Կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում՝ չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունեց որոշման նախագիծ, որով նախատեսվում է երկարաձգել կարանտինի ընթացքում կիրառվող կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները մինչև 2022 թվականի հունիսի 20-ը։
Նախագծի հիմավորման մեջ նշվում է, որ որոշումը կայացվել է՝ հիմք ընդունելով կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային լարված իրավիճակը։
Ըստ նախագծի՝ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց համար օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում տեղակայված նմուշառման կետերում ՊՇՌ հետազոտության համար նմուշառման հնարավորությունը հանվում է, և շարունակվում է որպես պահանջ մնալ վերջիններիս կողմից միայն ՀՀ տարածք օդային և ցամաքային սահմանային անցման կետերով մուտք գործելիս կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատի կամ կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական պատվաստված՝ երկու դեղաչափ, երկրորդ դեղաչափը երկիր մուտք գործելու օրվանից նվազագույնը 14 օր առաջ ներարկված լինելը հավաստող սերտիֆիկատի ներկայացումը:
Նախագծով առաջարկվում է նաև արգելել ինչպես քրեակատարողական հիմնարկներում երկարաժամկետ տեսակցությունները, այնպես էլ Պաշտպանության նախարարության զորամասերում տեսակցությունները (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի) և շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակումները և արձակուրդները (բացառությամբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով համապատասխան պահանջների՝ ընտանիքի անդամի (կին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) մահվան դեպքերի):
comment.count (0)