12 և ավելի տոննա զանգված ունեցող ավտոմեքենաները պետք է վճարեն Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար
17:10 - 29 օգոստոսի, 2020

12 և ավելի տոննա զանգված ունեցող ավտոմեքենաները պետք է վճարեն Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նախատեսում է ճանապարհային նոր վճար գանձել։

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը նախարարությունն այսօր հանրային քննարկման է ներկայացրել։

Ըստ քննարկման ներկայացված նախագծի՝ Հայաստանի տարածքում գրանցված (հաշվառված), չգրանցված 12 և ավելի տոննա առավելագույն թույլատրելի զանգված ունեցող ավտոմեքենաներով Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներից օգտվողները պետք է վճարեն ճանապարհային վճար:

Ճանապարհային վճարի դրույքաչափը սահմանվելու է անցած ավտոմոբիլային ճանապարհի յուրաքանչյուր կիլոմետրի համար՝ մինչև 50 դրամը ներառյալ: Ճանապարհային վճարի դրույքաչափը յուրաքանչյու տարվա համար սահմանելու է կառավարությունը:

Ճանապարհային վճար կատարողն իրավունք է ունենալու պահանջել ճանապարհային վճարը գանձող կազմակերպությունից կատարելու հաշվարկ, վերահաշվարկ, բողոքարկել ճանապարհային վճարը գանձող կազմակերպության կամ պաշտոնատար անձանց գործողությունները, հետ պահանջել և ստանալ վերադարձման ենթակա ճանապարհային վճարի գումարները, ստանալ համապատասխան տեղեկանք ճանապարհային վճարի վճարման մասին:

Եթե 12 և ավելի տոննա առավելագույն թույլատրելի զանգված ունեցող ավտոմեքենայի վարորդն առանց այդ վճարի երթևեկի ընդհանուր օգտագործման պետական միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներով, կտուգանվի 50 հազար դրամի չափով, իսկ վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին այդ խախտումը կատարելու դեպքում՝ 100 հազար դրամի չափով։

Հայաստանում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային վճարի վճարումից ազատվելու են՝ 

1) Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները` իրենց պաշտոնական օգտագործման բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների համար.

2) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի տարածք մարդասիրական և տեխնիկական օգնություններ, բարեգործական ծրագրերի շրջանակներում բեռներ փոխադրող ճանապարհային վճար վճարողներն` այդ փոխադրումների համար.

3) Հայաստանում տեղակայված` Ռուսաստանի Դաշնության ռազմակայաններ բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով փոխադրումներ իրականացնող ճանապարհային վճար վճարողներն` այդ փոխադրումների համար:

Հայաստանում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային վճարի արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր են համարվելու

  • Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անձնակազմի անդամների համար՝ դիվանագիտական վկայականը.

  • Հայաստանի տարածք մարդասիրական և տեխնիկական օգնության, բարեգործական ծրագրերի շրջանակներում բեռներ փոխադրող ճանապարհային վճար վճարողների համար՝ նշված ծրագրի իրականացման վերաբերյալ իրավական ակտը (այդ թվում՝ Հայաստանի միջազգային պայմանագիրը), իսկ դրանց բացակայության դեպքում՝ լիազորված մարմնի որոշումը.

  • Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության ռազմակայաններ բեռներ և զինվորներ փոխադրող ճանապարհային վճար վճարողների համար՝ Ռուսաստանի Դաշնության ռազմակայանների տնօրինության տված տեղեկանքը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել