ԱՄՆ պետքարտուղարության զեկույց. Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ մնում է թրաֆիքինգի խնդրահարույց խմբում |aysor.am|
16:42 - 21 հունիսի, 2019

ԱՄՆ պետքարտուղարության զեկույց. Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ մնում է թրաֆիքինգի խնդրահարույց խմբում |aysor.am|

aysor.am: «Հայաստանի կառավարությունը լիովին չի համապատասխանում թրաֆիքինգի վերացման համար անհրաժեշտ նվազագույն չափանիշերին, բայց նշանակալի ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ։ Համեմատած նախորդ զեկույցի շրջանի հետ` կառավարությունը ավելի շատ ջանք գործադրելու պատրաստակամություն է դրսևորել»։

ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է Մարդկանց թրաֆիքինգի 2019թ զեկույցը, որտեղ Հայաստանը պահպանել է խնդրահարույց` երկրորդ խմբում իր տեղը։ 2019թ զեկույցի հեղինակները նշում են, որ պակասել են կառավարության տարբեր ճյուղերի ջանքերը թրաֆինքինգի զոհ դարձած մարդկանց հայտնաբերելու, նրանց աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ և ընդհանուր առմամբ հույս է դրվում շահագործման ենթարկված անձանց` ինքնաբացահայտման վրա, որի դեպքերը շատ չեն։ Համեմատած նախորդ տարիների հետ, ըստ զեկույցի հեղինակների, կառավարությունը նաև «չի դատապարտել մարդկանց շահագործման որևէ ենթարկողի և ընդհանրապես հետաքննվել են ավելի քիչ դեպքեր նախորդ տարիների հետ համեմատությամբ»։ 

Հիշեցնենք, որ նույն զեկույցների պատմության մեջ Հայաստանը գտնվել է խնդրահարույց` ռիսկային խմբերում 2002 թվականից ի վեր` սկզբում իբրև երրորդ խմբի երկիր, որից հետո կառավարությունը, ըստ տարբեր տարիների զեկույցերի, սկսել էր ավելի շատ ուշադրություն դարձնել այս խնդրին։ 2009 թվականից կառավարության աշխատանքային խումբը սկսում է ղեկավարվել փոխվարչապետ Արմեն Գևորգյանի մակարդակով` իբրև Հայաստանում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նախագահ։

Միջազգային կառույցների հետ համագործակցության արդյունքում Հայաստանը 2013-ին անցնում է երկրների առաջին, այսինքն` ամենաբարձր խումբ։

Մինչև 2018 թվականը Հայաստանը շարունակում էր մնալ բարձրագույն խմբում։ Օրինակ, ԱՄՆ Պետքարտուղարության 2017 թվականի զեկույցի հեղինակները ամրագրել էին, որ «Հայաստանի կառավարությունը լիովին համապատասխանում է թրաֆիքինգի վերացման համար առաջադրվող պահանջներին։ Կառավարությունը շարունակել է ցուցաբերել լուրջ ու շարունակական ջանքեր դիտարկվող ժամանակահատվածում»։

Մարդկանց ապօրինի շահագործման խնդիրներով զբաղվող քաղհասարակության կազմակերպությունները նույնպես մինչև 2018թ սկիզբը հրապարակել են մանրամասն զեկույցներ մարդկանց թրաֆիքինգի հարցում կառավարության ջանքերի ու արդյունքների վերաբերյալ` ըստ անհրաժեշտության քննադատելով ու ողջունելով իշխանությունների ջանքերը` մասնավորապես այդ հանցագործության զոհ դարձած մարդկանց հասարակություն վերադարձնելու առումով։

Իրավիճակը սակայն փոխվեց 2018թ հունիսի 28-ին։

ԱՄՆ Պետքարտուղարության 2018թ զեկույցում արդեն ամրագրվել էր հետընթացը. «Հայաստանի կառավարությունը լիարժեքորեն չի համապատասխանում թրաֆիքինգի վերացման մինիմալ չափանիշերին», ինչի արդյունքում զեկույցը մեր երկիրը տեղափոխել էր երկրների երկրորդ խումբ։

Նույն` երկորդ խմբում Հայաստանը շարունակում է մնալ երկրորդ տարին անընդմեջ։

Երկրորդ խմբում են հանգրվանում այն երկրները, որտեղ կառավարությունները շարունակում են ջանքեր գործադրել խնդրի հաղթահարման ուղղությամբ, բայց ունեն որոշակի լուրջ խնդիրներ ու հետևաբար հայտնվում են մշտադիտարկման տակ։ Այդպիսի երկրների օրինակ են Ադրբեջանը, Թուրքիան, ԱՄԷ, Ղազախստանը, Ղրղզստանը և այլն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել