ՌԴ տարածքում ՌԴ ԶՈՒ տեղաշարժը ոչ մեկին չպետք է անհանգստացնի․ Պեսկովն անդրադաձել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի անհանգստություններին՝ Ուկրաինայի սահմանի իրավիճակի վերաբերյալ
21:06 - 12 նոյեմբերի, 2021

ՌԴ տարածքում ՌԴ ԶՈՒ տեղաշարժը ոչ մեկին չպետք է անհանգստացնի․ Պեսկովն անդրադաձել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի անհանգստություններին՝ Ուկրաինայի սահմանի իրավիճակի վերաբերյալ

Եվրամիությունը հայտարարել է, որ անհանգստացած է Ուկրաինայի սահմանի մոտ ՌԴ ռազմական ակտիվությունից: Այս մասին հայտնում է cbcnews-ը։

«Մենք շարունակում ենք հետևել իրավիճակին, և մինչ այժմ մեր հավաքած տեղեկությունը բավականին մտահոգիչ է»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Փիթեր Ստանոն։

Նա նշել է, որ Եվրամիությունը գործընկերների, այդ թվում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ վերահսկում է իրավիճակը․ «Մենք պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում դիտարկել հետագա քայլերը»:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը այս իրադարձությունների ֆոնին հայտարարել էր, որ «2014 թվականի իրադարձությունների կրկնությունը «մեծ սխալ» կլինի Ռուսաստանի կողմից»։

Ինչպես փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն, այսօր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, արձագանքելով այս հայտարարությանը, նշել է, թե սա ԱՄՆ-ի առաջին հրապարակումը և առաջին հայտարարությունը չէ, որ իրենք անհանգստացած են Ռուսաստանի Դաշնության տարածքում ռուսական զինված ուժերի տեղաշարժերով։ Երկրի ղեկավարի մամուլի քարտուղարն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ բազմիցս պատասխանվել է, որ Ռուսաստանի Դաշնության տարածքում ՌԴ զինված ուժերի տեղաշարժը ոչ մեկին չպետք է անհանգստացնի։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում․ «Անհրաժեշտության դեպքում մենք միջոցներ ենք ձեռնարկում մեր անվտանգությունն ապահովելու համար, եթե մեր սահմանների մոտ տեղի են ունենում մեր հակառակորդների որոշ հանդուգն գործողություններ»։

Դեռևս նոյեմբերի 3-ին Ուկրաինայի ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ նոյեմբերի սկզբի դրությամբ ուկրաինական սահմանների մոտ և «ժամանակավոր օկուպացված տարածքներում տեղակայված է մոտ 90 000 ռուս զինծառայող»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել