Արևային էլեկտրակայանի կառուցման համար Արփունքում ֆիզանձանց պատկանող որոշ տարածքներ հանրային գերակա շահ ճանաչվեցին |hetq.am|
13:42 - 14 մայիսի, 2020

Արևային էլեկտրակայանի կառուցման համար Արփունքում ֆիզանձանց պատկանող որոշ տարածքներ հանրային գերակա շահ ճանաչվեցին |hetq.am|

hetq.am: Կառավարության այսօրվա նիստում որոշվեց Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման  ներդրումային  ծրագրի իրականացման նպատակով Գեղամասար համայնքի Արփունք բնակավայրում գտնվող ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող որոշ տարածքների նկատմամբ ճանաչել հանրային գերակա շահ։

Ծրագիրը նպաստում է ընդհանուր էներգետիկ հաշվեկշռում վերականգնվող էներգիայի մասնաբաժնի մեծացմանը, էներգետիկ անվտանգության և սպառողների էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացմանը։

Որոշման նախագծում նշված է, որ ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել` առանց որոշման հավելվածում նշված տարածքների օտարման, քանի որ էլեկտրահաղորդման գծի կառուցումն ու շահագործումն անհնար է առանց հենարանների տեղակայման համար անհրաժեշտ հողատարածքների ձեռքբերման, որոնց ընտրությունն իրականացվել է սահմանված շինարարական և տեխնիկական նորմերի շրջանակներում` բնակավայրերի, պատմամշակութային հուշարձանների, բնապահպանական տարածքների և ենթակառուցվածքների շրջանցմամբ։

«Այդ տարածքների նկատմամբ բացառիկ` հանրության գերակա շահի ճանաչումը չհիմնավորված վնաս չի պատճառում սեփականատերերին, քանի որ ծրագրի շրջանակներում կառուցվող բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի նախագծման փուլում հաշվի են առնվել բոլոր շահագրգիռ մարմինների և ազդակիր համայնքների առաջարկություններն ու դիտողությունները, և ֆիզիկական անձանց պատկանող հողամասերը հնարավորինս շրջանցվել են»,- ասված է նախագծում։

Նշված տարածքները ձեռք է բերելու «Էֆարվի Մասրիկ» ՓԲԸ-ն, սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնական ժամկետը 2020 թվականի դեկտեմբերի 30-ն է։

Ըստ նախագծի՝ սեփականության oտարման գործառույթների իրականացումը համակարգող լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել