Քարոզարշավ օր 5. Հայաստանում քաղաքական ուժերի միջև  շարունակվում է ընտրապայքարը  |armenpress.am|
09:26 - 11 հունիսի, 2021

Քարոզարշավ օր 5. Հայաստանում քաղաքական ուժերի միջև շարունակվում է ընտրապայքարը |armenpress.am|

armenpress.am: Հանրահավաքներից ու հանդիպումներից մինչև քաղաքական զբոսանքներ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի 5-րդ օրը քաղաքական ուժերը կշարունակեն արվաշներ իրականացնել և՛ մարզերում, և՛ մայրաքաղաքում:

Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրություններն անց են կացվելու հունիսի 20-ին:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ նախընտրական քարոզարշավի հինգերորդ օրը հանդիպումները անցկացնելու են Երևանի Երիտասարդական մետրոյի հարակից տարածքում՝ Իսահակյանի արձանի դիմաց՝ ժամը 11:00-ին։ Լրագրողների հետ հանդիպումը տեղի կունենա նույն վայրում և նույն ժամին։ 12։30-ին կուսակցության անդամները կլինեն Հարավ-արևմտյան Բ1 թաղամասում, ապա 16։30-ին Իսահակյան թաղամասում, իսկ 19։00-ին՝ Ծարավ աղբյուր թաղամասում։

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը քարոզարշավն իրականացնելու է Արագածոտի և Շիրակի մարզերում։ Ուղղությունը սկսելու են Թալինից, ապա կայցելեն Արտենի, Մարալիկ, Արթիկ և Գյումրի։ 

«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությունը հունիսի 11-ին՝ լինելու է Գեղարքունիքի մարզում: Նրանք կայցելեն Մարտունի քաղաք, ապա կլինեն Գավառի հրապարակում:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ վաղ առավոտից լինելու է Տավուշի մարզում։ Բնակիչների հետ հանդիպումները կկայանան 10։30-ից՝ Դիլիջանում, ապա կլինեն նաև Բերդ, Բերդավան, Նոյեմբերյան, Աչաջուր և Իջևան համայնքներում։

«Ազատ հայրենիք» դաշինքը հունիսի 11-ին լինելու է Լոռու մարզում։ Անդամները ժամը 12։00-ից լինելու են Տաշիրում, ապա Ստեփանավանում և Ալավերդիում։ Երեկոյան ժամը 20։00-ին դաշինքի ներկայացուցիչ Արշակ Սադոյանը ասուլիով հանդես կգա։ Նա կխոսի սպասվող ընտրությունների վերաբերյալ իրենց ակնկալիքների, ԼՂ հիմնախնդրի և հարակից այլ հարցերի մասին։

«Հայաստան» դաշինքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ և մյուս առաջնորդների մասնակցությամբ լինելու է Կոտայքի մարզում։ Ժամը 11-ին, Եղվարդի մշակույթի տանը կլինի հանդիպում քաղաքացիների հետ, այնուհետև կայցելեն Նոր Հաճն, Աբովյան, Չարենցավան։ Քաղաքացիների հետ հանդիպում կլինի նաև ժամը 19:00-ին Էրեբունի վարչական շրջանի Վարդավառի այգում:

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը թեկնածուների և համակիրների մասնակցությամբ կիրականացնի քաղաքական զբոսանք։ Զբոսանքի մեկնարկը տրվելու է Սարյան պուրակից՝ ժամը 20։00-ին։

«Զարթոնք» կուսակցությունը առավոտյան ժամը 9:00-ից՝ Կենտրոն վարչական շրջանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց կսկսի արտահերթ խորհրդարանական ընտրությունների 5-րդ օրվա քարոզարշավը։ Կուսակցության հիմնադիր անդամներ Վրեժ Խաչիկյանն ու Տաթևիկ Բուջատյանն էլ ասուլիսով հանդես կգան։ Նրանք կխոսեն ներքաղաքական օրակարգի ու ընտրապայքարի մասին։

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը քարոզարշավ կանցկացնի ժամը 13։00-ին Գիտությունների ազգային ակադեմիայի դիմացի հարթակից։ 

«Հայաստանի եվրոպական կուսակցություն»-ը կներկայանա ասուլիսային ձևաչափով։ Բանախոսը կլինի կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավորի թեկնածու Տիգրան Խզմալյանը, որը կխոսի ներքին և արտաքին քաղաքական իրավիճակի մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել