Տրանսպորտային համակարգի նոր ռեֆորմի շրջանակում նախատեսվում է ձեռք բերել էլեկտրական ավտոբուսներ
17:41 - 18 մարտի, 2022

Տրանսպորտային համակարգի նոր ռեֆորմի շրջանակում նախատեսվում է ձեռք բերել էլեկտրական ավտոբուսներ

Եվրոպական միության «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը միացած Երևանի քաղաքապետարանը ստանձնել է մինչև 2030թ. CO2 արտանետումները 30%-ով նվազեցնելու և հարմարվողականության պլան մշակելու կամավոր հանձնառություն:

Ինչպես հայտնում են քաղաքապետարանից, նախաձեռնության շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի և ծրագրի տարածաշրջանային համակարգող խմբի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ:

Կարևորելով ԵՄ-ի հետ համատեղ իրականացվող նախագծերը՝ քաղաքապետն անդրադարձել է «Եվրոպական միությունը Երևանի համար. Արևային համայնք» ծրագրին և «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնությանը: Համայնքն արդեն իսկ ունի 97 բազմաբնակարան բնակելի շենք, որոնք կօգտագործեն վերականգնվող էներգիա և կունենան արդիականացված էներգաարդյունավետ լուսավորությամբ բակեր ու այլ ընդհանուր օգտագործման տարածքներ:

Ծրագրի աշխատանքային թիմի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգն իր հերթին ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանն իրենց համար վստահելի գործընկեր է, ինչի վառ օրինակը համատեղ հաջողված ու նախատեսվող ծրագրերն են: Վերջինս նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել ծրագրով նախատեսված հարմարվողականության պլանի մշակման աշխատանքներին:

Կլիմայի փոփոխությունների ազդեցության մեղմման ու շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ համայնքն այսօր այլ ծրագրեր էլ է իրականացնում: Մասնավորապես, քաղաքապետն անդրադարձել է Երևանի արտաքին լուսավորության ցանցի արդիականացմանը՝ էներգախնայող լուսատուներով, մանկապարտեզների հիմնանորոգմանը, որոնք ունեն էներգաարդյունավետության բարձրացման բաղադրիչ:

Տրանսպորտային համակարգի նոր ռեֆորմի շրջանակում էլ համայնքը նախատեսում է ձեռք բերել էլեկտրական ավտոբուսներ, թարմացնել տրոլեյբուսի պարկը և ներդնել խելացի լուսացույցներով կառավարվող համակարգ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել