Պատգամավորներն առաջարկում են սահմանել տախոգրաֆի պարտադիր առկայություն միջպետական ուղեւորափոխադրումներ իրականացնելիս |armtimes.com|
22:17 - 16 ապրիլի, 2020

Պատգամավորներն առաջարկում են սահմանել տախոգրաֆի պարտադիր առկայություն միջպետական ուղեւորափոխադրումներ իրականացնելիս |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ՝ Արթուր Դալլաքյանը, Արթուր Գրիգորյանն ու Արտյոմ Ծառուկյանը շրջանառության մեջ են դրել նախագիծ, որով առաջարկում են միջպետական ուղեւորափոխադրումներ իրականացնելիս ավտոտրանսպորտային միջոցներում պարտադիր պայման սահմանել տախոգրաֆի առկայությունը։ 

Նշենք, որ տախոգրաֆը մեքենայի մեջ տեղադրվող սարք է, որն արձանագրում է մեքենայի արագությունը, անցած ճանապարհը եւ վարորդի վարելու եւ հանգստի ռեժիմները:

Պատգամավորները կարծում են, որ ավտոտրանսպորտային ոլորտում ՀՀ ներկայիս օրենսդրությունում մի շարք կարգավորումներ բացակայում են։ Այդ պատճառով միջպետական կանոնավոր եւ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնելու ժամանակահատվածում չկա որեւէ երաշխիք առ այն, որ ուղեւորների կյանքին կամ առողջությանը որեւէ վտանգ չի սպառնում:

«Այդպիսի վտանգների առաջին աղբյուրն այն է, որ օրենքով սահմանված չէ տախոգրաֆի առկայության պարտադիրությունը միջպետական ուղեւորափոխադրումներ իրականացնելիս: Արդյունքում ստեղծվում է իրավիճակ, երբ վարորդը առանց հանգստի`սահմանված նորմերի խախտմամբ, շարունակում է վարել մեքենան, դրանով վտանգելով թե՜ իր, թե՜ ուղեւորների կյանքը եւ առողջությունը»,- նշել են նրանք հիմնավորման մեջ:

Նրանք անդրադարձել են նաեւ միջազգային փորձին՝ նշելով, որ տախոգրաֆի առկայության պարտադիր պահանջ է սահմանված ՌԴ-ում, Իսպանիայում, Ֆրանսիայում, «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» Եվրոպական համաձայնագրին միացած երկրներում:

ՌԴ-ում տախոգրաֆի հետ կապված կանոնները խախտելու համար սահմանված է տուգանք` 3-ից 50 հազար ռուբլի:

Իսպանիայում նույն արարքների համար տուգանքները տատանվում են 400-ից մինչեւ 6000 եվրո:

Այսպիսով՝ նախագծով առաջարկվում է սահմանել տախոգրաֆի պարտադիր առկայություն միջպետական ուղեւորափոխադրումներ իրականացնելիս:

Առաջարկվում է մեկ միասնական պատասխանատվության չափ թե միջպետական ուղեւորափոխադրման, թե միջպետական բեռնափոխադրման ժամանակ տախոգրաֆի բացակայության, անսարքության դեպքերի համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել