Ադրբեջանը պատրաստ է իր տարածքում ընդունել հայ լրագրողներին |tert.am|
12:16 - 16 ապրիլի, 2019

Ադրբեջանը պատրաստ է իր տարածքում ընդունել հայ լրագրողներին |tert.am|

tert.am: Ռուսական «Կոմերսանտ» պարբերականն անդրադարձել է ապրիլի 15-ին Մոսկվայում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ կայացած հանդիպմանը՝ նկատելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում տևական ժամանակահատվածի ընթացքում առաջին անգամ դրական տեղաշարժ է արձանագրվել:

Մնացականյանն ու Մամեդյարովը պատրաստակամություն են հայտնել փոխադարձ հիմքով հարազատներին թույլ տալ այցելել հակամարտող երկրներում գտնվող ազատազրկվածներին, ինչպես նաև ակտիվացնել լրատվամիջոցների ոլորտում փոխանակումները:

Եվ թեպետ «Կոմերսանտ»-ի՝ Երևանում և Բաքվում զրուցակիցներն ակնարկել են, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում լարվածության նվազման ֆոնին առաջընթացի մասին խոսելը դեռևս վաղ է, այնուհանդերձ, ըստ աղբյուրի, կողմերին հաջողվել է դրական տեղաշարժերի հասնել:

«Սերգեյ Լավրովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ երեք ժամ տևած բանակցություններից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քայլ առաջ են արել: Նրանք պայմանավորվել են «գյուղատնտեսական աշխատանքների» իրականացման ժամանակ շփման գծում ապահովել կայունություն, ինչպես նաև «փոխադարձ հիմքով քայլեր ձեռնարկել ազատազրկման մեջ գտնվող անձանց հարազատների համար տեսակցություններ կազմակերպելու հարցում»: 

Քննարկվել է նաև «լրատվամիջոցների ներկայացուցիչների փոխադարձ ուղևորությունների» հարցը»,-գրում է պարբերականը՝ հիշեցնելով, որ այս տարվա փետրվարին ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Շահին Հաջիևը Հայաստան էր եկել՝ այստեղից մի շարք ռեպորտաժներ հրապարակելով:

«Կոմերսանտ»-ի այն հարցադրմանը, թե արդյոք Ադրբեջանը պատրաստ է իր տարածքում հայ լրագրողների ընդունել, երկրի արտգործնախարարության ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան հաստատող պատասխան է տվել. «Բաքվում միշտ էլ տրամադրված են եղել Ադրբեջանի և Հայաստանի հասարակությունների միջև փոխըմբռնման մթնոլորտի ստեղծմանն ու ամրապնդմանն ուղղված պայմանների ստեղծմանը»:

Աղբյուրը նկատում է, որ հակամարտող պետություններում ազատազրկվածների տեսակցության հարցը ոչ պակաս արդիական է կողմերի համար, քանի որ երկու երկրում էլ հարևան պետությունից ազատազրկվածներ կան:

ՀՀ ԱԳՆ-ն ներկայացնող աղբյուրը «Կոմերսանտ»-ի հետ զրույցում ակնարկել է, որ թե՛ ՀՀ, թե՛ ԼՂՀ իշխանությունները պատրաստ են ադրբեջանցի ազատազրկվածների հարազատներին այցելության թույլտվություն տալ:

Նույն հարցի առնչությամբ Լեյլա Աբդուլաևան ասել է, թե ադրբեջանական իշխանությունները «երբեք կոշտ արգելքներ չեն սահմանել» իրենց քաղաքացիների կողմից դեպի Հայաստան և առավել ևս «շրջափակված տարածքներ» այցելությունների համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել