Երևանի քաղաքապետը հանդիպել է Լիոնի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակության հետ
20:12 - 23 մարտի, 2022

Երևանի քաղաքապետը հանդիպել է Լիոնի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակության հետ

Երևան և Լիոն քաղաքների միջև դեռևս 1992թ. սկիզբ առնող հարաբերությունները գործնական նոր փուլ կտեղափոխվեն. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Լիոնի քաղաքապետի տեղակալ Սոնիա Զդորովցոֆֆի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հանդիպմանը, որին մասնակցել է նաև քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Հրաչյա Սարգսյանը կարևորել է քաղաքային տնտեսության երկու՝ քաղաքաշինության և տրանսպորտի ոլորտները:

«Համայնքը վերջին տարիներին նախաձեռնել է մի շարք ծրագրեր, որոնք ոչ միայն առարկայական լուծումներ են տալիս տարիներով կուտակված խնդիրներին, այլև նպաստում են ինստիտուտների կայացմանը: Միայն այս մոտեցմամբ է հնարավոր դիմակայել ժամանակի մարտահրավերներին ու առաջարկել հիմնարար լուծումներ: Նշված երկու ոլորտների կայացման արդյունքում միայն կարող ենք ստեղծել մի միջավայր, որտեղ քաղաքացիներն իրենց լավ կզգան»,- նշել է Հրաչյա Սարգսյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Սոնիա Զդորովցոֆֆը նշել է, որ Լիոնում գործում է բավականին հաջողված տրանսպորտային համակարգ՝ կառավարման կենտրոնով, որը հաստատ կհետաքրքրի Երևանին:

«Մարդասիրական, մասնագիտական ու բարեկամական այն հարաբերությունները, որոնք ձևավորվել են երկու քաղաքների միջև, վստահ եմ՝ հնարավորություն կտան իրականացնել փոխշահավետ նոր ծրագրեր: Նախաձեռնվող բարեփոխումների փուլում պատրաստ ենք օգտակար լինել գործընկեր Երևանին՝ փոխանցելով մեր հաջողված փորձը»,- նշել է Լիոնի քաղաքապետի տեղակալը:

Զրուցակիցները պայմանավորվել են առարկայական ծրագրերի ու մասնագետների վերապատրաստմամբ էլ ավելի ամրապնդել փոխհարաբերությունները, որոնք հնարավորություն կտան ապահովել տեսանելի արդյունքներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել