Ալեն Սիմոնյանն ընդունել է Արցախի պատվիրակությանը
15:47 - 03 հունիսի, 2022

Ալեն Սիմոնյանն ընդունել է Արցախի պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 3-ին ընդունել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Անահիտ Հակոբյանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, նախագահը ողջույնի խոսքում գոհունակություն է հայտնել Հայաստանի եւ Արցախի՝ կրթության եւ գիտության հարցերով զբաղվող համանման հանձնաժողովների միջեւ ձեւավորված սերտ համագործակցության կապակցությամբ: ՀՀ խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ այդ փոխգործակցության հիմքում կրթության ոլորտի զարգացմանը, հումանիտար հարցերի լուծմանը, օրենսդրական բարեփոխումներին, պատերազմի հետեւանքով Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում պատմամշակութային եւ հոգեւոր արժեքների  պաշտպանությանը, Արցախի ՏՏ ոլորտում իրականացվող կրթական ծրագրերին վերաբերող հարցերն են:

Կարեւորելով Արցախի գործընկերների հետ պարբերական հանդիպումները՝ Ալեն Սիմոնյանը հիշատակել է վերջին համատեղ քննարկման որոշ մանրամասներ, որոնց համաձայն՝ այսօր Ադրբեջանը փորձում է վերացնել հայկական արձանագրությունների հետքերը պատմաճարտարապետական հուշարձաններից: Օրենսդիր մարմնի ղեկավարը հավելել է, որ մեծ աշխատանք պետք է իրականացվի այս խնդիրը համաշխարհային հանրությանը ներկայացնելու առումով:

Ալեն Սիմոնյանը ներկա իրավիճակում կարեւորել է կրթության դերն ու նշանակությունը, ինչի վերաբերյալ էլ ծավալվել է հետագա քննարկումը:

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Անահիտ Հակոբյանն արժեւորել է երկկողմ համագործակցությունը բոլոր ոլորտներում, հատկապես՝ կրթության ռազմավարության ծրագրի մշակման, ոլորտի օրենսդրական բարեփոխումների, մշակութային փոխգործակցության առումով:

Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն ու հանձնաժողովի անդամներ, ԱՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության ու սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել