Թույլ չտանք մեզ շեղել «Նոր Հայաստանի» կայացման և օրենքի գերակայության հաստատման օրակարգից. «Ժառանգություն»
13:42 - 07 փետրվարի, 2020

Թույլ չտանք մեզ շեղել «Նոր Հայաստանի» կայացման և օրենքի գերակայության հաստատման օրակարգից. «Ժառանգություն»

Հայաստանյան վերջին զարգացումները թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության ոլորտներում հստակ ազդակներ են հաղորդում, որ մեր պետության ժողովրդավարական և իրավական բարեփոխումների ընթացքը բախվել վտանգավոր խոչընդոտների: «Ժառանգությունը»՝ իբրև 2018 թ. գարնանային հեղափոխության հիմքում ընկած արժեքների և «Նոր Հայաստանի» գաղափարախոսության հետևողական դավանորդ քաղաքական ուժ, շեշտում է, որ Հայաստանում դարձյալ գլուխ են բարձրացնում հին ու տխրահռչակ ուժերը, որոնք ցանկանում են «ոտքերը մաքրել» առաջընթացի մեր հույսերի ու ծրագրերի վրա: Եվրոպական և միջազգային գործընկեր կառույցները ուշադրություն են սևեռում գաղափարական պայքարից դեպի միջանձնային պայքարի անցման, ինչպես նաև սայթաքելու հնարավորության վրա՝ հորդորելով լիցքաթափել իրավիճակը և երաշխավորել սահմանադրության բնականոն գործունեությունը:

«Ժառանգությունը» համոզված է, որ 2015 թ. ժողովրդի կողմից մերժված, կեղծված սահմանադրությունը միանշանակ պետք է փոփոխվի քաղաքական համերաշխության մթնոլորտում՝ ժողովրդավարական արժեքներին հավատարիմ: Հայաստանի ինքնիշխան, անվտանգ և կայուն զարգացումն ապահովելու համար պարտադիր է իշխանության բոլոր թևերի միջև հակակշիռների գործուն մեխանիզմների և փոխվերահսկողության օրենսդրական ապահովումը:

«Ժառանգություն» կուսակցությունը կոչ է անում ՀՀ իշխանության բոլոր թևերին՝ գործադիր, օրենսդիր և դատական, արտախորհրդարանական քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությանը հաստատել փոխգործակցության մթնոլորտ: Գործադիր իշխանությունը բարեփոխումներն ավարտին հասցնելու լուրջ առաքելություն ունի, համախմբելու ժողովրդավարական և իրավական Հայաստանի կայացմանը հավատարիմ գործունակ բոլոր ուժերին, այլ ոչ թե հասարակությունը կրկին բաժանել սևերի և սպիտակների: Այս ճանապարհին մեր անվերապահ պատրաստակամությունն ենք արտահայտում աշխատելու և գործնական քայլեր կատարելու: Թույլ չտա՛նք Հայաստանի Հանրապետությանը շեղելու «Նոր Հայաստանի» կայացման և օրենքի գերակայության հաստատման օրակարգից:

«Ժառանգությունը» նշում է, որ մենք ցայսօր չունենք ժողովրդի կամքն արտահայտող օրինական սահմանադրություն, ուստի պետք է հանրաքվեով փոխել ողջ սահմանադրությունը, որի կամքն արտահայտել է գործող իշխանությունը՝ կազմելով հանձնաժողով, դրա շնորհիվ կբարեփոխվի նաև ՍԴ-ին վերաբերող հոդվածների համախումբը: Այսօր առաջարկվող հատվածական փոփոխությունները և հանրաքվեները հարցի հանգուցալուծման արդյունավետ ուղի չեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել