Երեկ Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովն (ԵԽԽՎ) ընդունել է «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևը։
Ռուբինյանն իր գրառման մեջ անդրադարձավ միայն ԵԽԽՎ-ի՝ Հայաստանի մասին հնչեցրած դրական գնահատականներին։ Երեկ ընդունված բանաձևում, սակայն, ԵԽԽՎ-ն անդրադարձել է նաև որոշ խնդրահարույց հարցերի և խորհուրդներ ուղղել Հայաստանի իշխանություններին։ Անդրադառնանք այդ հարցերին առանձին-առանձին։
Ընտրություններ
«Վեհաժողովը գովասանքի է արժանացրել 2018 թվականի դեկտեմբերին և 2021 թվականի հունիսին անցկացված համապետական ընտրությունները, որոնք զերծ էին նախկինում արձանագրված խախտումներից։ Չնայած լարված հետպատերազմյան մթնոլորտին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները գնահատվել են որպես ժողովրդավարական։ Բանաձևում նշվում է գոհունակություն առ այն, որ ընդդիմությունն ընդունել է ընտրությունների արդյունքները և չի բոյկոտել նորընտիր խորհրդարանի գործունեությունը»,- գրել է Ռուբինյանը։
ԵԽԽվ-ն, սակայն, ի թիվս այս ամենի, խոսել է նաև քաղաքական մթնոլորտի մասին, որում տեղի ունեցան 2021-ի հունիսի ընտրությունները։ Բանաձևում նշվում է, որ այդ ընտրությունները բնութագրվում էին ինտենսիվ բևեռացմամբ և խաթարվեցին հիմնական մրցակիցների շրջանում գնալով ավելի բորբոքվող հռետորաբանությամբ:
Բանաձևում նաև ասվում է․ «Վեհաժողովն ափսոսում է, որ կանայք նախընրտական քարոզարշավի ընթացքում երկրորդ պլան էին մղված, չնայած վերջում ընտրական օրենսդրությունը բերեց խորհրդարանում նրանց ներկայացվածության աճի։ Վեհաժողովը կոչ է անում քաղաքական կուսակցություններին փոխել այս մշակույթը, քանի որ սեռերի հավասար ներկայացվածությունն ընտրված պաշտոններում պետք է ամրապնդվի կանանց՝ քաղաքական կյանքին ակտիվ մասնակցելու իրական հնարավորությամբ»։
«Վեհաժողովն ընդհանուր դրական գնահատական է տվել ընտրական և օրենսդրական բարեփոխումներին և կոչ արել Հայաստանի իշխանություններին դրանք ավարտին հասցնել՝ հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները»,- գրել է Ռուբինյանը՝ չկոնկրետացնելով, թե ինչ է առաջարկել ԵԽԽՎ-ն։ Իսկ բանաձևում նշվում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետևյալ առաջարկությունները՝ վերացնել երկքաղաքացիություն ունեցողների՝ ընտրություններին մասնակցելու արգելքը և ընտրողներին իրենց ընտրատարածքում քվեարկության արդյունքները վիճարկելու հնարավորություն տալ։
«Անդրադառնալով իշխանության և ընդդիմության փոխհարաբերություններին՝ Վեհաժողովը կոչ է արել կողմերին համագործակցել միմյանց հետ»,- գրել է Ռուբինյանը: Վերջինս, սակայն, բաց է թողել բանաձևի այն հատվածը, որտեղ Վեհաժողովը դատապարտում է 2021 թվականի օգոստոսին Ազգային ժողովի մեծամասնության և ընդդիմության միջև տեղի ունեցած բռնի միջադեպերը։
Բանաձևի նույն կետում Վեհաժողովը նշում է, որ ընդդիմության իրավունքները պաշտպանելու համար գործառնական մեխանիզմներ կան, որոնք վերջինիս թույլ են տալիս կատարել իր դերն ու այլընտրանքներ առաջարկել, սակայն նաև խորհրդարանական մեծամասնությանը կոչ է անում ամբողջությամբ կատարել իր դերը՝ կառավարության գործողությունները վերահսկելու և վերանայելու համատեքստում, քանի որ նրան է պատկանում մանդատների ճնշող մեծամասնությունը։
Դատական և այլ բարեփոխումներ, ՍԴ ճգնաժամ
«Վեհաժողովը գովասանքով է անդրադարձել Հայաստանում հակակշիռների և զսպումների գործող արդյունավետ համակարգին»,- գրել է Ռուբինյանը:
Վեհաժողովը զսպումների և հակակշիռների մեխանիզմներից խոսելիս անդրադարձել է ՀՀ նախագահի և Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտներին։ Բանաձևում նշված է, որ ՄԻՊ-ի անկախությունն ամուր հաստատված է, սական ԵԽԽՎ-ն կոչ է անում իշխանություններին հետևել Վենետիկի հանձնաժողովի առաջարկներին՝ աշխատակազմ հավաքագրելու և կառավարման քաղաքականության հարցերում ՄԻՊ-ի անկախությունն ամրապնդելու մասով։
«Վեհաժողովը կոչ է արել շարունակել դատական բարեփոխումների իրականացումը: Նաև ընդգծվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կարևոր դերը և գործունեությունը»,- գրել է Ռուբինյանը:
Բանաձևում և՛ դատական բարեփոխումներին, և՛ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին մանրամասն անդրադարձ կա։
«Վեհաժողովը իշխանություններին կոչ է անում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ապահովել համապատասխան ռեսուրսներով՝ ընդհանուր առմամբ՝ հանրային պաշտոնյաների ու մասամբ՝ դատավորների շահերի և ունեցվածքի բացահայտման նպատակով ստուգումներ իրականացնելու, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների ֆինանսական վերահսկողության համար։ Վեհաժողովը նաև առաջարկում է օգտվել Սահմանադրության հաջորդ վերանայումից՝ ուսումնասիրելու այս հանձնաժողովի անկախության ամրապնդման հնարավորությունը՝ սահմանադրականացնելով նրա կարգավիճակը»,- ասվում է բանաձևում:
Իսկ դատական բարեփոխումները շարունակելու համատեքստում ԵԽԽՎ-ն նշում է հետևյալ կետերի իրականացումը․
Վեհաժողովն առանձին կետերով անդրադարձել է նաև իրավապահ մարմիններին և Սահմանադրական դատարանի շուրջ 2019-ի ճգնաժամին։
«Վեհաժողովը Հայաստանի իշխանություններին կոչ է անում իրականացնել Ներքին գործերի նախարարությունը վերականգնելու ծրագիրը և այդ նախարարությանը վստահել մի քանի իրավապահ մարմիններ, որոնք այս պահին վարչապետի անմիջական վերահսկողության ներքո են։ Այս հանձնարարականը կմեծացնի կառավարության հաշվետվողականությունը խորհրդարանի առջև իրավապահ մարմինների վերաբերյալ ցանկացած հարցով։ Վեհաժողովը նաև առաջարկում է իշխանություններին ուսումնասիրել վարչապետի իրավասության ներքո գտնվող մի քանի քննչական մարմիններն անկախացնելու հնարավորությունը»,- նշված է բանաձևում։
Բանաձևում անդրադարձ է կատարվում նաև ՍԴ անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու կարգավորմանը․ «Վեհաժողովն ափսոսանք է հայտնում, որ Հայաստանի իշխանությունները չեն հետևել Վենետիկի հանձնաժողովի առաջարկներին այն մասով, որ ՍԴ անդամների՝ վաղաժամ թոշակի անցնելու սխեման պետք է լինի կամավոր և ոչ կտրուկ ու անհապաղ՝ դատավորների անփոփոխելիության սկզբունքը խաթարելուց խուսափելու համար։ Վեհաժողովը նշում է, որ անփոփոխելիության սկզբունքը քաղաքական իշխանություններից դատական համակարգի անկախության երաշխիքն է, որը պետք է հարգվի»։
Խոսքի ազատություն
«Կոչ է արվել նաև իրականացնել միջոցառումներ՝ մի կողմից խոսքի ազատության և մարդու արժանապատվությունն ապահովելու և մյուս կողմից ապատեղեկատվության ու ատելության խոսքի դեմ պայքարելու միջև բալանս ապահովելու ուղղությամբ, ինչպես նաև շարունակելու ոլորտային բարեփոխումները»,- գրել է Ռուբինյանը:
Վեհաժողովը անդրադրաձել է կորոնավիրուսային իրավիճակով և ռազմական դրությամբ պայմանավորված սահմանափակումներին՝ նշելով․ «Թե՛ կորոնավիրուսային համավարակի համատեքստում խուճապ առաջացնող կեղծ տեղեկությունների և հրապարակումների տարածման, թե՛ ռազմական դրությամբ պայմանավորված սահմանափակումների մասով իշխանությունները միտված էին կտրուկ քայլեր ձեռնարկելու, որոնք ակնհայտորեն չափազանցված էին՝ հաշվի առնելով խոսքի ազատության սահմանափակումները, որքան էլ նպատակն օրինական էր»։
Բանաձևում նշվում է՝ ՀՀ ՄԻՊ-ի նախաձեռնությամբ ռազմական դրության ընթացքում սահմանափակումների դատական վերանայումն արդյունավետ էր։
Անդրադառնալով զրպարտության և վիրավորանքի քրեականացմանը՝ ԵԽԽՎ-ն վերահաստատել է իր դիրքորոշումը, որ զրպարտությունը չպետք է քրեականացվի, ինչպես նաև կոչ է արել իշխանություններին, բացի կանխարգելիչ պատիժներից, զարգացնել ապատեղեկատվության և ատելության խոսքի դեմ պայքարի գործիքներ։
Այպիսով, Ռուբեն Ռուբինյանը ԵԽԽՎ-ի ընդունած բանաձը ներկայացնելիս գրել է հիմնականում այն կետերի մասին, որոնցում Վեհաժողովը դրական կարծիք է հայտնել Հայաստանում կատարված/կատարվող բարեփոխումների վերաբերյալ, իսկ ԵԽԽՎ-ի դիտողություններն ու առաջարկները Ռուբինյանը բաց է թողել։
Բանաձևի քվեարկությանը մասնակցել է ԵԽԽՎ 324 պատգամավորներից 80-ը, ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 50 կողմ, 14 դեմ, 16 ձեռնպահ։ Դեմ քվեարկողների թվում է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը, որն ասյօր խոսել է դեմ քվեարկելու պատճառների մասին։
Գլխավոր լուսանկարը՝ ԵԽԽՎ կայքից
Աննա Սահակյան
comment.count (0)