Սննդի մնացորդներից՝ պարարտանյութ, պլաստիկից՝ կախիչ. Երևանում նոր թափ է ստանում թափոնների տեսակավորման ծրագիրը |armenpress.am|
14:37 - 01 փետրվարի, 2021

Սննդի մնացորդներից՝ պարարտանյութ, պլաստիկից՝ կախիչ. Երևանում նոր թափ է ստանում թափոնների տեսակավորման ծրագիրը |armenpress.am|

armenpress.am։ Սննդի մնացորդներից՝ պարարտանյութ, պլաստիկից՝ դույլեր, ծաղկամաններ, հագուստի կախիչներ, թղթից, ապակուց՝ համանման ապրանքներ և այլն. Երևանում քաղաքային իշխանությունների, հասարակական կազմակերպությունների ջանքերով ակտիվ աշխատանք է տարվում թափոնների տեսակավորման մշակույթի տարածման, թափոնին երկրորդ կյանք տալու ուղղությամբ:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Էկո աղբ» հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար Վահե Սալահյանը նշեց, որ ներկայում Երևանում և հարակից շրջաններում ունենք պլաստիկը, պոլիէթիլենը, թուղթը, ստվարաթուղթը, ապակին վերամշակող գործարաններ: Պետք է աշխատանք տարվի մարտկոցների, սնդիկի, էլեկտրական լամպերի, սննդի, հագուստի թափոնների ուղղությամբ:

«Վստահ եմ, որ վաղ, թե ուշ հասնելու ենք այնպիսի փուլի, որ բացերը լրացվելու են, և ավելի շատ ուղղություններով կլինի վերամշակում: Մենք կարող ենք ստեղծել բավարար ռեսուրս, մի քանի անգամ կյանք տալու իքս թափոնին: Դա կարևոր է, թե էկոլոգիական, թե  տնտեսական տեսանկյունից»,- ասաց Վահե Սալահյանը:

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» կազմակերպության թափոնների տեսակավորման վարչության պետ Հայկ Հովհաննիսյանի խոսքով՝ քաղաքային իշխանությունները հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ Երևանի վարչական շրջաններում իրականացնում են թափոնների տեսակավորման պիլոտային ծրագիրը:  Այսօրվա դրությամբ, բացառությամբ Շենգավիթ, Էրեբունի, Նուբարաշեն, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանների, քաղաքի մնացած վարչական շրջաններում արդեն տեղադրվել է թափոնների տեսակավորման 60 կետ, ինչը ենթադրում է երեք գույնի թափոնաման՝ նախատեսված թղթի, պլաստիկի, ապակու համար: Հայկ Հովհաննիսյանը նշեց, որ այս ամսվա վերջին Երևանում թափոնների տեսակավորման կետերի թիվը կհասնի 135-ի: Այնուհետև կսկսվի լայնածավալ մոնիտորինգային և իրազեկման աշխատանք:

«Համագործակցելով հասարակական կազմակերպությունների հետ՝ թափոնների տեղադրման հասցեներում ակտիվ իրազեկման աշխատանքներ են կատարվում բնակիչների հետ: Խնդիրներ ունեցել ենք, սակայն բնակիչների հետ աշխատանք տանելուց հետո դրանք լուծվել են: Կարող եմ ասել, որ թափոնամանների տեղադրման նախնական հասցեները ինչպես կային, այդպես էլ մնացել էին, փոփոխություններ չեն եղել: Լինում են դեպքեր, որ շատերը, օրինակ, թղթի համար նախատեսված տարայում այլ տիպի աղբ են թափում, սակայն, ընդունում ենք, որ մարդիկ բավարար չափով իրազեկված չեն: Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»,-ասաց Հայկ Հովհաննիսյանը:

«Էկո աղբ» հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար Վահե Սալահյանը նկատեց, որ իրականում շատ են մարդիկ, որոնք շահագրգռված են այս գործում, պատրաստակամ են, ցանկանում են կրթական ծրագրերի մասնակցել:

«Մեր բնակիչներից շատերը մեծ ոգևությամբ էին սպասում թափոնամանների տեղադրմանը: Մոնիտորինգի ենթարկելով սոցիալական ցանցերում բնակիչների ակտիվությունը՝ կարող ենք ասել, որ հազարավոր ընտանիքներ ամենօրյա ռեժիմով դիմում են մեզ, առաջարկներով են հանդես գալիս, որ այցելենք ու կրթական դասընթացներ անցկացնենք: Այս տարի  ավելի ակտիվ են շարունակվելու կրթական, իրազեկման նախաձեռնությունները»,- ասաց Վահե Սալահյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել