Վարչապետը ՊՎԾ աշխատակազմին է ներկայացրել ծառայության նորանշանակ պետ Ռոմանոս Պետրոսյանին
17:49 - 10 դեկտեմբերի, 2021

Վարչապետը ՊՎԾ աշխատակազմին է ներկայացրել ծառայության նորանշանակ պետ Ռոմանոս Պետրոսյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պետական վերահսկողական ծառայություն և աշխատակազմին ներկայացրել ծառայության նորանշանակ պետ Ռոմանոս Պետրոսյանին: Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել Տիգրան Ուլիխանյանին Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնում կատարած աշխատանքի համար:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել և հաջողություն է մաղթել Ռոմանոս Պետրոսյանին՝ նշելով, որ ՊՎԾ-ն կառավարման համակարգի կարևոր օղակներից և գործիքներից է՝ պետական կառավարման համակարգի արդյունավետ աշխատանքն ապահովելու համար: «Ծառայությունը պետական կառավարման համակարգում վերջին երեք տարիներին որպես այդպիսին գոյություն ունի և դեռ պետք է կայացման բավական ճանապարհ անցնի: Բայց պետք է արձանագրել նաև, որ այս ընթացքում կառույցը կայացման բավականին լավ ուղի է անցել: Իհարկե, աշխատանքում ի հայտ են եկել նաև որոշակի խնդիրներ, և այդ ամենի հաշվառումով պետք է շարունակենք առաջ շարժվել»,- ասել է վարչապետը:

Տիգրան Ուլիխանյանը շնորհակալություն է հայտնել Կառավարության ղեկավարին իր պաշտոնավարման ժամանակահատվածում ցուցաբերած վստահության համար և աշխատակազմին՝ համատեղ աշխատանքի համար: «Հաջողություն եմ մաղթում ձեզ պարոն Պետրոսյանի գլխավորությամբ, որպես ՀՀ վարչապետին ենթակա կարևորագույն մարմնի, ձեր ծառայությունը լավագույն իրականացնելու գործում»:

Ռոմանոս Պետրոսյանը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել նման բարձր վստահության համար. «Վստահեցնում եմ, որ նոր եռանդով, նոր նվիրումով ողջ ներուժս ներդնելու եմ Պետական վերահսկողական ծառայության ինստիտուցիոնալ դերի բարձրացման համար: Ամենակարճ ժամկետներում ՊՎԾ-ում պետք է բոլորս ականատես լինենք խորքային բարեփոխումների, ինչպես նաև իր առջև դրված խնդիրների արդյունավետ իրագործմանը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել