armtimes.com: Վայոց Ձորի Զառիթափ գյուղում «Այո»-ի քարոզչության շրջանակում իր ելույթն ամփոփելով՝ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց կորոնավիրուսի հետ կապված տարաբնույթ լուրերի եւ դրա հետ կապված ռիսկերով պայմանավորված քարոզչությունն ընդհատելու կոչերի մասին:
«Եկեք պայմանավորվենք, որ ինֆորմացիայի աղբյուրը կառավարությունն է: Քանի դեռ կառավարությունը չի ասել, որ որեւէ բան այսպես է, լուրերին մի հավատացեք: Գիտեք, էլի, հիմա կսկսեն լեգենդներ հնարել, եւ արդեն հնարում են: Մենք հիմա, փառք Աստծո, կորոնավիրուսի առումով ամենավատ վիճակում գտնվող երկրներից չենք»,- ասաց նա:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք համաճարակային վիճակի հետ կապված՝ քարոզարշավն անհրաժեշտ չէ ընդհատել՝ նա նշեց. «Մեզ համար չի կարող լինել որեւէ քաղաքական նպատակ ավելի բարձր, քան ՀՀ քաղաքացիների առողջությունը եւ անվտանգությունն է: Եթե կզգանք, որ ինչ-որ բան էն չի, չենք թողնի, որ որեւէ մեկը մեզնից առաջ որեւէ որոշում կայացնի: Ամեն դեպքում, ուզում եմ՝ բոլորիդ խնդրեմ, որ չնայած ձեր օդը մաքուր է, բայց Առողջապահության նախարարության հրապարակած պլակատներում գրված խորհուրդներին հետեւեք»:
Զառիթափում քաղաքացիները հարցեր ուղղեցին Նիկոլ Փաշինյանին նաեւ Ամուլսարի հանքի շահագործման մասին. «Մեր որոշումը պիտի հիմնված լինի ճշմարտության վրա: Մի բանում համոզված եղեք, որ մենք ճշմարտությունը չենք ծռի, եթե ինքն էլ ծռվի, կուղղենք»,- նշեց նա՝ հիշեցնելով, որ Ջերմուկում ծավալուն անդրադարձ է կատարել Ամուլսարի խնդրին:
comment.count (0)