news.am: Այս ամիսների ընթացքում «Դիմադրություն» շարժումը լուրջ ձեռքբերումներ է ունեցել: Այս շարժումը ցույց տվեց, որ իշխանությունը չունի մանդատ ժողովրդի կողմից երկիրը նոր զիջումների տանելու: Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին՝ Ֆրանսիայի հրապարակին հարակից այգում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ, նշեց ԱԺ փոխխոսնակ իշխան Սաղաթելյանը:
«Մենք մեր առջև խնդիր ունենք օր առաջ հասնել իշխանափոխության, այդ ուղղությամբ բոլոր քայլերն արել ենք, բայց գլխավոր խնդիրը դեռ չի լուծվել: Դրա համար պետք է շարժման կառուցվածքի փոփոխություններ և մարտավարության նոր մոտեցումներ: Շարժումը պետք է տարածենք ամբողջ Հայաստանով մեկ, լինի ճյուղավորված, ունենանք մարզային կառույցներ, իր օջախները ձևավորի Արցախում և Սփյուռքում, որի բոլոր նախադրյալները կան: Պայքարը նույն թափով, ավելի ընդլայնելով պետք է շարունակենք, մինչև հասնենք հաղթանակի: Մենք երկու օր առաջ ներկայացրել ենք ոչ թե դադար վերցնելու, այլ շարժումն ընդլայնելու ծրագիր և այդ աշխատանքները մեկնարկել են»,- ասաց նա:
Անդրադառնալով Ֆրանսիայի հրապարակից վրանները հանելուն՝ Սաղաթելյանն ասաց. «Շարժումը վրանների համար չէր, վրաններն էին շարժման համար: Մենք որոշում կայացրինք, որ հրապարակում ստեղծենք դիմադրության առաջին օջախը, այս հրապարակից կազմակերպենք պայքարը, դրա համար պետք էր ունենալ վրանային ավանը, որը ստեղծեցինք: Հսկայական արդյունք ենք ունեցել՝ այդ վրանները տեղադրելով և պայքարը կազմակերպելով: Եկել էր մի պահ, որ մենք պետք է գնահատեինք ստեղծված իրավիճակը և վրանների արդյունավետության հարցը:
Լինում են պահեր, երբ գալիս է ծանր որոշումներ ընդունելու հարցը: Մեր խնդիրը այս պայքարը արդյունավետ կազմակերպելն է և վերջնական արդյունքին հասցնելը: Մեզ համար հեշտ չէր այդ որոշումն ընդունելը, բայց մենք պատասխանատու ենք այս շարժման վերջնարդյունքի համար: Մենք կարող էինք մեր մի քանի հարյուր քաղաքացիների հետ պահել հրապարակը, 30-40 աստիճան արևի տակ վատնել մեր ռեսուրսը»,- ասաց նա:
Սաղաթելյանը նաև հավելեց, որ իրենք որոշում ընդունելիս մտածել են ոչ թե իրենց վարկանիշի մասին, այլ արդյունքների. «Մենք գիտեինք՝ ինչ է սպասվում: բայց ես վստահեցնում եմ, որ 1-2 օր հետո այն քաղաքացիները, որոնք անկեղծորեն մտահոգված էին, որ վրանները հանելուց հետո պայքարը կարող է թուլանալ, կհամոզվեն հակառակում: Պայքարի արդյունավետությունը պայմանավորված չէ վրաններով»,- ընդգցեց ԱԺ փոխխոսնակը:
comment.count (0)