաղաքացիներ։
comment.count (0)