Հայկական pastinfo.am լրատավականն այսօր հրապարակել է մի լուր (ավելի ուշ լուրն արտատպվել է նաեւ lurer.com եւ hayeli.am կայքերում), ըստ որի Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել է այցելել Թուրքիա։ Լրատվամիջոցը հղում է արել «Sputnik Азербайджан»-ին։
Մինչ անդրադառնալը, թե Չավուշօղլուն իրականում ինչ է ասել, նշենք, որ ադրբեջանական «Sputnik Азербайджан» կայքում նման բովանդակությամբ նյութ չկա։ Տելեգրամյան նույնանուն ալիքում կա խմբագրվածի նշումով մի լուր, որտեղ ասված է, թե թուրքական արտաքին գերատեսչության ղեկավար Չավուշօղլուն նշել է, թե Անթալիայի դիվանագիտական ֆորումին հրավիրվել են նաեւ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։ Ըստ ադրբեջանական աղբյուրի՝ Չավուշօղլուն հայտնել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հրավիրյալները կարող են մասնակցություն ունենալ ֆորումի աշխատանքներին։ Այս լուրն, ինչպես նշեցինք, տելեգրամյան ալիքում փոփոխվել է։
«Փաշինյանը խոստացել է այց կատարել Թուրքիա․ Չավուշօղլու» վերտառությամբ լուրը ի սկզբանե տարածվել է ադրբեջանական լրատվադաշտում, սակայն հետագայում լուրերի վերնագրերը խմբագրվել են, ինչպես, օրինակ report.az կայքի պարագայում։
Report.az-ը գրել է, թե հայկական պատվիրակությունը կայցելի Թուրքիա։ Դարձյալ հղում է արվել Չավուշօղլուին՝ նշումով, որ նա ասել է, թե դրա մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«Անատոլիայի դիվանագիտական ֆորումին մասնակցություն կունենան 50 նախարարներ, միջազգային կազմակերպությունների 30 ներկայացուցիչներ։ Ուզում ենք, որ լսելի լինի յուրաքանչյուրի ձայնը։ Մենք հրավիրել ենք նաեւ Հայաստանի ներկայացուցիչներին։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը մասնակցություն կունենան ֆորումին։ Դրա մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ուրախ կլինենք, եթե դա տեղի ունենա»,- ասված է կայքում։
Ըստ ամենայնի կայքն այսպիսի տեքստ հրապարակելիս օգտվել է թուրքական մերձկառավարական dailysabah.com լրատավական կայքի մի հրապարակումից, որտեղ գրեթե նույն տեքստն է գրված՝ դարձյալ Չավուշօղլուին հղումով, սակայն ոչ ուղղակի մեջբերմամբ։
Թուրքական մեկ այլ հայտնի լրատվամիջոցից՝ Անադոլուից, սակայն, տեղեկանում ենք, որ Չավուշօղլուն ոչ թե ասել է, որ Փաշինյանը այցելելու է Թուրքիա, այլ որ չի բացառվել հնարավորությունը, որ ՀՀ արտգործնախարարն ու հատուկ ներկայացուցիչը կարող են մասնակցել Անթալիայի դիվանագիտական ֆորումին։
Մասնավորապես «Անադոլու» լրատվականում նշված է, որ Չավուշօղլուն ասել է հետեւյալը․ «Հայաստանի արտգործնախարարին (Արարատ Միրզոյան) եւ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին հրավիրել ենք։ (Հայաստանի վարչապետ Նիկոլ) Փաշինյանը վերջերս ասել է, որ մեր հրավիրած անձինք կարող է մասնակցեն Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Ուրախ կլինենք, քանի որ Ադրեբեջանն էլ է մասնակցելու: Այստեղ Ադրբեջանն էլ թող իր կարծիքը ասի, Հայաստանն էլ։ Նույն կերպ այն կլինի նաև վստահության աճին միտված քայլերի մասը»:
Նշենք, որ օրերս առցանց ասուլիսի ժամանակ լրատվամիջոցների հարցերին պատասխանելիս էր Նիկոլ Փաշինյանը հայտնել, որ մեծ հավանականությամբ Հայաստանը կընդունի Թուրքիայում անցկացվող Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը․ «Բայց ամեն ինչ կախված է այդ պահին առկա իրավիճակից»,- ասել էր նա։
Հավելենք նաեւ, որ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հայտնել է, որ ֆորումին մասնակցելու վերաբերյալ վերջնական որոշում դեռեւս չկա։
Հայարփի Բաղդասարյան
comment.count (0)