«Չկա վճար, չկա գազ»․ Պեսկովի հարցազրույցը PBS-ին
14:04 - 29 մարտի, 2022

«Չկա վճար, չկա գազ»․ Պեսկովի հարցազրույցը PBS-ին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հարցազրույց է տվել PBS հեռուստաընկերությանը։ Ներկայացնում ենք այն՝ ըստ արծարծված թեմաների։

 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այն հայտարարության մասին, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «մսագործ է» և «չի կարող շարունակել պաշտոնավարել»

Պատասխանելով այն հարցին, թե ինչու է Կրեմլն այդ հայտարարությունները մտահոգիչ համարում, եթե Բայդենն արդեն հստակեցրել է, որ իշխանափոխության կոչ չի արել, Պեսկովն ասել է․

«Այո, դա մտահոգություն է առաջացնում։ Նախևառաջ դա անձնական վիրավորանք է, և դժվար է պատկերացնել, որ անձնական վիրավորանքը տեղ ունի քաղաքական առաջնորդի հռետորաբանությունում, հատկապես աշխարհի մեծագույն երկրի՝ Միացյալ Նահանգների քաղաքական առաջնորդի։ Ցավում ենք դրա համար։ Եվ նրա հայտարարությունը վերաբերում է այն բանին, թե արդյոք Պուտինը պետք է մնա իշխանության։ Իհարկե, սա լիովին անընդունելի է։ Միացյալ Նահանգները չի որոշում, թե ով լինի կամ ով է Ռուսաստանի Դաշնության նախագահը։ Ռուսաստանի ժողովրդն է դա որոշում ընտրությունների միջոցով»։

 

Միջուկային զենքի մասին

Պատասխանելով այն հարցին, թե ինչն է Ռուսաստանը համարում էքզիստենցիալ սպառնալիք, որի առկայության դեպքում, ըստ ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարության, իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել՝ Պեսկովն ասել է․

«Մենք կասկածներ չունենք, որ Ուկրաինայում մեր հատուկ գործողության բոլոր նպատակներն իրագործվելու են։ Սակայն այդ գործողության ցանկացած ելք, իհարկե, միջուկային զենք կիրառելու առիթ չէ։ Մենք ունենք անվտանգության հայեցակարգ, որում հստակ նշված է, որ միայն այն դեպքում, եթե մեր երկրի գոյության սպառնալիք կա, մենք կարող ենք կիրառել և կկիրառենք միջուկային զենք՝ այդ սպառնալիքը չեզոքացնելու համար։ Եկեք տարանջատենք երկրի գոյության սպառնալիքի առկայությունն ու հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում։ Դրանք միմյանց հետ կապված չեն»։

Պեսկովը հիշեցրել է Վլադիմիր Պուտինի զգուշացումն այն մասին, որ այլ երկրները չմիջամտեն Ուկրաինայի և Ռուսաստանի գործերին այդ «հատուկ գործողության ընթացքում»․ «Նրա զգուշացումը շատ հստակ և խիստ էր։ Եվ ես կարծում եմ, որ բոլորն էլ հասկանում են, թե նա ինչ նկատի ուներ»։

Ճշտող հարցին, թե արդյո՞ք դա նշանակում է, որ հակամարտությանը երրորդ երկրի միջամտության դեպքում Պուտինը միջուկային զենք կկիրառի, Պեսկովը պատասխանել է․ «Ոչ, չեմ կարծում։ Բայց նա շատ հստակ ընդգծել է, որ պետք չէ միջամտել։ Եթե նման բան լինի, մենք ունենք բոլոր հնարավորությունները՝ դա կանխելու և պատժելու նրանց, ովքեր պատրաստվում են դա անել»։

Նա հավելել է, որ ոչ ոք չի դիտարկում միջուկային զենքի «կիրառումը և անգամ կիրառման գաղափարը»։

 

ՆԱՏՕ-ի մասին

Ջո Բայդենի այն զգուշացմանը Վլադիմիր Պուտինին, որ նա «չմտածի անգամ ՆԱՏՕ-ի մեկ դյույմ տարածք մտնել», և հարցին, թե արդյոք հնարավո՞ր է պատկերացնել, որ Ռուսաստանը զորքեր մտցնի ՆԱՏՕ-ի երկիր այս հակամարտության ընթացում, Պեսկովն ասել է․

«Եթե դա պատասխան քայլ չէ, եթե մեզ չստիպեն դա անել, մենք չենք կարող մտածել այդ մասին։ Եվ մենք չենք էլ ուզում մտածել այս մասին»։

 

Միջազգային քրեական դատարանի հետաքննության մասին

Պեսկովը պատասխանել է այն հարցին, թե ինչու Ռուսաստանը չի համագործակցում Միջազգային քրեական դատարանի հետ, եթե «ոչ մի սխալ բան չի անում Ուկրաինայում»․ «Մենք չենք ընդունում Միջազգային քրեական դատարանի ենթադատությունը։ Մենք դա չենք արել նախկինում և չենք անում հիմա։ Եվ չենք պատրաստվում ընդունել այն ապագայում»։

Անդրադառնալով Ռուսաստանի հասցեին հնչող քննադատությանը, որ նա Ուկրաինայում թիրախավորում է քաղաքացիական օբյեկտները՝ Պեսկովը նշել է․

«Նրանք [ռուս զինվորականները] չեն թիրախավորում բնակելի շենքերը։ Նրանք չեն թիրախավորում բնակարանները։ Չեն թիրախավորում քաղաքացիական օբյեկտները։ Նրանք միայն թիրախավորում են ռազմական ենթակառուցվածքները՝ այս գործողության գլխավոր՝ Ուկրաինայի դեմիլիտարացման նպատակով»։

Նա հավելել է, որ Մարիուպոլի քաղաքացիական ենթակառուցվածներն «ավերում են Մարիուպոլում գտնվող նացիստական գումարտակները»։

 

Գազի մասին

Այն հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանը գազ կարտահանի Եվրոպա, եթե եվրոպական երկրները հրաժարվեն դրա դիմաց ռուբլիով վճարել, ինչը պնդում է Ռուսաստանը, Պեսկովն պատասխանել է․

«Չգիտեմ, թե ինչ կկատարվի, եթե նրանք մերժեն այդ հնարավորությունը։ Այնպես որ, երբ այս հարցով որոշում լինի, կտեսնենք, թե ինչ կարելի է անել։ Բայց անկասկած, մենք չենք պատրաստվում բարեգործությամբ զբաղվել և անվճար գազ մատակարարել Արևմտյան Եվրոպային»։

«Չկա վճարում, չկա գազ»,- հավելել է նա։

Անդրադառնալով այն հարցին, որ եվրոպական երկրները մտադիր են հրաժարվել ռուսական գազից, Պեսկովն ասել է․

«Իհարկե, մենք չէինք ցանկանա նման բան տեսնել մեր իրականությունում։ Բայց մենք պետք է հարմարվենք ստեղծված պայմաններին։ Եվ ցավոք, այդ պայմանները բնավ բարեկամական չեն։ [․․․] Մենք Ռուսաստանում մեզ զգում ենք պատերազմի մեջ, որովհետև Արևմտյան Եվրոպայի երկրները, Միացյալ Նահանգները, Կանադան, Ավստրալիան իրականում մեր դեմ պատերազմ են վարում առևտրի, տնտեսության, մեր սեփականության, մեր միջոցների զավթման, ֆինանսական կապերի արգելափակման տեսքով։ Եվ մենք պետք է հարմարվենք այս նոր իրողություններին»։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել