Արտաքին պարտքը կառավարելի է. ՀՀ-ում 2020-ի ճգնաժամային իրավիճակը թվերի մասով համադրելի է զարգացող երկրների հետ |armenpress.am|
13:59 - 22 ապրիլի, 2021

Արտաքին պարտքը կառավարելի է. ՀՀ-ում 2020-ի ճգնաժամային իրավիճակը թվերի մասով համադրելի է զարգացող երկրների հետ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում 2020 թվականի բյուջեն եկամուտների գծով կազմել է 1 տրիլիոն 560 մլրդ 655 մլն 340.8 հազար դրամ, ծախսերի գծով` 1 տրիլիոն 894 մլն 647,093.4 հազար դրամ, բյուջեի դեֆիցիտը` 333 մլրդ 991 մլն 752.6 հազար դրամ: Այդ մասին կառավարության նիստում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս:

Ջանջուղազյանը նշեց, որ 2019-ին համաշխարհային տնտեսության 2,9 տոկոս աճի դեպքում Հայաստանում գրանցվել է 7,6 տոկոսի աճ, ինչը հնարավորություն է տվել վերանայել բյուջեի ծախսային միջոցները: Մասնավորապես, ԿԳՄՍՆ ոլորտում 2019-ին հատկացումներն աճել են շուրջ 11 տոկոսով, առողջապահության ոլորտում՝ 22 տոկոսով, կապիտալ ծախսերը՝ 30 տոկոսով:

«Կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2019-ի վերջին կազմում էր 50 տոկոսից ցածր, ինչը թույլ տվեց 2020-ին նոր պարտք ներգրավելու ճանապարհով պահել հարկաբյուջետային քաղաքականության տրամաբանությունը ճգնաժամի ժամանակ: Արդյունքում ունեցանք ավելի մեծ դեֆիցիտ, քան ծրագրավորված էր: Սկզբում ունեինք բյուջեի 2,3 տոկոսի չափով սպասվող դեֆիցիտի մեծություն, փաստացի ունեցանք մոտ ՀՆԱ-ի 5,5 տոկոսի դեֆիցիտ:

Սա այն գինն է, որ մենք վճարել ենք, որ մեղմենք տնտեսական անկման ազդեցությունը: Պարտքի մակարդակը 2020-ի արդյունքներով կազմել է ՀՆԱ-ի 63,5 տոկոսը: Այս պայմաններում պետք է 5 տարում այդ ցուցանիշը նվազեցնել մինչեւ 60 տոկոսի: Սա այն շեմն է, որը աշխարհում համարվում է ռիսկի տեսակետից կառավարելի»,- ընդգծեց Ջանջուղազյանը՝ ավելացնելով, որ զարգացող երկրների համեմատությամբ Հայաստանում 2020 թվականի ճգնաժամային իրավիճակը թվերի մասով համադրելի է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել