Քրեական գործ հարուցելու որոշմամբ որեւէ անձի իրավունք չի խախտվել. դատախազը առարկեց Դավիթ Գրիգորյանի պաշտպանի բողոքի դեմ |armtimes.com|
05:17 - 07 փետրվարի, 2020

Քրեական գործ հարուցելու որոշմամբ որեւէ անձի իրավունք չի խախտվել. դատախազը առարկեց Դավիթ Գրիգորյանի պաշտպանի բողոքի դեմ |armtimes.com|

armtimes.com։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում երեկ շարունակվեց դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպան Գեորգի Մելիքյանի բողոքի քննությունը: Պաշտպանը բողոքարկել է Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործ հարուցելու մասին որոշումը:

Դավիթ Գրիգորյանը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավոր է, որը 2019 թվականի մայիսի 18-ին Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշում էր կայացրել:

Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործը, սակայն, վերաբերում է այլ դեպքի: 2019 թվականի փետրվար ամսին քաղաքացի Սերգո Փանոսյանը Գլխավոր դատախազին հաղորդում էր ներկայացրել առերեւույթ պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ: Դրա հիման վրա քրեական գործի հարուցումը սկզբնապես մերժվել էր բավարար հիմքեր չունենալու պատճառաբանությամբ: Փանոսյանը, սակայն, Գլխավոր դատախազին էր բողոքարկել մերժման այդ որոշումը՝ հայտնելով առավել հիմնավոր փաստարկներ, որոնց հիման վրա էլ Դատախազությունը բեկանել էր գործ չհարուցելու մասին որոշումը, բավարարել քաղաքացու բողոքը եւ որոշում կայացրել քրեական գործի հարուցման մասին:

Հարուցված գործի շրջանակում հուլիսի 16-ին ՀՔԾ-ն խուզարկություն իրականացրեց դատավորի աշխատասենյակում՝ կնիքելով դրա դուռը: Բարձրագույն դատական խորհուրդը հայտնեց, որ նախապես տեղեկացված է եղել խուզարկության մասին, եւ հետեւում է իրադարձությունների ընթացքին: Ավելի ուշ Դավիթ Գրիգորյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելը), եւ միջնորդություն ներկայացվեց ԲԴԽ՝ դատավորի լիազորությունները դադարեցնելու համար: ԲԴԽ-ն բավարարեց միջնորդությունը՝ միաժամանակ արձանագրելով, որ դատավորի աշխատասենյակը կնիքելով՝ քննիչը կատարել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված գործողություն: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախորդ դատական նիստին Դավիթ Գրիգորյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը ներկայացրել էր իր բողոքը՝ պնդելով, որ Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է անհապաղ դադարեցման: Շարունակելով իր այդ պնդումը՝ այսօրվա դատական նիստին պաշտպանը մեղադրող կողմից հետաքրքրվեց, թե ում են նկատի ունեցել, երբ քրեական գործի հարուցման որոշման մեջ գրել են, որ դատական իշխանության ղեկավար մարմնի կողմից առերեւույթ պաշտոնեական կեղծիք է կատարվել:

Պաշտպանի խոսքով՝ այդ սուբյեկտը կարող է լինել հենց Դավիթ Գրիգորյանը, իսկ դա, ըստ նրա, կնշանակի, որ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը սկսվել է քրեական գործի հարուցման պահից, այսինքն՝ ավելի վաղ, քան ԲԴԽ-ն դրա համար թույլտվություն կտար. «Քրեական գործ հարուցելու օրվա դրությամբ չէր հաղթահարվել դատավոր Դավիթ Գրիգորյանի անձեռնմխելիությունը, մասնավորապես, ԲԴԽ-ից չէր ստացվել համաձայնություն՝ քրեական հետապնդում իրականացնելու համար»,- ասաց Մելիքյանը՝ հավելելով, որ անկախ այս դատարանի կողմից կայացվելիք որոշումից, արդեն իսկ առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով քրեական գործ հարուցելու որոշումը ոչ իրավաչափ է ճանաչվել:

ՀՔԾ քննիչ Խորեն Մեժլումյանը, պատասխանելով պաշտպանի հարցին, նշեց, որ խոսքը, բնականաբար դատավոր Դավիթ Գրիգորյանի մասին է: Նա, սակայն, պնդեց՝ քրեական գործ հարուցելու որոշումն ինքնին քրեական հետապնդում չի ենթադրում, եւ խնդրեց դատարանին մերժել բողոքը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Այնուհետեւ ելույթ ունեցավ մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը, ըստ որի՝ ոչ թե վարույթն իրականացնող մարմինը, այլ հաղորդում տված անձը՝ Սերգո Փանոսյանն է պարզել, որ դատավորի կողմից կատարվել է առերեւույթ հանցագործության տարրեր պարունակող գործողություն, եւ իրենք քրեական գործի հարուցման որոշման նկարագրական մասում պարզապես ուղիղ մեջբերել են այդ անձի խոսքը. «Սերգո Փանոսյանը դեպք է նկարագրել, հանգամանքներ է վկայակոչել՝ նշելով, որ դա վերաբերում է դատական իշխանության ղեկավար աշխատողին, ուստի կարող ենք եզրակացնել, որ վերաբերում է հենց նրա մատնանշած դատական գործը քննած դատավորին»,- ասաց դատախազը՝ հավելելով, որ եթե կոնկրետ դատավորի չվերաբերեր եւ վերացական լիներ, ապա բոլոր դատավորներին կդարձնեին փաստացի հետապնդվողներ: Ըստ դատախազի՝ քրեական գործի հարուցման որոշումը պաշտոնական փաստաթուղթ է, բայց այդ մեջբերումն անելով՝ չի նշանակում, թե իրենք պաշտոնապես հաստատել են, որ դատավորը կեղծիք է թույլ տվել:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել