armtimes.com: Ողջունում ենք բանակցություններում կառուցողական մոտեցման գերակայությունը: Այս մասին հայտարարել էր Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Այսպես նա մեկնաբանել է մարտի 29-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած հանդիպումը՝ ընդգծելով դրա դրական բնույթը, գրում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով, կողմերին անհրաժեշտ աջակցություն կցուցաբերեն, որպեսզի կյանքի կոչվեն այն գաղափարները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Ավստրիայի մայրաքաղաքում:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կողմերին աջակցություն ցուցաբերելը երկրի արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից է:
Զախարովան հավելել է, որ իրենք սերտորեն համագործակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս անդամ պետությունների հետ: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ բանակցային գործընթացը շարունակվում է, և կողմերը հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելուն ուղղված աշխատանքը շարունակելու պատրաստակամություն են հայտնել:
Ըստ Զախարովայի՝ այս տրամադրվածությունն արձանագրվել է նաև Փաշինյան-Ալիև վերջին հանդիպումից հետո արված հայտարարությունում: Միևնույն ժամանակ Զախարովան ևս մեկ անգամ ընդգծել է, որ հակամարտությանը վերջ դնելու պատասխանատվությունը կրում են միայն դրանում ներգրավված կողմերը: «Կարևորը քաղաքական կամքի դրսևորումն է»,-եզրափակել է պաշտոնյան:
comment.count (0)