armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 867 հազար 126-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 115 հազարը: Ապաքինվել է ավելի քան 434 հազար մարդ:
Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 560 հազար 433 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 22 հազար 115 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 169 հազար 496: Մահացության ցուցանիշը 17 հազար 489 է:
Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 156 հազար 363 է: Վարակից մահացել է 19 հազար 899 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 132 հազար 591 հաստատված դեպք, մահացել է 14 հազար 393 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 127 հազար 854 հաստատված դեպք կա, մահացել է 3 հազար 22 մարդ: Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան՝ շրջանցելով վարակի ծագման երկիր Չինաստանին: Մեծ Բրիտանիայում կա 84 հազար 279 հաստատված դեպք, մահացության ցուցանիշը կազմում է 10 հազար 612:
Չինաստանն առանձնանում է 82 հազար 160 ընդհանուր, 108 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 3 հազար 341 մարդ։ Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 73 հազար 303: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 հազար 585 մարդ: Թուրքիայում վարակվածների թիվը 56 հազար 956 է, Բելգիայում՝ 30 հազար 589 է, Նիդերլանդներում՝ 26 հազար 551 է, Շվեյցարիայում՝ 25 հազար 503 է:
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 266 դեպք կա, Ռուսաստանում` 18 հազար 328: ՌԴ-ում մահացել է 148 մարդ:
Արաբական երկրներից Միացյալ Էմիրություններում վարակվածների թիվը կազմում է 4 հազար 123, այստեղ գրանցվել է մահացության 22 դեպք: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 3 հազար 231 մարդ: Վարակից մահվան 7 դեպք է արձանագրվել: Արաբական վերը նշված երկրների համեմատ մահացության ցուցանիշը բարձր է Եգիպտոսում, այստեղ 159 մարդ է մահացել, սակայն ցածր է վարակվածության թիվը: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 2065: Իրաքում վարակվածների թիվը 1352 է, մահացության ցուցանիշը 76 է: Քուվեյթում գրանցվել է մահացության 2 դեպք, վարակվածության՝ 1300:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:
Եվրահանձաժողովի աշխատակազմի՝ կորոնավիրուսով վարակված անդամներից մեկը մահացել է
Եվրոպական հանձնաժողովի աշխատակազմի անդամներից մեկը, որ վարակված է եղել կորոնավիրուսով, ապրիլի 12-ին մահացել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այդ մասին «Թվիթեր»-ում գրառում է կատարել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: «Ես ցավով տեղեկացնում եմ, որ նախօրեին հանձնաժողովի աշխատակազմի անդամներից մեկը մահացել է: Նա վարակված էր կորոնավիրուսով»,-գրել է նա:
Բելգիայում մարտի 14-ից ապրիլի 19-ը գործում են մեկուսացման միջոցներ: Նշվում է, որ ժամկետները կարող են երկարացվել մինչև մայիսի 3-ը: Վերջին օրերին բժիշկներն արձանագրում են ավելի քիչ թվով հոսպիտալացման և ավելի շատ ապաքինման դեպքեր:
Հարավային Կորեան ԱՄՆ կուղարկի կորոնավիրուսի ախտորոշման 600 հազար թեստ
Հարավային Կորեան նախատեսում է ԱՄՆ ուղարկել կորոնավիրուսի ախտորոշման 600 հազար թեստ: Ավելի վաղ նման խնդարնքով Սեուլին դիմել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Թեստերը կուղարկվեն ապրիլի 14-ին: Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 1 մլն 850 հազարից, մահացածների ցուցանիշը 114 հազարից ավելի է: Ապաքինվել է 429 հազար 196 մարդ: Թեժ կետերը համարվում են ԱՄՆ-ն, Իսպանիան, Իտալիան:
Իրանցի գիտնականների խումբն ստեղծել է նախկինում կորոնավիրուսով հիվանդացած լինելը հաստատող թեստ
Թեհրանի բժշկական համալսարանի առողջապահության ֆակուլտետի պաթոբիոլոգիական բաժնի մի խումբ հետազոտողներ ստեղծել են սերոլոգիական ախտորոշման եղանակով կորոնավիրուսով նախկինում վարակված լինելու փաստը հաստատող թեստեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ ըստ հետազոտողների խմբի և սերոլոգիական ախտորոշման թեստի ծրագրի ղեկավար, Թեհրանի բժշկական համալսարանի իմունոլոգիայի բաժնի դասախոս, դոկտոր Զառնանի՝ այս նոր թեստի միջոցով հնարավոր է հստակ ախտորոշել՝ անձը նախկինում հիվանդացե՞լ է կորոնավիրուսով, թե ոչ, մինչդեռ նախկին թեստերը վարակի 14-օրյա շրջանի ավարտից և հիվանդի ապաքինումից հետո ի վիճակի չեն հաստատել անձի՝ կորոնավիրուսով հիվանդացած լինելու փաստը: Դդոկտոր Զառնանը նշում է, որ այս թեստերը բացարձակ ճշգրտությամբ ախտորոշում են նախկինում այս վիրուսով հիվանդացած լինելու փաստը և մեծ աջակցություն կցուցաբերեն այն մարդկանց, ովքեր նախկինում հիվանդացել են, բայց հիվանդության ախտանիշների թույլ լինելու պատճառով չեն կռահել այդ մասին: «Նախկինում հիվանդացած և առանց բարդության հիվանդությունն անցկացրած մարդիկ իմունիտետ են ձեռք բերել, բացարձակ անվտանգ են հասարակության այլ անդամների համար և առանց տնից դուրս գալու սահմանափակումների կարող են հանգիստ վերադառնալ իրենց առօրյա կյանքին ու բնականոն աշխատանքին»,-պնդում են իրանցի գիտնականները:
Շվեդիայում կտրուկ ավելացել է համակարգիչների ու հարակից տեխնիկայի նկատմամբ պահանջարկը
Շվեդիայում կորոնավիրուսի տարածումը հանգեցրել է համակարգիչների և հարակից տեխնիկայի նկատմամբ պահանջարկի կտրուկ աճի: Քանի որ մեծ թվով մարդիկ ստիպված են աշխատել տանից, հետևաբար ավելացել է նաև նման տեխնիկայի նկատմամբ պահանջարկը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ռեգնում» գործակալությունը, հղում կատարելով շվեդական «Sveriges Radio»-ին, նշում է, որ էլեկտրոնիկայի մասնագիտացված խանութներից մեկում վաճառքի ցուցանիշներն աճել են 1500 տոկոսով: Խանութներում նշել են, որ այս փուլում պահանջված են սեղանի համակարգիչները, նոութբուքերը, տպիչները, վեբ-տեսախցիկները, մոնիտորները, ստեղնաշարերը, ականջակալները: Տարբեր խանութների ցանցերում նշում են, որ ամենից շատ նկատվում է ականջակալների վաճառքի մեծ աճ:
Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների կեսից ավելին առողջացել է
Գերմանիայում կորոնավիրուսով վարակված անձանց կեսից ավելին առողջացել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Գերմանիայում վարակվածության ընդհանոր թիվը 127 հազար 854 է: Առողջացել է 64 հազար 300 մարդ: Մահացության ցուցանիշը երկրում մեկ օրում ավելացել է 126-ով՝ հասնելով 3 հազար 22-ի: «Deutsche welle»-ն, հղում կատարելով Ռոբերտ Կոխի ինստիտուտին, նշում է, որ վարակվածների ու մահացածների նոր դեպքերի թիվը երրորդն օրն անընդմեջ նվազում է: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ապրիլի 15-ին կանցկացնի հեռախոսային կոնֆերանս դաշնային երկրամասերի ղեկավարների հետ, որպեսզի քննարկի կորոնավիրուիս դեմ պայքարի հետագա գործողությունները: Օրակարգային թեմաներից է լինելու մտցված սահմանափակումների հնարավոր մեղմացումը:
Ավելին՝ armenpress.am-ում
comment.count (0)