tert.am: Չափազանց ցանկալի կլիներ, որ այս բարեփոխման պայքարին խորհրդարանական երեք ուժերով գնայինք, բայց «Լուսավոր Հայաստանը» ինչպես մյուս դեպքերում, այդպես էլ այս դեպքում որոշեց ճանապարհի կեսից ուրիշ ճանապարհ ընտրել ու չմասնակցել քննարկումներին:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը` անդրադառնալով ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանի այն հայտարարությանը, որ ԼՀԿ պատգամավոր Աննա Կոստանյանի հետ միասին դադարեցնում են մասնակցել ատելության դեմ պայքարի նպատակով ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքներին։
«Իրենց գործն է, ամեն դեպքում` մեր խմբակցությունը հանձնառություն է ստանձնել, նախընտրական խոստում ունի նաև բռնությունից զերծ հանրություն կառուցելու, և այս առումով մենք աշխատելու ենք»,- նշեց պատգամավորը:
Հարցին, թե ատելության դեմ պայքարի նպատակով ստեղծված աշխատանքային խումբը ինչ է անելու այս ընթացքում, Սարգիս Խանդանյանը պատասխանեց, որ այս ընթացքում մի քանի տեխնիկական հարցեր են լուծվել, նաև քննարկումներ են իրականացրել պետական այլ մարմինների հետ։ Պատգամավորի խոսքով՝ քննարկումները շարունակվելու են և արդեն մի շարք հասարակական կազմակերպություններ են միանալու։
«Դատախազությունը նախկինում մշակած նախագիծ ուներ։ Գլխավոր դատախազության ներկայացուցչին խնդրել ենք՝ այդ նախագծը հաջորդ քննարկման ժամանակ ներկայացնել, որ հասկանանք, թե որքանով է այդ նախագիծը կիրառական մեր պատկերացումների հետ»,- ասաց նա։
comment.count (0)