hetq.am: Նոր ուսումնական տարուն զուգահեռ Երևանի քաղաքապետարանը նախատեսում է շահագործել պահուստային 50-ից ավելի ավտոբուս: Այդ ավտոբուսները պատկանում են Երևանի քաղաքապետարանի «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին:
Այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Ավտոբուսները երթուղի դուրս կգան, որպեսզի ուղևորները համավարակի պայմաններում պարտադրված չլինեն մարդաշատ հասարակական տրանսպորտով երթևեկել: Նշենք, որ սեպտեմբերի 15-ից բոլոր աշակերտների և ուսանողների համար բացվելու են դպրոցներն ու բարձրագույն ուսումնական հաստատությունները:
«Այժմ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: Ավտոբուսներն աշխատանքային վիճակի են բերվում, որպեսզի ընդգրկվեն երթուղային ցանցում»,- նշեց Հակոբ Կարապետյանը:
Սակայն թե երբ պահուստային ավտոբուսները կշահագործվեն, դեռևս հստակ չէ: Քաղաքապետարանը նաև դեռ չի հայտնում, թե այդ ավտոբուսները որ երթուղին են սպասարկելու: Կարապետյանի փոխանցմամբ՝ դրանց շահագործման երթուղին որոշելու համար քաղաքապետարանում այժմ քննարկումներ են ընթանում:
comment.count (0)