Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չինաստանի դեսպանին
20:00 - 12 ապրիլի, 2021

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չինաստանի դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ փոխվարչապետը մաղթել է նրան հաջողություններ իր կարևոր առաքելության մեջ: Մհեր Գրիգորյանը ներկայացրել է դեսպանին կորոնավիրուսի համավարակից և պատերազմից հետո երկրում ստեղծված իրավիճակն ու սոցիալ-տնտեսական խնդիրները՝ շնորհակալություն հայտնելով կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին ցուցաբերված աջակցության համար:

Չինաստանի դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է այն բոլոր նախապայմանները, որ առկա են երկու երկրների հարաբերությունների զարգացման համար, այդ թվում՝ մարդկանց միջև ձևավորված շփումներն ու կապերը: Երկուստեք շեշտվել են տնտեսական ոլորտում համագործակցության խորացման համար առկա հնարավորությունները և ներուժի իրացման կարևորությունը:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին: Փոխվարչապետը ներկայացրել է դեսպանին «Ճամփորդի՛ր առանց Քովիդ-19-ի» հավելվածի արդյունքում ծրագրին միացած երկրների քաղաքացիների համար դյուրինացված տեղաշարժի առավելությունները: Քննարկվել է նաև կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացի անհրաժեշտությունը և այս համատեքստում միջազգային գործընկերների հետ համագործակցության կարևորությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել