4.739.000մ3 ջրի չհիմնավորված կորուստ՝ Վայքի ինքնահոս ոռոգման համակարգի շահագործման արդյունքում. հարուցվել է քրեական գործ
16:45 - 04 սեպտեմբերի, 2020

4.739.000մ3 ջրի չհիմնավորված կորուստ՝ Վայքի ինքնահոս ոռոգման համակարգի շահագործման արդյունքում. հարուցվել է քրեական գործ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են Վայքի ինքնահոս ոռոգման համակարգով 2019թ.  մատակարարված ջրի հայտերի, փաստացի մատակարարված ջրաքանակների, փաստացի ոռոգված հողատարածքների և համակարգի կորուստների վերաբերյալ Ջրային կոմիտեից ստացված փաստաթղթերը:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Վայքի տարածաշրջանի հողերի ոռոգման նպատակով ոռոգման շրջանում և Արփա գետի բնապահպանական թողքը ապահովելու նպատակով ամբողջ տարի Կեչուտի ջրամբարից ջրի բացթողումն իրականացվում է «Եղեգնաձոր» ՋՕ ընկերության ներկայացրած հայտերի հիման վրա՝ Կառավարության որոշմամբ վերջինիս անհատույց օգտագործման իրավունքով պատկանող Վայքի ինքնահոս համակարգի միջոցով:

Ըստ Ջրային կոմիտեի կողմից իրականացված ուսումնասիրության՝ նշված տարածաշրջանի պայմանագրային ոռոգելի հողատարածքները կազմում են 411.5 հա:

Ըստ 2019թ. մատակարարված ջրի հայտերի՝ 1հա-ին մատակարարված ջրի միջին ծավալը կազմում է 10449մ3: Մինչդեռ ըստ մատակարարված ջրի ցուցանիշների՝ բաժանորդներին 1 հա-ի համար փաստացի մատակարարված ջրի միջին ծավալը կազմել է 3170մ3:

Այսինքն փաստացի 1հա հողատարածքի համար մատակարարված ջրի քանակը 7279մ3–ով կամ 3.3 անգամ գերազանցել է 1 հա-ի համար բաժանորդների՝ հայտով ներկայացված ջրաքանակը:

Ջրային կոմիտեից ստացված տեղեկատվության համաձայն՝ 1մ3 ոռոգման ջրի արժեքը կազմում է 11 ՀՀ դրամ, իսկ համակարգի կորուստը՝ 36.7%։

Այսինքն՝ հայտով ներկայացված և մատակարարված ջրից համակարգի կորստի և բաժանորդներին փաստացի մատակարարված ջրի հանրագումարը հանելու դեպքում, ընկերությունը նշված ոռոգելի ողջ հողատարածքի հաշվարկով անհիմն կրել է 4.739.000մ3 ջրի կորուստ, որը արժեքային արտահայտությամբ կազմում է 52.129.000 ՀՀ դրամ։ 

 Ըստ ՀՀ կառավարության 2002թ. դեկտեմբերի 26-ի որոշման՝ ջրամատակարարը պարտավոր է հաշվառել ջրաղբյուրից իր կողմից իրականացված ջրառի, յուրաքանչյուր ջրօգտագործողին (բաժանորդին) մատակարարված ջրի ծավալի, դրա դիմաց վճարման ենթակա գումարի, վճարված գումարի և պարտքի չափերը: Իսկ ջրօգտագործողին (բաժանորդին) ջրի մատակարարումն իրականացվում է ըստ պայմանագրի՝ դրա անբաժանելի մասը կազմող ջրօգտագործման պլան-ժամանակացույցի և հայտի:

Այսինքն՝ ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ ջրամատակարարի կողմից փաստացի ներկայացվել է պահանջարկը 3,3 անգամ գերազանցող ջրի հայտ, իրականացվել ենթադրյալ ապօրինի, այսինքն առանց պայմանագրի ջրի մատակարարում:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությունների արդյունքում ձեռք են բերվել շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ընկերության պաշտոնատար անձի կողմից իր կարգադրիչ լիազորություններն ընկերության շահերին հակառակ օգտագործելու՝ ջրօգտագործողներին մատակարարված ջրի ծավալի, դրա դիմաց վճարման ենթակա գումարի, վճարված գումարի և պարտքի չափերի չհաշվառման, ջրային պաշարները արդյունավետ և խնայողաբար չօգտագործելու, ջրամատակարարումը թերի կառավարելու, ինչպես նաև ջրերը նպատակային ու արդյունավետ չօգտագործելու, իրականացված ծառայությունների դիմաց գումարներ չգանձելու արդյունքում ընկերության և պետության իրավունքների ու օրինական շահերի խախտման, դրա հետևանով 4.739.000մ3 ջրի կորուստ՝ 52129000 ՀՀ դրամի վնաս առաջացնելու վերաբերյալ առերոևույթ տվյալներ,  ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում  ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել