Մենք Արցախը ճանաչում ենք որպես Արցախի Հանրապետություն՝ իր սահմանադրական տարածքներով․ Արա Հակոբյան
12:30 - 16 հունիսի, 2021

Մենք Արցախը ճանաչում ենք որպես Արցախի Հանրապետություն՝ իր սահմանադրական տարածքներով․ Արա Հակոբյան

«Ազգային  օրակարգ» կուսակցության առաջին համար Արա Հակոբյանը «5-րդ ալիք»-ին տված հարցազրույցում  նշել է, որ իրենք չեն ճանաչում 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։

«Հայտարարություն անունն է, իր էությամբ դա գործողությունների ծրագիր է, որը կյանքի է կոչվում։ Մենք որևէ կերպ չենք ճանաչում այդ համաձայնությունը օրինական, մենք ասում ենք, որ այս պահին օր առաջ պետք է դրա իրականացումը սառեցվի, և սառեցմանը համարժեք  հայոց պետությունը, (իսկ մենք հիմա հայոց պետություն չունենք), և հայոց իշխանությունը, (իսկ մենք դա չունենք,  այսինքն` իշխանափոխությունից հետ)  բնականաբար պետք է սկսի իր գործընկերների հետ հարաբերվել, թե ինչ կարելի է անել արդեն այսօրվա վիճակում։  Մենք չենք ճանաչում Արցախի բռնազավթումը, մենք չենք ճանաչում, որ Արցախը միայն ԼՂԻՄ է, մենք Արցախը ճանաչում ենք որպես Արցախի Հանրապետություն՝ իր սահմանադրական տարածքներով»։

Արա Հակոբյանը նաև նշել է, որ այսօր միանգամից և շատ արագ լուծումներ չկան։ «Լուծումներ չկան, լուծումները ժամանակի մեջ պետք է բաշխել, և ժամանակի մեջ այդ լուծումները տալ։ Մի օրինակ բերեմ  մեր թշնամու մասին՝ ի դեմս Ադրբեջանի։ Ադրբեջանը 1994 թ․-ին զինադադար կնքելով ճանաչեց, որ ինքը պատերազմի այդ փուլում պարտվել է, բայց չճանաչեց, որ ինքը պարտվել է պատերազմում, չճանաչեց, որ դրանով պատերազմը ավարտվել է։ Ասեց`  զինադադար է, 26 տարի պատրաստվեց նոր պատերազմի: Անդրադառնամ բանակցային աճպարարություններին։ Մենք հանձնում էինք, ասում էինք՝ պատրաստ ենք զիջել, ինքը ասում էր՝ ես պատրաստ չեմ, այն, ինչ տվեցիք, վերցնում եմ, բայց շարունակում եմ ուզել, և ուզում էր ամբողջ Արցախը՝ ներառյալ ԼՂԻՄ-ը, և այդպես էլ շարժվեց մինչև վերջ, և չհամաձայնվելով պատերազմի արդյունքներին,  նոր, մեծ պատերազմ նախաձեռնեց, և պատերազմի այս փուլում հաղթեց»։

Նրա խոսքով՝ պետք չէ համաձայնվել, որ պատերազմը այս փուլով ավարտվել է։ «Մենք թուրքի չափ էլ չկա՞նք, չեմ հասկանում։ Թուրքը մեզնից ավելի պատվո՞վ է, նույն ադրբեջանցին։ Նա 26 տարի առաջ ասաց՝ ոչ, և մինչև 2020 թ․-ը և այսօր էլ ասում է՝ ոչ, դա մեր տարածքներն են, իսկ մենք կարծես թե վախեցել ենք, որ հաղթել ենք։ Մենք մեր 1994 թ․-ի պատերազմի արդյունքներից կարծես վախեցած լինեինք, ասում էինք՝ օր առաջ տանք, պրծնենք։ Այդպես չի լինում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել