armenpress.am։ Կառավարությունը հավանություն տվեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին»» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, որով Հանրային հեռուստաընկերությանը գովազդ հեռարձակելու իրավունք է տրվում: Ըստ նախագծի հիմնավորման, Հանրային հեռուստաընկերությանը գովազդ հեռարձակելու իրավունք վերապահելը բխում է հանրային շահերից և նպատակ ունի նպաստելու Հանրային հեռուստաընկերության կողմից իր սահմանադրական առաքելության պատշաճ իրականացմանը, այն է՝ տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովումը:
Ըստ այդմ՝ Հանրային հեռուստաընկերությունը հնարավորություն կունենա լրացուցիչ համալրելու իր եկամուտների աղբյուրները և գովազդից ստացվող միջոցներն ուղղելու տեխնիկական համալրման կարիքները հոգալուն, եթերացանցի բարելավմանը, արտադրվող հեռուստաարտադրանքին հասանելիության բարձրացմանը, նոր և առավել հետաքրքիր հեռուստանախագծերի ստեղծմանն ու կարևոր գաղափարների կենսագործմանը, կադրերի արտահոսքի կանխմանը և այլն: Նախագծով առաջարկվում է Հանրային հեռուստաընկերությանը վերապահել մեկ եթերային ժամվա ընթացքում մինչև 5 րոպե տևողությամբ գովազդ հեռարձակելու իրավունք:
Դրանից բացի, Հանրային հեռուստաընկերությունը պահպանում է նաև մշակութային, ուսումնական, գիտակրթական և սպորտային հեռուստահաղորդումների ցուցադրման ժամանակ դրանց հովանավորների վերաբերյալ համառոտ տեղեկություններ հրապարակելու իրավունքը:
Նախատեսվում է, որ Հանրային հեռուստաընկերությամբ գովազդի հեռարձակման մեկ եթերաժամի հաշվով մինչև 5 րոպե տևողությամբ գովազդի հեռարձակման ժամանակային սահմանափակումը չի ներառում հովանավորությամբ ստեղծված հեռուստահաղորդումների հովանավորների վերաբերյալ տեղեկություններ նշելու դեպքերը: Բոլոր դեպքերում, հովանավորների վերաբերյալ տեղեկությունների հրապարակումը չպետք է գերազանցի հաղորդման ընդհանուր տևողության 2,5 տոկոսը: Կարգավորվել են նաև սոցիալական գովազդի ցուցադրման հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես՝ սոցիալական գովազդը, կախված եթերաժամից, կարող է հեռարձակվել վճարովի կամ անվճար հիմունքներով:
Կառավարությունը նախագիծն ուղարկել է Ազգային ժողով:
comment.count (0)