Դեռևս նման հարց քննարկելու կարիք չկա. Տիգրան Ավինյանը՝ դասերը դադարեցնելու մասին |armenpress.am|
12:29 - 12 մարտի, 2020

Դեռևս նման հարց քննարկելու կարիք չկա. Տիգրան Ավինյանը՝ դասերը դադարեցնելու մասին |armenpress.am|

armenpress.am: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կառավարության այսօրվա նիստում բարձրացրեց կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար ուսումնական հաստատություններում դասերի դադարեցման հարցը։ Նրա խոսքով՝ այդ հարցով իրենց շատ են դիմում և հետաքրքրվեց, թե ինչ դիրքորոշում կարո՞ղ է լինել:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ նմանատիպ որոշումների համար կոնկրետ հիմնավորումներ են պետք, որոնք կվկայեն այն մասին, որ արդեն ունենք վիրուսի տարածում։ «Մեր դեպքերը շատ տեղայնացված ու կոնկրետ են, մարդիկ են, ովքեր ի սկզբանե եղել են վերահսկողության տակ։ Եվ դեռևս նման հարց քննարկելու կարիք չկա, և խուճապի կարիք նույնպես չկա, որովհետև իրականում տարածաշրջանում  նվազագույն դեպքերով երկիրն ենք։

Եվ բավական խիստ վերահսկողություն է իրականացվում բոլոր անցակետերում։ Բայց, այնուամենայնիվ, մենք օպերատիվ ռեժիմով աշխատում ենք և Առողջապահության, և Արտաքին գործերի նախարարությունների հետ։ Եթե հարց ու կարիք լինի, նմանատիպ որոշումը հենց մեկ օրվա ընթացքում կկայացնենք»,- նշեց Տիգրան Ավինյանը։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ նախարարությունն այս հարցի հետ կապված որոշումները  կայացնում  է՝ հաշվի առնելով այն ցուցումները, որոնք կան համապատասխան գերատեսչություններից։ «Դրանք կքննարկվեն, և հասարակությունն անպայման տեղյակ կպահվի։ Զուտ բացակայությունների հետ կապված ուզում եմ ասել, որ հաճախելիությունը մոտ 90 տոկոս է, մարզերում ավելի քիչ, Երևանում՝ մի փոքր ավելի շատ»,- ասաց Արայիկ Հարությունյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել