ՀՀ Ազգային ժողովն այսօր մեկնարկած քառօրյա նստաշրջանի առաջին նիստում քննարկում է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու եւ մեղադրանք առաջադրելու՝ գլխավոր դատախազի միջնորդագիրը։
Նիստին ներկա է 121 պատգամավոր․ Գագիկ Ծառուկյանը բացակայում է։
Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագիրը պատգամավորների քննարկմանն է ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Նա ներկայացրեց, որ պաշտոնական լիազորությունները չարաշահելու, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու, ստանալու, ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը, հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական շահագրգռվածությունից ելնելով, շինարակական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, խոշոր և առանձնապես խոշոր կաշառք ստանալու դիմաց, 2019թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների կայացմանը՝ կազմակերպելով բազմաբնակարան շենքերի, շինությունների կառուցապատման համար անհրաժեշտ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ փաստաթղերի անխոչընդոտ ստացման գործընթացը՝ դրան նպաստելու համար կապ հաստատելով Երեւանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնյաների հետ, ինչպես նաեւ իր իրավասության մեջ մտնող անհրաժեշտ փաստաթղթերի առավել արագ ձեւակերպումը եւ անարգել տրամադրումը։
Նախաքննությամբ պարզվել է, որ շինաշխատանքեր իրականացնող՝ «Երեւանշին» ընկերության խորհրդի նախագահը, նպատակադրվելով ստանալ «ՀՀ վաստակավոր շինարար» պատվավոր կոչումը, իր ընկերոջ հետ նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով՝ 2 մլն 379 հազար 950 դրամին համարժեք 5 հազար դոլար կաշառք է տվել ՀՀ քաղշինկոմիտեի նախագահին։
Ինչպես նշեց գլխավոր դատախազը՝ այս քրգործի ընթացքում հանցավոր ճանապարհով ձեռքբերված առարկաներ ու արժեքներ, ինչպես նաեւ այլ առարկաներ եւ փաստաթղթեր, որոնք կարող են նշանակություն ունենալ գործի համար, հայտանբերելու նպատակով, «Երեւանշին» ՍՊԸ-ում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել են «Հաշվետվություն» վերտառությամբ փաստաթղթեր՝ Գեղարքունիքի մարզի տարբեր ընտրատեղամասերում 2017-ին կայացած ԱԺ ընտրությունների ընթացքում ԲՀԿ-ի նախընտրական միջոցառումների, դրանց ծախսերի, ներառյալ ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ։
Քրեական գործի մնացյալ մանրամասները հայտնելուց հետո՝ գլխավոր դատախազը միջնորդեց համաձայնություն տալ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, նրան որպես մեղադրյալ ներգրավելուն եւ մեղադրանք առաջադրելուն։
comment.count (0)