ՀՀ կառավարությանը կոչ ենք անում չսատարել ժողովրդի կամքը ճնշելու, Ղազախստանի ինքնիշխանությունը սահմանափակելու գործողություններին. «Հանուն Հանրապետության» կուսակցություն
01:28 - 06 հունվարի, 2022

ՀՀ կառավարությանը կոչ ենք անում չսատարել ժողովրդի կամքը ճնշելու, Ղազախստանի ինքնիշխանությունը սահմանափակելու գործողություններին. «Հանուն Հանրապետության» կուսակցություն

«Հանուն հանրապետության» կուսակցությունը Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Ամանորից հետո Ղազախստանում ծավալվող իրադարձությունների հետ կապված երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետությունը ՀԱՊԿ շրջանակներում խորհրդակցություններ է նախաձեռնել անդամ-պետությունների ղեկավարների հետ, ինչը մեզ ամբողջական հիմք է տալիս համարելու, որ դեպքերը ստանում են խիստ մտահոգիչ ընթացք։
Հանուն Հանրապետության Կուսակցությունն այդ կապակցությամբ, հիմնվելով դավանած սկզբունքների եւ արժեքների վրա՝ հայտարարում է․
- Մենք չենք կարող անտարբեր լինել եւ մեր համերաշխությունն ենք հայտնում հանուն իր անօտարելի իրավունքների՝ Ղազախստանի ժողովրդի խաղաղ, օրինական պայքարին, եւ մեր համոզմունքն է, որ այն չի՛ կարող ճնշվել ուժի, բռնաճնշումների միջոցով, այդ թվում այլ՝ բռնապետական երկներից ներգրավվող ուժերի կամ փոխառնված արատավոր փորձի կիրառման միջոցով։
Մենք դատապարտում ենք բռնության կամ բռնության կոչերի, սպառնալիքի ցանկացած դրսեւորում։
- Խստորեն դատապարտելի ենք համարում ցանկացած փորձ՝ Ղազախստանում կրկնել սովետական հանցագործ ռեժիմի գործելակերպը, այն խայտառակ պատմական փորձը, որը սերում է Բեռլինում (1953), Բուդապեշտում (1956) եւ Պրահայում (1968) կատարված վայրագությունից, դառնալով նորագույն պատմության խայտառակ էջերից մեկը։
- Հարկ ենք համարում հիշեցնել, որ ՀԱՊԿ կոչված կառույցը, որը նույնիսկ հայտարարությամբ հրաժարվում է դատապարտել իր անդամ-պետություններից մեկի՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կոպտորեն խախտելու փաստը, չի կարող եւ չպետք է դառնա տխրահռչակ «Վարշավյան պակտի» ժառանգորդը եւ վերածվի ժողովուրդների ազատությունը ճնշող գործիքի։
- Կոչ ենք անում ներքաղաքական դիմակայության կողմերին ջանք չխնայել հարցին խաղաղ հանգուցալուծում տալու ուղղությամբ, հիմք ընդունելով ազատասեր ղազախ ժողովրդի խաղաղ, օրինական կամարտահայտության եւ սեփական երկրի տերը լինելու սրբազան իրավունքը։
- Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պարտավորությունները, որոնք բխում են ՀԱՊԿ-ում անդամակցությունից եւ կազմակերպությունում տվյալ ժամանակահատվածում նախագահությունից, ՀՀ Կառավարությանը եւ իշխանություններին կոչ ենք անում, որպեսզի այդ պարտավորություններից բխող ընթացակարգերը նախաձեռնելիս դեմ չգնան Ազատության եւ Ժողովրդավարության արժեհամակարգից բխող սկզբունքներին եւ ակամայից չսատարեն ժողովրդի կամքը բռնությամբ ճնշելու, Ղազախստանի ինքնիշխանությունը սահմանափակելու, աղճատելու հնարավոր գործողություններին, հայտնվելով պատմության սխալ կողմում, ինչն անուղղելի վնաս կհասցնի Հայաստանի Հանրապետության եւ Հայ Ժողովրդի արմատական շահերին եւ բարի համբավին»,-ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել