Շնորհակալ ենք մարդկության առաջադեմ հատվածին Ցեղասպանության դատապարտման ու ժխտումը քրեականացնելու համար. Ալեն Սիմոնյանի ուղերձը
11:08 - 24 ապրիլի, 2022

Շնորհակալ ենք մարդկության առաջադեմ հատվածին Ցեղասպանության դատապարտման ու ժխտումը քրեականացնելու համար. Ալեն Սիմոնյանի ուղերձը

 ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Այս մասին հայնտում են ՀՀ Ազգային ժողովից։

Ուղերձում նշվում է. 

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ապրիլի 24-ը հայ ժողովրդի բնաջնջման ծրագիր էր, որը գլխատեց մեր ժողովրդին, փրկվածներին սփռեց աշխարհով մեկ՝ առանց վաղվա տեսլականի:

Ամեն տարի մենք ոգեկոչում ենք մեր սրբադասված 1.5 միլիոն զոհերի հիշատակը խնկարկումով եւ աղոթքներով:

Ցավոք, ցեղասպանության ճանաչումն ու սեփական պատմության ամոթալի էջերի տարատեսակ խմբագրումները շարունակում են մնալ ժամանակակից Թուրքիայի ժխտողական քաղաքականության հիմքում:  Մեկ անգամ չէ, որ համոզվել ենք՝ հանցագործության ժխտումը նոր հանցագործության երաշխիքն է:

Հրաշքով փրկվածների չընկրկող կամքի, հայրենասիրության, համառության շնորհիվ Օսմանյան կայսրության՝ հայերի բնաջնջման ծրագիրը տապալված է:

Մենք շնորհակալ ենք մարդկության առաջադեմ հատվածին Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման ու ցեղասպանության ժխտումը քրեականացնելու համար:

Ժամանակը դեր չունի պատմական արդարության վերականգնման գործում, մենք շարունակելու ենք հիշել ու հիշեցնել մեր դեմ գործած ոճիրը:

Լույս եւ խաղաղություն մեր նահատակների հոգիներին»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել