ՌԴ-ն անում է ամեն հնարավորը, որ Հարավային Կովկասում հակամարտությունն արագ ավարտվի. Պուտին
 |1lurer.am|
15:14 - 05 նոյեմբերի, 2020

ՌԴ-ն անում է ամեն հնարավորը, որ Հարավային Կովկասում հակամարտությունն արագ ավարտվի. Պուտին |1lurer.am|

1lurer.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպել է Ռուսաստանում կրոնական միավորումների ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

Հանդիպմանը մասնակցել է նաև Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը:

Սրբազանը Վլադիմիր Պուտինին շնորհավորել է Ազգային միասնության տոնի կապակցությամբ ու շնորհակալություն հայտնել նախնիներից ժառանգած այն արժեքներին խոր իմաստ հաղորդելու գործում ներդրած ջանքերի համար, որոնք նաև շատ մոտ են հայ ժողովրդին:

«Ցանկանում եմ խորին շնորհակալությունս հայտնել Ձեզ խաղաղարար ջանքերի համար, որ ներդնում եք մեզ պարտադրված պատերազմը դադարեցնելու, Հայաստանի անվտանգությունն ապահովելու, բնիկ ժողովրդի՝ պատմական հայրենիքում ապրելու արդար իրավունքը պաշտպանելու և Կովկասում խաղաղությունը պահպանելու համար»,- հայտնել է Եզրաս արքեպիսպոպոսը:

Հոգևոր առաջնորդի խոսքին ի պատասխան՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավաստիացրել է, որ ռուսական կողմն իրենից կախված ամեն ինչ անում է և կանի Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դադարեցնելու համար։

«Գիտեք՝ Ռուսաստանը իրենից կախված ամեն ինչ անում է, որ Հարավային Կովկասում հակամարտությունը հնարավորինս արագ ավարտվի: Անհրաժեշտ է պահպանել մարդկանց կյանքերը, որոնք մեկը մյուսի դեմ են կանգնած ինքնաձիգների, հրացանների նշանառության տակ և միմյանց դեմ զենք են օգտագործում՝ այն նպատակներին հասնելու համար, որոնց, մեր դիտարկմամբ, հնարավոր է հասնել խաղաղ բանակցային գործընթացի շնորհիվ»,- ասել է ՌԴ նախագահը:

Վլադիմիր Պուտինը հավելել է, որ Ռուսաստանն ամեն դեպքում կապի մեջ է թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի հետ: Նա հույս է հայտնել, որ հնարավոր կլինի հասնել այն արդյունքին, որը հարմար կլինի տարածաշրջանում բնակվող բոլոր մարդկանց, և հասնել դրան խաղաղ ճանապարհով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել