Գավառում եւ Մարտունիում բացվել են ընտանեկան բռնության ենթարկված կանանց աջակցության կենտրոններ |armenpress.am|
15:16 - 11 մարտի, 2020

Գավառում եւ Մարտունիում բացվել են ընտանեկան բռնության ենթարկված կանանց աջակցության կենտրոններ |armenpress.am|

armenpress.am: Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում եւ Մարտունի քաղաքում պետական աջակցությամբ բացվել եւ գործում են Ընտանեկան բռնության ենթարկված կանանց աջակցության կենտրոններ: Այս մասին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի մոտ հրավիրված հանդիպման ժամանակ հավաստեց «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ, նորաստեղծ կենտրոնների գործունեության համակարգող Անահիտ Գեւորգյանը:

«Ընտանեկան բռնության ենթարկված կանանց աջակցության մարզային նորաբաց կենտրոնների նպատակն է աջակցություն ցուցաբերել ընտանեկան բռնության ենթարկված կանանց և երեխաներին, նրանց անվճար հիմունքներով տրամադրել ապաստարաններ, իրավաբանական, հոգեբանական, փաստաբանական ուղղորդումներ:  Աշխատանքները կենտրոններում  իրականացվում են հոգեբանի, իրավաբանի և սոցիալական աշխատողի միջոցով:

Կենտրոններ կարող են դիմել բռնության ենթարկված անձինք,  երեխաներ, որտեղ նրանք կստանան անհրաժեշտ խորհրդատվություն, աջակցություն եւ ապաստան՝ խնդիրների լուծման ընթացքում: Բոլոր տեսակի ծառայությունները մատուցվում են անվճար:

Ծրագրի տեւողությունը մեկ տարի է:  Այս ծրագիրը կարեւորվում է նրանով, որ ավելի ընդգրկուն  կանխարգելիչ  գործունեություն է ծավալում եւ լրացնում այն բացը, որն առկա է ոստիկանության անչափահասների տեսչության գործունեության մեջ: Մենք ակնկալում ենք մարզպետարանի եւ պետական այլ կառույցների աջակցությունը բռնության ենթարկված անձանց մեր կենտրոններ ուղղորդելու հարցում:

Ակնկալում ենք  մարզպետարանի աջակցությունը նաև մարզային ենթակայության կրթական հաստատություններում բռնության ենթարկված ծնողների հետ հանդիպումներ կազմակերպելու համար»,- նշեց Անահիտ Գևորգյանը:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը կարևորեց նման կենտրոնների դերը մարզի տարբեր տարածաշրջաններում, հույս հայտնելով, որ դրանք իրենց գործունեությամբ կմեղմեն ընտանեկան բռնության դեպքերը: Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին` իրազեկման  եւ հետագա համագործակցության նպատակով առաջիկայում կազմակերպել  եւս մեկ հանդիպում, որին կմասնակցեն ընտանեկան բռնության կանխարգելման գործում շահագրգռվածություն ցուցաբերող կազմակերպությունների ներկայացուցիչները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել